Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրելու համար 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի եւ վարձավճարների վերաբերյալ տվյալներ: ArmLur.am-ն ուսումնասիրել է ԿԸՀ կողմից հաստատված տվյալները. վարձավճարները սկսվում են 5 հազար դրամից՝ հասնելով անգամ 2 մլն դրամի: Բոլոր գումարները նախատեված են մեկ ամսվա համար: Նախ՝ նշենք, որ ամբողջ ՀՀ-ում գովազդային վահանակների թիվը 495-ն է:
Այսպիսով, 5 հազար դրամով վահանակ կարող եք փակցնել, օրինակ, Վայոց ձորի մարզ, Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահմանի Մ2 104,9-րդ կմ-ին, 6 հազար դրամով, օրինակ, Սեբաստիա փողոցում՝ «CPS» բենզալցակայանի մոտ, կամ Սեբաստիա եւ Շահումյան առաջին փողոցների փակուղու հատման մասում:
Աժ նախկին պատգամավոր Վահան Հարությունյանին եւ նրա հորը՝ Միխայիլ Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ընկերությունը պատրաստ է տրամադրել 25 գովազդային վահանակ՝ 123 հազար 600 դրամով: 25 վահանակներից միայն մեկն արժե 129 հազար 600 դրամ՝ Արաբկիր, Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկ հատվածում: Այս ընկերության գովազդային վահանակները գտնվում են Արշակունյաց պողոտայում, Տիգրան Մեծ եւ Գարեգին Նժդեհ փողոցներում:
Գուրգեն Արսենյանի «Յունիքորն» ընկերությունը քաղաքական ուժերի համար նախատեսել է 42 վահանակ, որոնք հիմնականում Երեւան-Արարատ, Երեւան-Սեւան, Երեւան-Արմավիր ճանապարհին են: 42 վահանակներից 40-ի արժեքը 54 հազար է, Իսակովի պողոտայում առկա վահանակն է, որ արժե 171 հազար 600 դրամ, եւ Գարեգին Նժդեհ հրապարակում՝ 140 հազար 400 դրամ:
Աժ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Նուշիկյան ասոցիացիան» տրամադրում է 39 գովազդային վահանակ: Սայաթ- Նովա-Նալբանդյան խաչմերուկում առկա վահանակի մեկ կողմն արժե 71 հազար 280 դրամ, մյուսների արժեքները տատանվում են 110 հազարից 280 հազարի սահմաններում: Այդ վահանակները հիմնականում գտնվում են գլխավոր փողոցներում: «Էգա» ՍՊԸ–ի գովազդային վահանակները տեղադրված են Հայաստանի ողջ տարածքով մեկ: Դրանք տեղադրված են նաեւ միջպետական ճանապարհներին եւ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում։ «Էգա»-ի վահանակներն արժեն 75 հազարից 150 հազար դրամ։
Իշխող ուժն այս անգամ ընտրություններին կգնա միայնակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, սակայն նախընտրական ցուցակում ամեն 5-րդը նոր անձ է լինելու դրսից:
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյանց 2 (պատ) հասցեում գտնվող վահանակն ամենաթանկն է՝ 2 մլն 736 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ այդ հասցեում գտնվող գովազդային վահանակի արժեքը 2018 թվականին կազմում էր 1 մլն 36 հազ 800 դրամ եւ այն զբաղեցրել էր «Իմ քայլը» դաշինքը: «Բի Բի Գրուպ» ՍՊԸ-ին են պատկանում ամենաթանկ գովազդային վահանակները: Օրինակ 2 մլն 226 հազար դրամ արժե Արշակունյանց (վերգետնյա անցում, երկկողմանի) հատվածը, 2 մլն 208 հազար դրամ՝ Դավիթ Անհաղթ (վերգետնյա անցում, երկկողմանի) հատվածը:
Հավելենք, որ այս պահի դրությամբ միայնակ են ընտրություններին մասնակցելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, եւ «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Արտախորհրդարանական ուժերից միայնակ է գնում նաեւ Հայ ազգային կոնգրեսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նորաստեղծ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, «Հանրապետություն», «Եվրոպական», «Արդար Հայաստան», «Քաղաքացու որոշում» կուսակցությունները:
Իսկ ինչպե՞ս են մասնակցելու քաղաքական մյուս ուժերը. «Վերածնվող Հայաստան» եւ ՀՅԴ-ն կազմել են «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, «Հայրենիք»-ՀՀԿ-ն՝ նորացված կազմով՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, կազմել է «Պատիվ ունեմ» դաշինքը, Արման Բաբաջանյանը եւ Լեւոն Շիրինյանը միավորվել են՝ ստեղծելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», ՌԴ-ից «նախընտրական հյուրախաղերով» Հայաստան ժամանած Արա Աբրահամյանը պատրաստվում է «Ալյանս»-ի հետ դաշինքով մասնակցել ընտրություններին, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն էլ ՀԴԿ-ի հետ է պայքար սկսել:
ՄԻՊ-Ը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է. «Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ, խոսում են մեխանիկական մոտեցումներով՝ հղումներ անելով պարզապես ինչ-որ քարտեզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը: Այդ պաշտոնյաներին ու հանրային գործիչներին զգուշացնում եմ. «Ձեր մեխանիկական հայտարարություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքներին ու օրինական շահերին»:
Այդ անպատասխանատու հայտարարությունները թմրեցնում են մեր ժողովրդի զգոնությունը, երկարաժամկետ հեռանկարում վտանգում են մեր երեխաների իրավունքներն ու խաղաղ ապագան:
Ճիշտ սահմանազատումը մարդու իրավունքների կարեւոր երաշխիք է, բայց չի կարելի սահմանազատման հարցերին վերաբերվել մեխանիկական մոտեցումներով:
Սահմանազատումն ուղիղ ազդցեցություն ունի մեր սահմանային գյուղերում ու քաղաքներում ապրող մարդկանց իրավունքների (սեփականության, հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու, արժանապատիվ, անվտանգ ու խաղաղ ապրելու եւ այլ իրավունքներ) վրա:
Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական բարձրագույն իշխանական մակարդակում Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, իսկ հայատյացությունն ունի պետական հովանավորչություն: Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական զինված ծառայողները ընդամենը մի քանի ամիս առաջ խոշտանգում ու գլխատում էին մեր հայրենակիցներին, ու դրա համար նրանք ոչ միայն չեն ենթարկվել պատասխանատվության, այլ դա միայն խրախուսվել է: Չպետք է մոռանալ զինված հարձակումների դադարից հետո Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանական զինվորականների կողմից մարդու իրավունքների խախտումների մասին, ինչպես նաեւ այն մասին, որ որ ադրբեջանական իշխանությունները մինչ օրս հրաժարվում են վերադարձնել մեր գերիներին՝ մարդու իրավունքների միջազգային երաշխիքների կոպիտ խախտումներով:
Պետք է անել ճիշտ հակառակը՝ սահմանազատումը պետք է իրականացնել միայն անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն դրան զուգահեռ:
Եվս մեկ անգամ հատուկ ընդգծում եմ, որ առկա պայմաններում Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը՝ առանց անվտանգության գոտու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, չի ապահովելու խաղաղություն տարածաշրջանում»:
ԿՐԱԿԵԼ Է
2021թ. մայիսի 24-ին Երեւան քաղաքի Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասի բնակիչ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով՝ 2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքում իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ կրակ է արձակել նույն թաղամասի բնակչի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով: Հիվանդանոց տեղափոխված տղամարդը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, որպես վկա հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՅՈՒՂՈՒՄ
Երեկ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Ակունք գյուղի բնակիչները ականատես են եղել, թե ինչպես է պտտահողմը գյուղում ավերածություններ անում: Ակունք գյուղի 4-րդ փողոցի մի քանի տներ ամբողջովին հայտնվել են արհավիրքի էպիկենտրոնում: Ամբողջովին փլուզվել են քարե պարիսպներ, որոնց երկարությունը տարբեր հատվածներում ամենակարճը 50 մետր է, ամենաերկարը՝ 100-150 մետր: Արմատախիլ են եղել մեծ թվով ծառեր, կոտրվել են բերքատու՝ ծիրանի, խնձորի տանձի, բալի ծառեր: Պտտահողմը վնասել է նաեւ սեփական տներ, որոնց տանիքների թիթեղները փոթորիկը պոկել ու շպրտել է որոշ հատվածներում 10, որոշ հատվաներում՝ 30 եւ ավել մետր: Ամբողջովին տապալվել են մեկ տասնյակից ավել էլեկտրասյուներ, ինչի պատճառով էլ գյուղի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է: