Այսօր մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Նշենք, որ ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն եւ չորս դաշինք:
Ընտրական ակտիվ թոհուբոհից զերծ չեն մնում նաեւ մշակութային գործիչներն ու շոուբիզնեսի ներկայացուցիչները: ArmLur.am-ը առանձնացրել է նրանցից մի քանիսին, ովքեր տեղ են գտել ընտրացուցակներում եւ առաջիկայում էլ մտադրություն ունեն զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ:
Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո) ընդգրկվել է «5165 ազգային» շարժման ընտրական ցուցակում:
Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանն ընդգրկվել է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակում:
Հայ բանասեր, լրագրող, հաղորդավար, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանն այս ընտրություններին մասնակցում է իր հիմնադրած «5165 ազգային» շարժման ցուցակով:
«ՀԱԿ» ընտրացուցակում է հայտնվել նաեւ հայտնի «Չին սպասում» հաղորդման վարող, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը:
«Հայաստանի եվրոպական կուսակցության» ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
«Ազգային-Ժողովրդավարական բևեռ» կուսակցության ընտրացուցակով հանդես է գալիս Եղիշե Պետրոսյանը, ով նաեւ կուսակցության համահիմնադիրներից մեկն է:
Ի դեպ, երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Մգեր Արմենիան, ով նույնպես մեծ ցանկություն ուներ մասնակցելու առաջիկա ընտրություններին, եւ որի համար ստեղծել էր «Ազգի ձայն» կուսակցությունը չի կարող մասնակցել, քանի որ նշված ժամկետներում կուսակցությունը չէր ներկայացրել համապատասխան փաստաթղթերը, ինչի արդյունքում էլ դուրս էր մնացել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:
Այնուամենայնիվ, հուսանք, որ առաջիկա ընտրությունները կանցկացվեն թափանցիկ եւ իշխանության կգան այնպիսի ուժեր, ովքեր կկարողանան երկիրը դուրս բերել ներկայիս ճգնաժամային իրավիճակից:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան