ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատախազին գեներալի կոչում կտան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ը ՀՀ դատախազության աշխատակցի օրն է, իսկ ահա 2020 թվականին պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, չնշվեց այնպիսի մեծ շուքով, ինչպես նախորդ տարիներին:

Իսկ ինչ է սպասվում այս տարի: Դատախազները դեռեւս չգիտեն՝ նշվելու է իրենց տոնը, թե ոչ, սակայն դատախազությունից ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի մտերիմ մարդիկ պարգեւատրվելու են: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 1-ին ՀՀ դատախազության աշխատակցի օրը ցանկանում են գեներալի կոչում տալ երկու դատախազի: Իսկ ովքեր են նրանք:

Մեզ հայտնի դարձավ, որ գեներալի կոչում են ցանկանում տալ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին, որը ինչպես հայտնի է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի գործով դատախազն է: Վերջինս նաեւ համարվում է Արթուր Դավթյանի մտերիմ մարդկանցից մեկը:

Մյուս դատախազը, որին ցանկանում են գեներալի կոչում տալ Գլխավոր դատախազի տեղեկալ Արմեն Աֆանդյանն է: Նշենք, որ 2020 թվականի հուլիսի 13-ին ՀՀ դատախազության կոլեգիայի հետ խորհրդակցելով՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր տեղակալի պաշտոնում նշանակել է Արմեն Աֆանդյանին։

Նշենք, որ Աֆանդյանը, նախկինում զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ։ Եղել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը: 2019թ. սեպտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում: Սակայն Աֆանդյանը հանրության հիշողության մեջ մնացել է Սյունիքի մարզի դատախազի պաշտոնավարման ժամանակահատվածով, երբ հաջողությամբ կոծկվեց Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի կողմից Բուդաղյանների սպանության դեպքը, իսկ մարզպետն ու իր հարազատները մնացին անպատիժ։

Քնար Մանուկյան




Լրահոս