Արցախում չորս ամսվա ընթացքում կամովին հանձնվել է ավելի քան 50 ինքնաձիգ, գնդացիրներ ու նռնականետեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ. առաջին չորս ամսիներին Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 8 ատրճանակ, 3 գնդացիր, 5 նռնականետ, 9 հրացան, 53 նռնակ, նռնակի 42 պայթուցիչ, 1 ական, ինքնաձիգի 98 պահեստատուփ, 2 սվին-դանակ, ատրճանակի, ինքնաձիգի և գնդացրի 19671 փամփուշտ, նռնականետի 3 պայթուցիչ և 1 արկ: Այս մասին տեղեկացնում է Արցախի դատախազությունը։

«Հարգելի’ հայրենակիցներ, շրջանառությունն արգելված նման առարկաներ ունենալու դեպքում խնդրում ենք դրանք հանձնել ոստիկանության մարմիններին: Միաժամանակ հիշեցնում ենք, որ ապօրինի պահվող զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը և պայթուցիկ սարքերը կամովին հանձնած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության: Դատախազությունը ևս հասկանում է առանձին դեպքերում զենքը կամ ռազմամթերքը արտաքին վտանգներից պաշտպանվելու նպատակով պահելու` քաղաքացիների շարժառիթն ու նպատակը: Այդուհանդերձ, վստահ ենք, որ առավել վտանգի աղբյուր հանդիսացող նման առարկաները քաղաքացիներին պետք է հատկացվեն բացառապես պետական վերահսկողության շրջանակում` զենք պահելու կամ կրելու իրավունք հայցող անձի անհատական բոլոր բնութագրիչները հետազոտելուց հետո: Հետևաբար կրկին հորդորում ենք համագործակցել իրավապահ մարմինների հետ և նրանց հանձնել պոտենցիալ վտանգի աղբյուր հանդիսացող` ապօրինի պահվող զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս