Ադրբեջանական կողմը մայիսի 12-ից երեք ուղղություններով գտնվում է ՀՀ տարածքում: Մինչեւ այժմ իշխանությունները ոչ միայն չեն կարողացել ելքեր գտնել եւ նրանց հեռացնել հայկական տարածքից, այլեւ նրանք Գեղարքունիքում տեխնիկա են աշխատեցնում, սադրում, սպառնում Հայաստանի քաղաքացիներին, գերի վերցնում նրանց, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է անում:
Աշխատանքային ժամին այսօր Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում ՔՊ-ականների հետ հանդիպում էր իրականացնում, որին բացի իրենից մասնակցում էին նաեւ Արարատի նախկին մարզպետ, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս նախագահ Գարիկ Սարգսյանը, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը:
Իսկ ինչ իրավիճակ ունենք սահմանին՝ ադրբեջանական զորքերի ներխուժումից 22 օր անց. օրինակ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են: Ադրբեջանական զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարներ, որոնցից ձևավորվում են ոռոգման և խմելու ջրերը: Իսկ Վերին Շորժայի համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանն էլ հայտնել է, որ հայկական տարածքներ մխրճված ադրբեջանցիները հիմա էլ ակտիվ շինարարություն են անում, խրամատ ու ճանապարհ կառուցում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.