Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է. «ՀՀ իշխանության մարմիններին, որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, զգուշացնում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը՝ առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, քանի դեռ կան առնվազն այս պայմանները`
1) ադրբեջանական բարձրագույն իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել, այլ ավելի են խորացրել հայատյացության ու ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականությունը Հայաստանի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ,
2) նույն սկզբունքով Ադրբեջանի նախագահն անընդհատ սպառնալիքների լեզվով է խոսում մեր երկրի ու ողջ բնակչության մասին,
3) ադրբեջանական իշխանությունները դիտավորությամբ շարունակում են հոգեկան տառապանքներ պատճառել հայկական կողմի գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, խախտել գերիների իրավունքները` նրանց իրական թիվը չհրապարակելով ու հայրենիք չվերադարձնելով,
4) պատերազմի ընթացքում հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների կրկնվելու իրական վտանգը վերացած չէ, իսկ տեղի ունեցածի համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել,
5) ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկա են ՀՀ ինքնիշխան տարածքում` Գեղարքունիքում եւ Սյունիքում` խաթարելով հայաստանյան հասարակության հոգեկան անդորրը,
6) Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հարեւանությամբ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են կոպիտ խախտել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները (զենքի ցուցադրումով սպառնալիքներ ՀՀ քաղաքացիներին` հովիվներին, մարդիկ զրկված են իրենց հողատարածքներից ռի արոտավայրերից օգտվելու հնարավորությունից, պարբերական կրակոցներ ՀՀ գյուղերի հարեւանությամբ եւ այլն),
7) Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին արձանագրվում են իրավունքների կոպիտ խախտումներ ու սադրանքներ (Գորիսից Կապան ճանապարհին քարերով ՀՀ քաղաքացիական մեքենային հարվածելը, Արավուսի հովիվին քաշքշելն ու աչքին հարվածելը, Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը ադրբեջանական մեքենայով փակելը, ՀՀ սահմանային բնակիչների` ադրբեջանական վերահսկողության ներքո տարածքներ անցած կենդանիներին չվերադարձնելը եւ այլ միջադեպեր): Այդ ճանապարհներին ադրբեջանական ցուցանակների ու դրոշների, զինվորականների տեղակայումով շարունակաբար խախտվում են ՀՀ քաղաքացիների իրավունքները (հոգեբանական լարվածություն ու ահաբեկելու նպատակ, մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակում եւ այլն):
Հատուկ նշում` սահմանազատումն, առհասարակ, ցանկացած երկրի համար ունի հիմնարար կարեւորություն: Դա նաեւ մարդու իրավունքների երաշխիք է:
Բայց սահմանազատումը կարող է տեւել տարիներ, եթե ոչ տասնյակ տարիներ, իսկ քանի դեռ կան թվարկված պայմանները, ՀՀ սահմանային բնակիչների, ՀՀ քաղաքացիների իրավունքների իրական երաշխավորման հրատապությունը պահանջում է Ադբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով, Գեղարքունիքի ու Սյունիքի շուրջ անվտանգության գոտու ստեղծում:
Այսինքն` սահմանազատումը կարելի է իրականացրել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ:
ՀՀ քաղաքացիների ու նախեւառաջ սահմանային բնակիչների խաթարված բնականոն կյանքը, իրավունքները նվազագույն պայմաններով վերականգնելու համար ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու ցուցակները պետք է հեռացվեն ՀՀ գյուղերի հարեւանությունից ու համայնքների միջեւ ճանապարհներից, հակառակ պարագայում միայն սահմանազատման գործընթացը չի ապահովելու հետապնդվող նպատակը, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը: Միայն սահմանազատումն այդ պարագայում կուղեկցվի ՀՀ քաղաքացիների ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքների նոր խախտումներով ու հասարակությունում լարվածությամբ: Դա իր հերթին խաթարելու է խաղաղության ու մարդկանց անվտանգության հեռանկարները տարածաշրջանում»:
ՑՈՒՑԱԿՆ ԱՐԴԵՆ ԿԱԶՄՎԱԾ Է
ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների կողմից ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակն արդեն կազմված է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ցուցակի միչեւ 70-րդ համարն արդեն պատրաստ է, իսկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այս օրերին հանդիպում է իր թիմակիցների հետ, որոնք ցուցակում չեն լինելու, բայց պետք է ձայն բերեն: ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն հստակ է, որ ցուցակի 13-րդ համարում կլինի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադիի) որդին, իսկ հայրն էլ շատ ակտիվորեն կաշխատի ձայներ բերելու համար: Մենք տեղեկացանք նաեւ, որ արդեն հստակեցվել է այն հարցը, որ ցուցակում չի լինելու նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ), բայց վերջինս կրկին Սերժ Սարգսյանի հրահանգով ակտիվորեն կաշխատի մարզում ձայներ ապահովելու համար: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ, այս պահից սկսած, Գրիգորյանն արդեն լծվել է այդ գործին: ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանի փեսան եւս լինելու է «Պատիվ ունեմ» դաշինքում:
Ցուցակի առաջին եռյակը լինելու է հետեւյալ դասավորությամբ՝ «Հարներիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյան, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան եւ ՀՀԿ-ական Աննա Մկրտչյան: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է ՀՀԿ-ի երիտթեւին ցուցակում ներառելու համար, ու այդ կոնտեքստում էլ ցուցակի 5-րդ համարը հատկացվել է ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանին: «Հայրենիք» կուսակցությանը նոր անդամագրված նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը եւ Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը եւս լինելու են նախընտրական ցուցակում՝ 9 եւ 12-րդ համարների ներքո:
Ըստ մեր տեղեկությունների՝ 20-րդ համարից հետո կընդգրկվեն նաեւ ՀՀԿ-ական կարկառուն դեմքերը, որոնց թվում են Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը:
ՏԱՔ ՕԴԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄ
Հայաստանում մայիսի 21-ին սպասվում է օդերեւութաբանական պատմական երեւույթ։ Արաբական անապատներից արեւադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն մայիսի 19-ից սկսած մինչեւ մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով՝ մայիսի 21-ին հասնելով ռեկորդային ցուցանիշների։ Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով։
ՀԱՅՑԸ ԱՐԽԻՎԱՑԵԼ Է
Տավուշի նախկին մարզպետ, ներկայումս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հայց էր ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու եւ որպես պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում 1 ՀՀ դրամի վճարում իրականացնելու պահանջի մասին: Չոբանյանը հայց ներկայացնելու մասին նշել էր, որ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումից հետո որոշ ներդրողներ հրաժարվել են Տավուշում ներդրումներ անելուց՝ չնշելով, թե ովքեր են այդ նեդրողները եւ Տավուշի մարզի որ տարածքներում, ինչ ոլորտներում էին պատրաստվում ներդրումներ կատարել։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Հայկ Չոբանյանի հայցադիմումը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ։ Որոշումը կարող էր բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Հայցադիմումը հետ ուղարկելու պատճառը հայցադիմումում առկա թերություններն էին, սակայն Հայկ Չոբանյանը չի բողոքարկել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանից տեղեկացանք, որ տվյալ քաղաքացիական հայցով գործն ուղարկվել է արխիվ։
ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սահմանամերձ Բերդի համայնքապետարանի, Բերդի բազմագործառութային պետական քոլեջի, «Բիզնես եւ կրթություն» հիմնադրամի միջեւ հուշագիր է ստորագրվել, որի նպատակը ջանքերի միավորումն է, կրթական, ուսումնական նորարարական ոլորտներում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: Խոշորացված Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն ընդունել է Բերդի բազմագործառութային պետական քոլեջի շուկայաբանություն եւ ֆինանսներ բաժնի ուսանողներին, որոնք արտադրական պրակտիկան անցկացնում են Բերդի համայնքապետարանում: Համայնքի ղեկավարը հետաքրքրվել է պրակտիկայի ընթացքի մասին, առաջարկել է, որպեսզի այն ամփոփելիս ուսանողները ներկայացնեն իրենց տեսակետները, առաջարկներն ու ցանկությունները: Հ. Մանուչարյանը շեշտել է, որ ապագան ուսանողներինն է, ուստի նրանք եւս պիտի մասնակցությունն ու ներդրումն ունենան համայնքի ապագայի կերտման գործում։ Քոլեջի ուսանողները հայտնել են, որ համայնքապետարանում իրենց լավ են ընդունում, տալիս իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ