ԵՐԳԵԼՈՎ ԱՌԱՋՆԱԳԻԾ ՄԵԿՆԱԾ ՀԵՐՈՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերօրյա անմահ հերոս Ժուդեքս Յազիչյանը, որը «Իքս ֆակտոր» հայտնի նախագծից աչքի էր ընկել իր ձայնային տվյալներով, առաջնագիծ էր մեկնել հաղթական երգով եւ ոգով:

 

ArmLur.am-ը այցելել է Ժուդեքսի բնակարան, նրա հերոսական կերպարի մասին զրուցել է մայրիկի եւ հարազատների հետ:  Ժուդեքսը պահեստազորային էր, զոհվել է նոյեմբերի 17-ին Հադրութի համար մղվող թեժ մարտերից մեկում, իսկ հարազատները հերոսի մարմինը գտել են նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 22-ին:

«Տղաս աշխատում էր Քարֆուրում, պավեստկա է եկել, արագ աշխատանքից եկել է տուն եւ գնացել  ճակատ: Մոտեցա, ասացի. «Ժուդե՛քս ջան, ո՞ւր ես գնում»: Ասաց. «Մա՛մ ջան, դու հանգիստ եղի՛ր, գնում եմ կռիվ»: 2016 թվականի ապրիլյան պատերազմին էլ այդպես ոգեւորությամբ կրկին մեկնեց առաջնագիծ, հիմա էլ: Գնալուց առաջ, երբ տեսավ, թե ինչքան եմ անհանգստանում, ասաց. «Մա՛մ ջան, դու մի՛ անհանգստացիր, ամեն ինչ լավ է լինելու. եթե մենք բոլորս չգնանք, բա ո՞վ է պետք է մեր տունն ու հողը պաշտպանի»: Հոկտեմբերի 11-ին թույլ էին տվել գալ տուն՝ հարազատներին տեսնելու: Երբ եկավ, մորուքն ավելի էր շատացել, փոքր տղաս ասաց. «Ապե՛ր, ոնց որ Մոնթեն լինես, խնդրում եմ, էլի արի, էլ հետ մի գնա»: Եղբոր խոսքերից նեղելով՝ բարկացավ, ասաց. «Ես փախնող տղա չեմ. եթե փախնող լինեի, արդեն կփախնեի»: Այդպես գնաց, մինչեւ հոկտեմբերի 16-ը իրենից լուր ենք ունեցել, մեզ հետ կապի մեջ է եղել, դրանից հետո էլ լուր չեն ունեցել մինչեւ իր ծննդյան օրը, երբ իր դին բերեցին»,- պատմում է մայրը:

Հերոսի մոր խոսքով՝ որդու հետ վերջին խոսակցության ժամանակ նրա ձայնի մեջ տագնապ է նկատել, որը ամեն ձեւով որդին փորձել է թաքցնել, բայց մոր սիրտն ամեն բան զգում է:

«Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Կարմիր Շուկայի տարածքում շատ ուժեղ «բոյ» է եղել, եւ իմ տղան զոհվել է: Ամսի 19-ին փոքր տղաս մեկնել էր Արցախ, բայց ոչ մի լուր չէր կարողացել իմանալ: Հետո իմացանք, որ վիրավոր է, մեզ ասել էին, թե կանտուզիա է ստացել, իսկ արդեն 22-ին՝ իր ծննդյան օրը, իրեն գտանք Վեդիից»,- ասում է նա:

Ինչպես հարազատներն են նշում, Ժուդեքսն իր անվան նման յուրահատուկ եւ բացառիկ մարդ էր: Տաղանդավոր երիտասարդը շատ լավ երգում էր, նկարում, բազմաշնորհ էր իր ձեռնարկած ամեն գործում:

«Սովորել է Երգի պետական թատրոնում, շատ լավ նկարում էր, տան ամեն անկյունն իր ձեռքի աշխատանքներն են, շատ էր սիրում նկարել, սիրում էր ծաղիկներ խնամել, հատուկ ձեռք ուներ, ինչի դիպչում էր, կանաչում էր: Իմ մտքով երբեք չի անցել, որ իմ Ժուդեքի հետ վատ բան կպատահի. այնքա՜ն անշառ տղա էր, այնքա՜ն սիրված բոլորի կողմից, մի անգամ չի տրտնջացել, մի անգամ առանց մամ ջան ասելու չի խոսել, չգիտեմ, թե ինչու նման բան եղավ իմ որդու հետ: Ես երբեք չեմ հաշտվի այդ մտքի հետ. ինքը կա, ապրում է իմ մեջ: Ես բոլոր մեր զոհերի համար եմ ափսոսում, չպետք է նման բան լիներ, չպետք է…»,- հառաչելով եզրափակում է հերոսի մայրը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԲԱՑԱՌՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը անամոթություն կամ գիտակցված ապատեղեկատվություն է համարում մամուլում եւ համացանցում տարածված այն լուրերը, թե, իր հորդորով, Կամերային թատրոնում չեղարկվել է «Նազա՛ր, Նազա՛ր մինչեւ վերջ» ներկայացումը, իսկ Ռուսական թատրոնում՝ «Անմարդկային կատակերգություն» դրաման:

 

Արա Խզմալյանն ասել է. «Եկել եմ ոլորտից, եկել եմ՝ զուտ մասնագիտական չափանիշներից ու նկատառումներից ելնելով, ու կվերադառնամ այդ ոլորտ: Ես ոլորտի ներկայացուցիչն եմ կառավարությունում: Ինձ ճանաչող մարդիկ դժվար կպատկերացնեն մի պրոցես, երբ վերցնում եմ հեռախոսն ու քաղաքական ենթատեքստի պատճառով որեւէ ներկայացում չեղարկում: Դրա մեխանիզմն էլ չկա»:

Անդրադառնալով «Նազա՛ր, Նազա՛ր մինչեւ վերջ» ներկայացմանը՝ Խզմալյանը հիշեցրել է, որ Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանն արդեն հերքել է այն լուրը, թե ՀՀ կառավարությունից արգելել են խաղալ այն: «Երնջակյանը նշել է, որ բեմադրությունը խաղացանկում է, պարզապես Հրանտ Թոխատյանը գործուղման է մեկնել արտասահման, այդ պատճառով դեռ չեն խաղում: Նույնիսկ նյութն այն մասին, թե, իբր, ես արգելել եմ ներկայացումը: Ինձ ուղարկել է Լուսինե Երնջակյանը, նրանից եմ իմացել, որ նման խոսակցություն կա»,- ընդգծել է Խզմալյանը:

Նախարարի տեղակալը բացառում է քաղաքական նպատակներով ներկայացման չեղարկումն ու շեշտում, որ ավելի շուտ կհրաժարվի իր զբաղեցրած պաշտոնից, քան իրեն թույլ կտա կաշկանդելու ստեղծագործական ազատությունը, եթե դա ստեղծագործական ազատություն է: «Ցավոք սրտի, ազատություն ասելով՝ մենք հասկանում ենք ամենաստոր  հայհոյախոսությունը, արվեստի եւ մասնագիտության հետ կապ չունեցող հայհոյախոսությունը: Այո՛, պետական կառույցների տնօրենները պետք է պատասխանատվություն կրեն այն բովանդակության համար, որը  ներկայացվում է իրենց բեմերում, նրանք պետք է պատասխանատվություն կրեն որակի, չափի ու չափանիշի տեսակետից, ոչ թե քաղաքական առումով»,- շեշտել է Խզմալյանն ու հավելել, որ Օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ՀՀ վարչապետի հրաժարականի հայտարարության տակ է ստորագրել, ընդդիմադիր հայացքներ ունեն նաեւ դիրիժորն ու թատրոնի այլ ներկայացուցիչներ, սակայն իրենք շարունակում են համագործակցել:

«Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը նույնպես ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի, բայց թատրոնը շարունակվում է կառուցվել այս իշխանության օրոք: Այնպես որ, այս մեղադրանքներն անհիմն են, անլուրջ ու անամոթ»,-եզրափակել է Արա Խզմալյանը:

 

 

 

ԱՂՅՈՒՍԱԿԸ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան ներկայացրել է վարկանիշային թարմացված աղյուսակը: Առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, իսկ իսպանացի Ռաֆայել Նադալը Բարսելոնայի մրցաշարի հաղթողի տիտղոսը 12-րդ անգամ նվաճելուց հետո շրջանցել է ռուս Դանիիլ Մեդվեդեւին եւ բարձացել երկրորդ տեղ: Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պահպանել է 23-րդ տեղը: Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը Կանանց թենիսի ասոցիացիայի դասակարգման աղյուսակում նահանջել է 9 աստիճան եւ հայտնվել 98-րդ տեղում: Առաջին ռակետի կոչումը պահպանել է ավստրալուհի Էշլի Բարթին: Ճապոնացի Նաոմի Օսական երկրորդն է, իսկ ռումինացի Սիմոնա Հալեպը եզրափակում է լավագույն եռյակը:

 

ՈՒԺԵՂ Է ԳՏՆՎԵԼ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» տանը 117:113 հաշվով ուժեղ է գտնվել «Սակրամենտոյից»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ստեֆեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 37 միավոր: 33-ամյա ամերիկացին գրանցել է 7 դիպուկ 3 միավորանոց նետում եւ սահմանել ռեկորդ: Նա մեկ օրացուցային ամսում 85 դիպուկ 3 միավորանոց նետում է գրանցել, ինչը ռեկորդային ցուցանիշ է NBA-ում: Նախորդ ռեկորդակիրն էր Ջեյմս Հարդենը, որը 2019-ին մեկ ամսում 82 դիպուկ 3 միավորանոց էր գրանցել «Հյուսթոնի» կազմում:  Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

 




Լրահոս