Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ”Սպորտ Էքսպրես” թերթի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե
իր թիմը հոկտեմբերի 11-ին հաղթի Դուբլինում, դա գերնվաճում չի լինի: ”Ես չեմ
ասի, որ 100 տոկոսով հաղթելու ենք իռլանդացիներին, բայց դրա համար ներուժ ունենք: Պատահաբար կարելի է հաղթել մեկ կամ
երկու խաղում, իսկ մենք արդեն հինգ հաղթանակ ենք տոնել: Եվ եթե հաղթենք Դուբլինում, անձամբ ես դա գերնվաճում չեմ համարի: Այնուամենայնիվ, մեր խաղի որակը թույլ է տալիս հուսալ,
որ Հայաստանի հավաքականն առաջիկա խաղում լավ հնարավորություններ ունի: Այո, Իռլանդիայի
հավաքականին ոչ-ոքին էլ կբավարարի, սակայն ես չեմ կարծում, որ նրանք չափազանց զգույշ կխաղան: Պետք է հաշվի առնել
նրանց մարտական բնավորությունն ու մենթալիտետը: Իհարկե, հոգու խորքում հասկանում են, որ ոչ-ոքին ընդունելի արդյունք է, սակայն չեն խաղա
հաշվի պահպանության համար: Կգործեն, այսպես ասենք, ռացիոնալ կերպով. hուսալիորեն կպաշտպանվեն և հնարավորության դեպքում կգրոհեն: Ես կարծում եմ, որ մեր տղաների ուժերը կբավարարեն` հենց մեկնարկից պրեսինգ կիրառելու համար: Մեր թիմի կազմում նաև փոփոխություններ կլինեն: Եվ հետո` այս մրցաշարում երկու խաղից բաղկացած շարքի երկրորդ խաղում մենք ավելի վատ չենք խաղում, քան առաջինում: Պատճառները մի քանիսն են: Առաջին` հրաշալի պայմանները, որոնք ստեղծված են ֆուտբոլային ակադեմիայում, հնարավորություն են ընձեռում լավ հանգստանալ և վերականգնվել: Երկրորդ` խաղերին մեկնում ենք չարտերային չվերթներով, ստիպված չենք լինում ժամերով սպասել օդանավակայաններում: Մենք կցուցադրենք մեր խաղը, բայց հաղթելու համար միայն դա բավարար չի լինի: Ամեն ինչ պետք է հիանալի լինի: Չպետք է սպասենք պատահականությանը, մրցակցի սխալին, այլ պետք է ինքներս խաղանք: Տրապատոնին, հավանաբար, կխաղա երկու հենակետային կիսապաշտպաններով, իսկ մեր խնդիրն է առավելություն ստանալ խաղադաշտի կենտրոնում: Կմտածենք, թե ինչպես պետք է լուծենք այդ խնդիրը”,- հայտարարել է Վարդան Մինասյանը:
Վարդան Մինասյան. Մենք կցուցադրենք մեր խաղը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ