ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետեւ նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում պահանջելու կամ առանց նման պահանջի դեպքերը: Դատախազությունից հայտնում են՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ. եւ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում միայն Երեւան քաղաքում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության 306 դեպք: Արձանագրված դեպքերից 261-ով որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, ընդ որում՝ դրանցից 235-ը՝ հանցակազմի բացակայության, 17-ը՝ հանցադեպի բացակայության, 9-ը՝ դիմողի բողոքի բացակայության հիմքերով, իսկ 3 դեպքով նյութերի նախապատրաստումն այդ պահին եղել է ընթացքի մեջ:

 

Արձանագրված 306 դեպքերից քրեական գործեր են հարուցվել միայն 42-ով, այն էլ այն դեպքում, երբ հափշտակված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում է պահանջվել: Ըստ այդմ՝ 41 գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով:

Արձանագրված դեպքերի համեմատ քիչ թվով քրեական գործեր հարուցվելու հանգամանքը պայմանավորված է գործնականում տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության որակման հարցի շուրջ առկա տարակարծություններով: Մասնավորապես՝ քրեական գործեր չեն հարուցվում այն հիմնավորմամբ, որ հաշվառման համարանիշները հափշտակության առարկա չեն հանդիսանում, քանի որ իրենցից որեւէ արժեք չեն ներկայացնում, մինչդեռ հափշտակության առարկա կարող են հանդիսանալ ցանկացած տեսքով ապրանքանյութական արժեքները, որոնք ունեն արժեքի տնտեսական հատկանիշ: Մինչդեռ ակնհայտ է, որ հիշյալ արարքների կատարմամբ բոլոր դեպքերում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը պատճառվում է նյութական վնաս, քանի որ վերջինս հափշտակված համարանիշը ձեռք բերելու համար վճարել է գումար, որը առավել մեծ պահանջարկ ունեցող համարանիշների դեպքում կարող է հասնել մինչեւ 8 միլիոն ՀՀ դրամի: Տվյալ դեպքում, հաշվի առնելով համարանիշի վերականգնման նորմատիվ իրավական ակտերով սահմանված արգելքը, որպես վնաս կարող է դիտարկվել միայն դրա վերականգման համար վճարվելիք գումարը, այն է՝ պետական տուրքը:

Բացի այդ, արարքի որակման առումով որոշակի բարդություն են ներկայացնում նաեւ այն դեպքերը, երբ հաշվառման համարանիշները հափշտակելուց հետո հանցագործները ավտոմեքենաների վրա թողնում են իրենց հետ կապ հաստատելու համար տվյալներ, որից հետո ավտոմեքենաների սեփականատերերին ներկայացնում են պահանջ՝ որոշակի գումար վճարելու դեպքում դրանք վերադարձնելու մասին:  Թեեւ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ շորթման դեպքում սպառնալիքը կարող է լինել նաեւ քողարկված, եւ տվյալ դեպքում այն կարող ենք դիտարկել որպես սպառնալիք՝ ուղղված գույքի՝ համարանիշի ոչնչացմանը, սակայն քիչ չեն դեպքերը, երբ համարանիշները հայտնաբերվում են դեպքից անմիջապես հետո: Այդ պայմաններում առաջ է գալիս սպառնալիքի իրական լինելու հանգամանքի գնահատման խնդիր:

Այս պայմաններում շարունակվող դեպքերը, բացի համարանիշների սեփականատերերին վնաս պատճառելուց, նպաստավոր պայմաններ են ստեղծում նաեւ այդ համարանիշները այլ՝ առավել վտանգավոր հանցագործությունների կատարման ժամանակ օգտագործելու համար: Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկություն՝  տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկաների շարքում նախատեսելու եւ հիշյալ հոդվածի շրջանակներում դրա հափշտակության համար քրեական պատասխանատվություն սահմանելու համար: Հաշվի առնելով, որ գործնականում քիչ չեն տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշների շորթման դեպքերը՝ առաջարկվում է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածում նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմի դրսեւորումների շարքում նախատեսել նաեւ շորթումը:

Բացի այդ, ելնելով նրանից, որ համարանիշների նկատմամբ կատարվող ոտնձգությունների արդյունքում երբեմն դրանց սեփականատիրոջը պատճառվում է խոշոր՝  մինչեւ 8 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս, եւ  չբացառելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի մյուս առարկաների դեմ ոտնձգությունների արդյունքում եւս կարող է տուժողին պատճառվել խոշոր վնաս՝ դատախազությունն առաջարկել է որպես ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածում նախատեսված հանցանքների ծանրացնող հանգամանք նախատեսել հիշյալ արարքների կատարումը, որոնցով պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր վնաս:

Դատախազության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխության ընդունման դեպքում ակնկալվում է ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի շրջանակներում քրեական պատասխանատվություն սահմանել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության, ինչպես նաեւ շորթման համար: Արդյունքում հիշյալ հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը կդառնա առավել թիրախային, կապահովվի իրավական որոշակիությունը եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը:

 

 

 

ԻՆՔՆԱՁԻԳ՝ ԲԱԳՐԵՎԱՆԴ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Բագրեւանդ փողոցի 20 հասցեի դիմացի խոտածածկ տարածքում հայտնաբերել են «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ եւ դատարկ պահուստատուփ։

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ կան կասկածներ, որ նշված ինքնաձիգով է արդեն հետախուզման մեջ գտնվող Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոբերտ Անդրանիկյանը կրակոցներ արձակել եւ սպանել Ավստրիայի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա Հովհաննես Մկրտչյանին եւ հրազենային վնասվածքներ պատճառել նրա եղբորը՝ նույնպես Ավստրիայի Հանրապետության քաղաքացի, 39-ամյա Կարեն Մկրտչյանին։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական եւ մատնադրոշմային փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների  քննչական բաժնում սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերք պահելու, օգտագործելու  փաստով հարուցված քրեական գործի շրջանակում նոր մանրամասներ էին ի հայտ եկել: Նշված քրգործը հարուցվել էր մայիսի 8-ին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում Ավստրիայի Հանրապետության քաղաքացի, 39-ամյա Կարեն Մկրտչյանին հրազենային վնասվածք պատճառելու, իսկ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանին՝ հրազենային մահացու վնասվածք հասցնելու փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաչության, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել էին ենթադրյալ կասկածյալի ինքնությունը: Նա սպանության վայրի շենքերից մեկի բնակիչ, 31-ամյա Ռոբերտ Ա.-ն է, որը վիճաբանություն էր ունեցել Հ. եւ Կ. Մկրտչյանների հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել եղբայրների ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռոբերտ Ա.-ն Մասիվում հայտնի քրեական հեղինակություններից մեկի սանիկն է, իսկ սպանության վայրում հայտնաբերված Mercedes-ը եղբայրները ավտոմեքենաների վարձույթի սրահից էին վերցրել:

 

 

 

3 ԱՆՁԻ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է 2020թ. ապրիլի 28-ին Գավառում երկու անձի սպանության եւ վեց անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Ըստ հաղորդագրության՝ կատարված միջոցառումների արդյունքում պարզվել են Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները, շարժառիթը, անհատականացվել միջադեպին մասնակից անձանց գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ: Կոմիտեն նշում է, որ քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ միջադեպից օրեր առաջ՝ 2020թ. մարտի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գավառի բնակիչ, դեպքի պահին դեռեւս 18-ը չլրացած երիտասարդը մի խումբ անձանց հետ նախկինում ունեցած տարաձայնությունների հետ կապված հարցերի պարզաբանման ժամանակ ծեծի է ենթարկել Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա երիտասարդին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ինչպես նշվում է հայտարարությունում, ծեծի ենթարկողներից վրեժխնդիր լինելու նպատակով վերջինիս հայրը ազգականի, համագյուղացիների, կողմնակիցների եւ ինքնությունները դեռեւս չպարզված անձանց հետ ապօրինի կերպով ձեռք բերած հրազեններով 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում հանդիպել է որդուն ծեծի ենթարկած երիտասարդի՝ հրազենով զինված հորեղբորը եւ նրանց մտերիմների հետ, որի ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Երկու անձի պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, եւս վեցին՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդի հորեղբորը մեղադրանք է առաջադրվել՝ սպանության եւ ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իսկ նորատուսցի երիտասարդի հորը եւ ազգականին՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք ձեռք բերելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Գործով դեռեւս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է. հայտնում է Քննչական կոմիտեն:

 

 




Լրահոս