ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր, ինչպես և տասնամյակներ շարունակ, մենք ոգեկոչում ենք Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում միլիոն ու կես նահատակներին, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դարձան Օսմանյան կայսրության իշխանությունների հանցավոր քաղաքականության զոհը։
106 տարի առաջ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության ձեռքերով և մտահղացմամբ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Տեղի ունեցածն այն օրերին մեծ տերությունների կողմից որակվեց որպես մարդկության և մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն։ Հազարամյակներ էլ անցնեն, մենք՝ հայերս, շարունակելու ենք հիշել և աշխարհին թույլ չենք տալու մոռանալ, որ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվեց և մահվան դատապարտվեց արևմտահայ մտավորականության սերուցքը։ Գլխատվեց ժողովրդի մտավոր, հոգևոր և մշակութային վերնախավը: Հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանում ապրելու իրավունքից։ Նա ենթարկվեց զանգվածային կոտորածների և դուրս շպրտվեց իր հայրենիքից՝ կրելով անմարդկային տառապանքներ և նախադեպը չունեցող ծավալի կորուստներ: Գնահատման ենթակա չէին և անվերականգնելի մեր ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգությանը հասցված վնասները։
Մեզ հետ միասին հայրենիքից զրկվեցին նաև պոնտոսցի հույները, ասորիներն ու եզդիները։ Հայերիս համար եղբայրական այդ ժողովուրդները ևս ենթարկվեցին բնաջնջման՝ զրկվելով իրենց հարազատ վայրերում ապրելու իրավունքից։
Ովքե՞ր էին այդ սարսափելի հանցագործությունների մեղավորները, ովքե՞ր էին դրա պատասխանատուները։ Պատասխանը միանշանակ է․ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը՝ թուրքիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ և ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատյացության և ազգային ու կրոնական փոքրամասնություններից ազատվելու գաղափարը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի նացիստական կուսակցության ղեկավարմամբ իրականացվեց հրեա ժողովրդի ցեղասպանությունը։ Հոլոքոստի զոհ դարձավ վեց միլիոն հրեա: Պատերազմից հետո ոճրագործները կանգնեցին արդարադատության առջև և կրեցին արժանի պատիժ։ Դատապարտվեց նաև այն գաղափարախոսությունը, որով առաջնորդվում էին ցեղասպանները։ Նացիզմն արդարացիորեն դրոշմվեց որպես հանցավոր գաղափարախոսություն, և այսօր որևէ մեկն աշխարհում չի համարձակվում որևէ բան ասել ի պաշտպանություն դրա։
Պատմական հանգամանքների բերումով նույնը, սակայն, տեղի չունեցավ Հայոց ցեղասպանության պարագայում։ Նախ, անցած դարի առաջին կեսին դեռևս մշակված չէին արդարադատության այնպիսի մեխանիզմներ, որոնք պատասխանատվության կկանչեին պետության կողմից կատարված նման ահռելի ոճրագործությունների համար։ Անգամ ցեղասպանություն եզրույթը գոյություն չուներ։
Ավելին, հայ ժողովուրդը զրկված էր իր դատը հետապնդելու հնարավորությունից։ Ցեղասպանությանը հաջորդած առաջին տասնամյակներին Սփյուռքի ձայնը դեռ բավականաչափ լսելի չէր. նա դեռ նոր էր ամոքում իր վերքերը և ոտքի կանգնեցնում ազգային կառույցները։ Իսկ Խորհրդային Հայաստանը մինչև Հայրենական մեծ պատերազմի ավարտը առհասարակ զրկված էր հարցին հետամուտ լինելու հնարավորությունից։
Հայկական Սփյուռքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարողացավ լսելի դարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տասն-ամյակներին։ Սակայն այդ ժամանակաշրջանում, երբ աշխարհը երկբևեռ էր, պանթյուրքիզմը համարվում էր պատմական անցյալ։ Հայոց ցեղասպանությունը և այն ծնած գաղափարախոսությունը մնացին անպատիժ։ Իսկ անպատիժ մնացած հանցագործությունները և դրանց սնած գաղափարախոսություններն ունեն կրկնվելու և վերստին ի հայտ գալու սովորություն:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսևորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների կատարմամբ։
Ո՞րը պետք է լինի մեր պատասխանն այդ նեոպանթյուրքիստական սպառնալիքին։ Միայն ու միայն ամուր, ժամանակակից և հզոր դաշնակիցներ ունեցող Հայաստանը, որը կառուցված կլինի ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների վրա։ Միաժամանակ, անհերքելի է, որ միայն հանցագործության դատապարտումն է կասեցնում ապագայի նոր ոճրագործությունները, և մենք բարձր ենք գնահատում և կարևորում աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Ասվածը, սակայն, որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես տարածաշրջանային երկխոսության ժխտում։ Մենք պատրաստ ենք դրան: Սակայն մեր պատկերացրած երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից։ Այն կարող է տեղի ունենալ միայն իրավահավասարության սկզբունքով: Մենք երբևէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը, և թող որևէ մեկը չկարծի, որ որևէ հայ, Հայաստանի կամ Սփյուռքի որևէ քաղաքական հոսանք երբևէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը և կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից։ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները:
Սիրելի հայրենակիցներ,
Ապրիլի 24-ը մեր ազգի, մեր ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտորելու ամենապարտադրող պահն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենապատեհ առիթը: Կարևորագույն հետևությունը, որ կարելի է անել դրանից, հետևյալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դրա վառ ապացույցն էր: Միայն առաջատար տնտեսություն, արդիական անվտանգային և քաղաքական համակարգ ունեցող Հայաստանը, որն իր շուրջը կհամախմբի ողջ հայությանը, կարող է դիմակայել այդ մարտահրավերներին»: