Ինչ է հայտարարել Միհրան Պողոսյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի համար արդեն փաստաթղթային առումով որեւէ խանգարող հանգամանք չկա, որպեսզի մասնակցի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա այս տարվա մայիսի 24-ին դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանն իր՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելուն պարտավորեցնի, եւ նրա հայցը բավարարվել է:

Հանրապետական կուսակցության մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միհրան Պողոսյանն իր թիմակիցներին ու առաջնորդին ասել է, որ կարող են առանց մտավախության իրեն ընգրկել ընտրացուցակում, մնացած հարցերն ինքը կկարգավորի: Սակայն ուշագրավն այն է, որ Հատուկ քննչական ծառայությունում նրա նկատմամբ հետախուզումը դեռ շարունակվում է, որը հայտարարվել էր 2019 թվականին, երբ նա ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ, ըստ հաղորդագրության, նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Այսինքն՝ ստացվում է՝ Պողոսյանը Վարչական դատարանում հաղթել է եւ իրավաբանորեն փաստ ունի, որ վերջին 4 տարում ոչ թե հետախուզվել է, այլ բնակվել ՀՀ-ում։ Հիշեցնենք, որ նա 2019 թվականից Մոսկվայում է, անգամ նրա արտահանձնումը թողարկվեց։

Եվ հիմա ստացվում է, որ Մոսկվան Հայաստանն է, եւ Պողոսյանն ընտրացուցակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Ավելին՝ նա իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ ոչինչ իրեն չի խանգարի հաղթանակի համար։ Իսկ նա բազմիցս է ապացուցել, որ կայուն ձայներ ունի կոնկրետ համայնքում։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս