ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ Է ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բողոքարկել է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարող անձի պայմանական վաղաժամակետ ազատ արձակելու որոշումը: Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել:

 

Նշենք, որ Սեդրակյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը: Սեդրակյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել մայիսի 27-ին:

Սեդրակյանը Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով 2013 թվականի սեպտեմբերին դատապարտվել է 14 տարի ժամկետով ազատազրկման։ Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 եւ 12 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտվել նաեւ Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը։ Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Սեդրակյանը, 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում լինելով ՀՀ նախագահի թեկնածու՝ քարոզարշավի ընթացքում իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջեւ։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։

Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք բերելով` 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, եւ այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչեւ 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:

Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ Հայաստանի Հանրապետության նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով տվել են իրենց համաձայնությունը եւ զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:

2013 թվականից անազատության մեջ գտնվող Սեդրակյանի պատժի կրման ռեժիմը 2020-ի տարեվերջին փոխվել էր «Բացի»:

Ք.Մ.

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ

Սույն թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ սույն թվականի հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջնակյալ միջոց կիրառելու որոշումը այնպես, ինչպես մյուս գերեվարված եւ պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Այս մասին փոխանցել են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից: Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա՝ Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաեւ վերջիններիս առաջադրված մեղադրանքները: Եվրոպական դատարանը նույն օրը մերժել է նաեւ Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ:

 

 

ԿԻՍՈՒՄ Է ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կիսում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները նախընտրական շրջանում հայաստանյան քաղաքական գործիչների կողմից օգտագործվող բռնություն ու ատելություն պարունակող խոսքի հետ կապված: Freedom House-ի բնորոշմամբ՝ սա նպաստում է կործանարար բեւեռայնացմանն ու ատելության խոսքի տարածմանը, քանի դեռ Հայաստանը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմից ու պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրություններին: Մարդու իրավունքների պաշտպանը կրկին կոչ է անում բոլոր կուսակցություններին զերծ մնալ բռնության ու ատելության հռետորաբանությունից։ Ընտրություններն ինքնին ժողովրդավարական գործընթացի բաղկացուցիչ մաս են եւ պետք է ուղղված լինեն երկրում համերաշխության վերականգնման ու իրավունքի գերակայության հաստատմանը։

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ

Մայիսի 30-ի գիշերը Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը 3 տղամարդ վիճել էին, հայհոյել, քաշքշել իրար, եւ վեճն ավարտվել էր դանակահարությամբ։ Կատարվածի վերաբերյալ ժամը 2.30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց։ Հայտնում էին, որ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով 34-ամյա տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել։ Րոպեներ անց օպերատիվ խումբը հիվանդանոցում էր։ Բժշկի հետ զրուցելուց եւ անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո որոնողական աշխատանք սկսվեց. նախ ճշտեցին, թե ովքեր են մասնակցել վեճին, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ անձնական հարցերի շուրջ ծագած ծեծկռտուքի ժամանակ տուժողին դանակահարել էր Երեւանի Շենգավիթ համայնքի 28-ամյա մի բնակիչ։ Մայիսի 31-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին: Քննությունը շարունակվում է:

 

 

ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՀԱՎԱՔՎԻ

Դոն Պիպոյի եղբոր սպանության եւ Աբովյան փողոցում հեղինակություն համարվող քյավառցի Ռաֆոյի թիկնապահի սպանության գործերով իրավապահ մարմինները ամենայն հավանականության առաջիկայում խորհրդակցություն կանցկացնեն, եւ չի բացառվում, որ որոշում կայացվի, որպեսզի երկու սպանությունների դեպքերը միացվեն եւ քննվեն մեկ վարույթի շրջանակում: Ըստ իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների՝ վարկած կա, որ երկու սպանությունները քրեական աշխարհում նույն խմբավորումների ներքին տարաձայնությունների արդյունքում են տեղի ունեցել:

Ավելին, օրերս գրել էինք, որ իրավապահները տեղեկություններ են միմյանց փոխանցում Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում հունիսի 2-ին սպանված Հովհաննես Վարդանյանի եւ Դոն Պիպոյի՝ Արթուր Աստրյանի եղբոր՝ Արմեն Ասատրյանի սպանության գործերով:

Ասել է թե՝ իրավապահները մեկը մյուսին օգնում են՝ հասկանալու, թե սպանությունները ինչքանով կապ ունեն միմյանց հետ, որը կարող է օգնել բացահայտել սպանության պատճառը: Նկատենք, որ Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում սպանություն կատարողի ինքնությունը բացահայտվել է, ապա Դոն Պիպոյի եղբոր սպանությունը դեռեւս մնում է առեղծված, թե ով կամ ինչու սպանեց նրան:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոցի կամուրջի տակ հայտնաբերվել էր Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Լալայի դին:

Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնել էին, որ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13 հատ 5,45 տրամաչափի կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ եւ «ԱԿՍՈՒ» մոդելի ինքնաձիգ՝ դատարկ պահեստատուփով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երեւան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն եւ դիմել փախուստի: Կրակոցների հետեւանքով մահացել է «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Ասատրյանը:

 

 




Լրահոս