ՇԱՏ ՍԽԱԼՆԵՐ ՈՒՆԵՆ ՈՒՂՂԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ` պարզելու համար՝ արդյոք պատրաստվում է նորից վերցնել ԱԺ մանդատը: Մեր զրուցակցից փորձել ենք պարզել, թե ինչու 44-օրյա պատերազմից հետո պատգամավորը սկսեց այլեւս խորհրդարանում ելույթներ չունենալ, շատ պասիվանալ: Պատգամավորը նշեց նաեւ, որ հանրությունը վստահում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ինչի համար էլ այդքան ձայն տվեցին իրենց իշխանությանը:

 

-Տիկի՛ն Պողոսյան, ի՞նչ որոշում եք կայացրել: Արդյոք վերցնելո՞ւ եք խորհրդարանի մանդատը:

-Ես կարծում եմ, որ դեռ կիսատ թողած անելիք ունենք: Վերցնելու եմ մանդատը:

-Իսկ ինչո՞ւ եք վերջին ժամանակահատվածում շատ պասիվ. նույնիսկ չմասնակցեցիք քարոզաշրավին: Ի՞նչն  է խնդիրը, թիմի՞ հետ է կապված, թե՞ այլ հարցեր կան: 

-Ընդհանուր խնդիրներ կան, բայց եթե թույլ կտաք, դա չմեկնաբանեմ:

-Անձնակա՞ն խնդիրներ են, այսինքն՝ թիմի հետ կապ չունե՞ն:

-Եթե թույլ տաք, չմեկնաբանեմ:

-Տիկի՛ն Պողոսյան, ինչի՞ց եք ուզում սկսել աշխատանքը: Կա՞ կոնկրետ հարց, որն այս պահին Ձեր առջեւ դրված է, ու նոր խորհրդարանում հենց այդ հարցից էլ պետք է սկսեք:

-Շատ անելիքներ կան: Առաջինը պետք է գնալ հենց Պաշտպանության հանձնաժողով: Այնտեղ շատ մեծ անելիք ունենք: Եւ հետո, ինչքան հնարավոր է, օգնել Կրթության հանձնաժողովին, որովհետեւ կարծում եմ, որ մեր հաջողությունները կախված են Կրթության  հանձնաժողովի գրանցած հաջողություններից:

-Դուք կանխատեսո՞ւմ էիք, որ ընտրությունների մասնակիցների մոտ 54 տոկոսը նորից ձեզ ձայն է տալու ու վստահելու է:

-Ես վստահ էի, որ ժողովրդի մեծ մասը նորից վստահելու է Նիկոլ Փաշինյանին:

-Կարծում եք, որ ոչ թե թիմին է վստահում, այլ հենց անձամբ Նիկոլ Փոշինյանի՞ն:

-Գաղտնիք չէ, որ այդ թիմի լոկոմոտիվ ուժը Նիկոլ Փաշինյանն է, եւ այդ ժողովուրդը, որ մեզ մեծամասամբ ձայն է տվել, դա նաեւ առաջին հերթին Փաշինյանի գործոնի շնորհիվ է: Զարմանում եմ, որ մարդիկ, որոնք երկար տարիներ քաղաքականության մեջ են, այդպես էլ  չհասկացան, որ ժողովուրդը վերջապես ուզում է իր ներկայացուցիչ ղեկավարն ունենալ, մի ղեկավար, որը խուժան, խուլիգան չէ,  գող չէ ու իրենց հարգում ու սիրում է:

-Այսինքն՝ որեւէ ձեւով ժողովուրդը չուզե՞ց, որ նախկինները  վերադառնան իշխանության:

-Ես դա տեսա ամսի 20-ի ընտրությանը: Բնականաբար, մենք շատ սխալ բաներ ենք արել, շատ սխալներ ունենք ուղղելու, բայց ես ամսի 20-ին տեսա, որ մարդիկ գերադասեցին մեզ տալ 2-րդ շանս, բայց ոչ մի  պարագայում թույլ չտալ, որ վերադառնա անցյալը:

-Իսկ շտկումների  հետ կապված հստակություն ունե՞ք: Ինչի՞ց պետք է սկսեք, որ շտկեք ձեր սխալները: Ի՞նչն էր ձեր թիմի խնդիրը:

-Այս պահին չեմ ուզում դրա մասին խոսենք, որովհետեւ  անելիք շատ կա մինչեւ դրան հասնելը: Դեռ խորհրդարանը չի էլ ձեւավորվել, դեռ պետք է ընտրություն  կատարենք, կառավարություն ձեւավորենք: Կարծում եմ, որ կառավարության ձեւավորումից էլ է շատ բան կախված:

-Ավելի  ակտի՞վ եք աշխատելու: Կարծեք թե 44-օրյա պատերազմից հետո այդքան էլ ակտիվ չէիք խորհրդարանում:

-Վստահ եմ, որ այս 2,5 տարվա մեջ գոնե Դուք հետեւել եք իմ աշխատանքին: Ես արել եմ հնարավորն ու անհնարինն ինձանից հասանելի: 44-օրյա պատերազմից հետո ես անձնական պատճառներ ունեի ցույց չտալու  այդ ակտիվությունը: Հարազատ երեխա եմ կորցրել, բարեկամի երեխա եմ կորցրել: Ընդամենը մարտ ամսին կարողացանք դիակը գտնել: Պետք է ըմբռնումով մոտենալ, քանի որ բոլորս էլ ցավ ու կորուստ ենք ունեցել այս ընթացքում: Ես այդ  ընթացքում գերադասել եմ լուռ գործ անել, ոչ թե խոսել, որովհետեւ գործ անելու ժամանակն էր: Ապագան ցույց  կտա՝ կարիք կլինի կխոսեմ. եթե ոչ, ապա լուռ իմ գործը կանեմ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ

Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին առաջատար մասնագետ Սուսաննա Ավագյանին իր ծննդյան օրը՝ հունիսի 14-ին, ազատել են աշխատանքից: ArmLur.am-ի հետ զրույցում Սուսաննա Ավագյանը պատմել է, որ քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի պետ Ինեսսա Միրզոյանն իրեն տեղեկացրել է, թե Ավագյանը քաղաքական պրոցեսների է խառնվել, եղել է ինչ-որ կուսակցությունների շտաբներում, ինչի համար իրենք նպատակահարմար չեն համարում իր հետ աշխատել: Սուսաննա Ավագյանը հունիսի 7-19-ը գտնվել է արձակուրդում առողջական խնդիրների պատճառով ու արդեն խորհրդարանի աշխատակազմին է ներկայացրել բժշկի կողմից տրված անաշխատունակության թերթիկը: Սակայն աշխատակազմը որեւէ բան հաշվի չի առել, ու հանկարծակի Սուսաննա Ավագյանը տեղեկացվել է, որ ինքն այլեւս ազատված է աշխատանքից: Ավագյանը նախօրեին խորհրդարան է գնացել՝ հասկանալու համար, թե ինչու են իր հետ նման կերպ վարվել, ինքը Աժ-ում է աշխատում դեռեւս 2004 թվականից, երբեք նման վերաբերմունքի չէր արժանացել, սակայն որեւէ մեկը նրա հետ չի հանդիպել, որեւէ բացատրություն չի տվել:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է

Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում՝ «Գնումների մասին» օրենքում կատարված լրացումների արդյունքում պայմանագրի կատարման եւ կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման եւ դրա կիրառման գործընթացի հետ կապված կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ օրենքով կատարված լրացումներով սահմանվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվող գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգով պետք է սահմանվեն կարգավորումներ նաեւ պայմանագրի կատարման եւ կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման եւ դրա կիրառման գործընթացի վերաբերյալ:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:

Տվյալ համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ընդգծվել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:

 




Լրահոս