«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների եւ քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող տարբեր անձանց կողմից այդ խմբավորմանը մասնակցելու դեպքեր:

 

Բացահայտված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում 2021թ. մայիսի 5-ին հարուցված քրեական գործով 2021թ. մայիսի 7-ին ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների կողմից կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է «օրենքով գողը»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը:

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում, այսպես կոչված, «զոն նայողի» գործառույթներն իրականացրել են նույն հիմնարկում պահվող «քրեական հեղինակություն»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Ա.Ա.» մականվամբ եւ «Կ.Հ.» մականվամբ հայտնի «քրեական հեղինակություն»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք։ Իսկ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այդ գործառույթները ստանձնել է «Պ.» մականվամբ հայտնի «քրեական հեղինակությունը»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը։ Նրանք, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած եւ ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, համարվելով հեղինակություն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման համար տվել են հրահանգներ, ինչպես նաեւ կազմակերպել եւ իրականացրել են դրամական միջոցների հավաքագրում, տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը եւ կատարել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ՝ այդկերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:

Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացմանն ուղղված հանձնարարություններ տալու միջոցով այդ խմբավորումը ղեկավարելու վերաբերյալ:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող «Ն.Ն.» եւ «Վ.» մականուններով հայտնի անձանց տեղափոխելուց հետո՝ 2020թ. մարտ ամսից սկսած, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթներն իրականացրել է նույն հիմնարկում պահվող «Կ.Հ.» մականվամբ հայտնի «քրեական հեղինակությունը»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը։ Վերջինս այդ ընթացքում զբաղվել է դրամահավաքով՝ այդ մասին վարելով համապատասխան ցուցակներ եւ գումարային շարժի մասին «հաշվետվություն» ներկայացնելով «օրենքով գողերի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, հավաքված գումարները ծախսելով դատապարտյալների եւ կալանավորների ընդհանուր կարիքների համար, մասնաբաժին փոխանցելով նաեւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց:

«Օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Շ. Ժ.» մականվամբ հայտնի անձը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող, «քրեական հեղինակություն»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Ա.-ին նախ հանձնարարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ընդունված վարքագծի կանոններին համապատասխան ծեծի ենթարկելու միջոցով պատժել հիմնարկում պահվող կալանավորված անձին, իսկ այնուհետեւ իր հանձնարարությունը չկատարելու համար նախաձեռնել է իր հանձնարարությունը չկատարած հիշյալ այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող անձին փոխարինելու գործընթաց։ Այդ նպատակով նա հանձնարարել է «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երրորդ մասնաշենքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել: Այդ հանձնարարության կատարմանը «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքի «զոն նայող» Ա.Բ.-ին, որը երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պ.» մականվամբ անձի թեկնածությունը, որը ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթները եւ 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի եւ այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում պահվող կալանավորված եւ դատապարտված անձանց, նույն մասնաշենքում պահվող կալանավորված եւ դատապարտված անձանց հանձնարարել է անկարգություններ իրականացնել:

 

 

 

ԿՈՉ՝ ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Կանադայի արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է օրերս Ադրբեջանի կողմից 3 հայ գերիների ազատ արձակման թեմային:

 

«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման առանցքային քայլ է: Կանադան շարունակում է կոչ անել ազատ արձակել բոլոր պահվող անձանց»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ ավելի վաղ նմանաբնույթ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիենկենը:

«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող երեք հայ անձանց ազատ արձակումը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ ամբողջությամբ եւ արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների եւ մնացած անձանց փոխանակման գործընթացը եւ հարգել պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու իրենց պարտավորությունները»,- շեշտել էր Բլինկենը: Հիշեցնենք, որ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվն ընդհանուր առմամբ հասել է 72-ի: Հայկական կողմի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում անազատության մեջ շարունակում է մնալ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ:

 

 

ԾՆՆԴԿԱՆ Է ՄԱՀԱՑԵԼ

Երեւանում մայիսի 6-ին 30-ամյա ծննդկան է մահացել: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Մ.Մ.-ի երկրորդ հղիությունն էր: Կնոջ մոտ ծանր պրեէկլամպսիա էր ախտորոշվել, եւ հղիությունը վարող մասնագետները որոշել էին 36 շաբաթական ժամկետում կեսարյան հատում իրականացնել՝ մորը եւ պտղին փրկելու համար, սակայն կնոջ կյանքը փրկել չհաջողվեց: Նորածին երեխան այս պահի դրությամբ իրեն լավ է զգում: Նշենք, որ պրեէկլամպսիան հղիության ժամանակ հանդիպող վտանգավոր վիճակ է, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով եւ հաճախ մեզում սպիտակուցի զգալի քանակությամբ։ Սովորաբար այս ախտորոշումը դրվում է հղիության 20-րդ շաբաթվանից հետո։ Հիվանդության ծանր ձեւերի ժամանակ կարող է առաջանալ արյան կարմիր բջիջների քայքայում, թրոմբոցիտների քանակի նվազում, լյարդի ֆունկցիայի ընկճում, երիկամների դիսֆունկցիա, այտուց, հեւոց՝ թոքերում հեղուկի կուտակման հետեւանքով, տեսողության խանգարումներ։ Պրեէկլամպսիան վտանգավոր բարդություն է, որը կարող է հանգեցնել թե՛ մոր, թե՛ պտղի մահվան:

 

 

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՏԱՆ

2020թ. արձանագրված դեպքերով հաջողվել է վերադարձնել 14 մլրդ դրամը գերազանցող գումար: Այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս երեք տարիների ընթացքում նախկինում թալանվածի ամենամեծ վերադարձը որն է եղել: «Մենք տարբերություն չենք դնում ոչ մի դեպքի մեջ՝ մեծ, փոքր, բոլորով էլ իրականացնում ենք մեր աշխատանքը»,- ասել է նա: Այն հարցին, թե դավաճանության կամ լրտեսության մեղադրանքով անցնում են արդյոք գործող կամ նախկին պաշտոնատար անձինք, նա պատասխանել է. «Նախկին զինծառայող է անցնում, շարքային չէ, բայց զինծառայող է: Դավաճանության հետ կապված մեկ քրգործ արդեն ավարտվել եւ ուղարկվել է դատարան: Այն գործերը, որոնք նախաքննության փուլում են, ճիշտ չի լինի հրապարակումներ անել»: Ինչ վերաբերում է նրան, թե այդ դավաճանության դեպքերը որքանով են ազդել պատերազմի արդյունքի վրա, Արթուր Դավթյանն ասել է. «Վաղ է, որպեսզի ես ամեն մի կոնկրետ դեպքը կարողանամ գնահատել պատերազմի վերջնական արդյունքի վրա ազդեցության առումով: Շուրջ 1650 քրգործեր են քննվում: Երբ դրանցով կունենանք իրավական գնահատականներ, մենք անդրադառնալու ենք նաեւ դրանց ազդեցությանը պատերազմի ելքի վրա»:




Լրահոս