«ԴՈՒԲԱՅՈՒՄ ՇՆՉԱՀԵՂՁ ԷԻ ԼԻՆՈՒՄ». ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային հանգստի սեզոնն արդեն բացված է, եւ հայ աստղերի նախընտրությունները, ինչպես միշտ, տարբեր են:

 

ArmLur.am-ը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ:

«Այս տարի հասցրել եմ նույնիսկ երկու անգամ հանգստանալ: Առաջին անգամ հանգստի եմ մեկնել Դուբայ, առանց որդուս, եւ երեւի դա նպաստեց, որ այնքան էլ լավ չհանգստացա եւ չկարողացա լիարժեքորեն վայելել հանգիստս, եւ, բացի այդ, կարծես թե Դուբայի մթնոլորտն ու օդն ինձ վրա չեկավ, շունչս կտրվում էր, շնչահեղձ էի լինում, քամի չկար: Իմ պլանավորած հաճելի հանգիստը ինձ համար դարձավ պարզապես հյուրանոցում մնալու ինչ-որ մի վայր: Ընկերներս բոլորը՝ Վիգենը, Վարդանը, քանի որ Վարդանի տուրով էինք գնացել, ընկերուհիներս, բոլորը հանգստանում էին, վայելում տաք արեւը, իսկ ես ոչ, քանի որ շատ վատ էի ինձ զգում, եւ սա ասում եմ առանց չափազանցնելու: Այնուհետեւ՝ դրանից մի քանի օր հետո, վերադարձա Երեւան եւ որդուս հետ որոշեցինք մեկնել հանգստի Եգիպտոս, որն իսկապես, կարող եմ ասել, ինձ համար հանգիստ էր: Հանգստացել ենք, վայելել ենք ծովը, արեւը  լիապես, բայց վերադառնալով հանգստից՝ դժբախտություն պատահեց մեր ընտանիքի հետ. մորաքույրս մահացավ»,- պատմում է երգչուհին:

Լիլիթ Կարապետյանի խոսքով՝ նա պասիվ հանգստի սիրահար է, առանց որեւէ արհեստական ակտիվության. «Ինձ համար կարեւոր է, որ լինի արեւ, լողավազան կամ ծով, դա ինձ համար արժե ամեն ինչ, բայց եթե գնում են հյուրախաղերի, սիրում եմ ակտիվություն, որտեղ կյանքը եռում է, ակումբներ, դիսկոտեկներ, շատ ժամանցի վայրեր, իսկ հանգստի առումով արդեն նշեցի, որ շատ պասիվ եմ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր աշխատող մարդ կարող է իրեն թույլ տալ տարվա մեջ մեկ անգամ հանգստանալ Եգիպտոսում, քանի որ այնտեղի հանգիստն այնքան էլ թանկ չէ, բավականին մատչելի գներով կարող ես մեկ շաբաթ վայելել: Ես գումարը հանգստիս համար նախապես պլանավորած հավաքել էի: Հիմա դժվարանում  եմ ասել, թե ինչքան գումար եմ ծախսել. շատ գնումներ եմ կատարել: Եգիպտոսում հանգստանալու համար ծախսել եմ 1600-ից 1700 դոլար»:

Երգչուհին ընդգծում է, որ Եգիպտոսում անցկացրած օրերին, ի զարմանս իրեն, տղան սկսել է ավելի լավ քնել:

«Ի տարբերություն Եգիպտոսի՝ Դուբայում կազմակերպվում էին հետաքրքիր զբոսանքներ, որպեսզի ծանոթանանք Դուբայի ստեղծման պատմությանը»,- հավելում է Լիլիթ Կարապետյանը եւ նշում, որ այս տարի կսահմանափակվեն այսքանով:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հուլիսի 10-ին կկազմակերպեն համերգ` նվիրված կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանին:

 

Համերգը կանցկացվի կոմպոզիտորների միության Էդվարդ Միրզոյանի անվան ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում:

Համերգին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Ծրագրում Էդվարդ Միրզոյանի «Լարային քառյակ», «Սիմֆոնիա՝ լարային նվագախմբի եւ գոսերի համար», «Պոեմ-էպիտաֆիա՝ կամերային նվագախմբի համար» ստեղծագործություններն են։

Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տունը հիմնադրվել է 1963 թվականին։ Դահլիճի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1984-ին։ 2013 թվականից այն կրում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը։ Ականատեսների պատմելով՝ Էդվարդ Միրզոյանը մեծ մասնակցություն է ունեցել կառույցի շինարարական աշխատանքներում. նա տեղյակ էր դրված ամեն մի քարից եւ ուշադրությամբ հետեւում էր շինարարությանը։

Ժամանակին կոմպոզիտորների ստեղծագործական տանը հանդես են եկել մի շարք անվանի երաժիշտներ, որոնք իրենց նպաստն են բերել կառույցի կայացմանը եւ հեղինակությանը։ Այս համերգը ոչ միայն հարգանքի տուրք է մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին, այլ նպատակ ունի նպաստել Դիլիջանի ստեղծագործական տան հանրահռչակմանը։

Մինչեւ համերգը ԿԵԱԿ-ն իրականացնելու է անմխիթար վիճակում գտնվող ստեղծագործական տան տարածքի մաքրման, նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաեւ Դիլիջան է տեղափոխելու համերգային աննախադեպ տեխնիկա եւ լուսային սարքավորումներ հավուր պատշաճի միջոցառումն իրականացնելու համար։ ԿԵԱԿ-ի նպատակն է կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճը վերածել գործող համերգային դահլիճի՝ է՛լ ավելի ակտիվացնելով տեղի մշակութային կյանքը։

 

 

 

ԽՈՍԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է իսպանացիների դեմ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպման մասին: «Կլինի բարդ հանդիպում: Իսպանիան տարբերվում է Բելգիայից, սակայն մենք կբախվենք մի շարք դժվարությունների: Վերջին մի քանի տարում Իսպանիայի հավաքականը հրաշալի թիմ էր, նրանք ունեն լավ երիտասարդներ ու հրաշալի մարզիչ: Հուսով եմ, որ գոնե մեկ անգամ լրագրողները ճիշտ կգտնվեն, եւ մենք դուրս կգանք եզրափակիչ: Հեշտ չի լինի, սակայն պետք է ցուցադրենք արտակարգ ելույթ: Իսպանիան թոփ թիմ է, լինելու է բարդ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն: Եվրո-2020-ի «փլեյ-օֆֆ»-ում իտալացիները պայքարից դուրս են թողել Ավստրիայի (2:1) եւ Բելգիայի (2:1) հավաքականներին, իսկ իսպանացիները լրացուցիչ ժամանակում ուժեղ են գտնվել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայից (5:3) եւ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել Շվեյցարիային (1:1, 3:1): Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի եւ Դանիայի հավաքականները:

 

 

ՄԵԿ ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Գերմանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Լուկաս Պոդոլսկին կարիերան կշարունակի լեհական «Գուրնիկ Զաբժե» ակումբում. hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստը լեհական ակումբի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր: Լուկաս Պոդոլսկու նախորդ ակումբն էր թուրքական «Անթալիասպորը», որի կազմում նա խաղում էր 2020 թվականից: Նախկինում նա հանդես է եկել նաեւ գերմանական «Քյոլնում», «Բավարիայում», Լոնդոնի «Արսենալում», իտալական «Ինտերում», թուրքական «Գալաթասարայում» ու ճապոնական «Վիսել Կոբեում»:

 

 

ՀԵՌԱՑԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի օգնական Տիերի Անրին Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում պարտությունից հետո հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվողն իր աշխատավարձը կփոխանցի բարեգործության: 43-ամյա Անրին Բելգիայի հավաքականի մարզչական շտաբին միացել էր մայիսին: Նա Բելգիայի հավաքականում աշխատել էր նաեւ 2016-2018թթ.-ին: Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում բելգիացիները 1:2 հաշվով պարտվել էին Իտալիայի հավաքականին եւ լքել պայքարը:

 

 

 




Լրահոս