Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործի շրջանակում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիները հայտարարել են, որ վարձկանները պետության ղեկավարին սպանելու առաջադրանք չեն ունեցել: Այս մասին գրում է Nouvelliste թերթը՝ հղում անելով գործի քննությանը մասնակցող դատավորին:
Ըստ վերջին տվյալների՝ նախագահի սպանության գործով ձերբակալվածների թվում կա հայիթական ծագմամբ երկու ամերիկացի՝ Ջեյմս Սոլաժն ու Ժոզեֆ Վենսանը:
«Նրանք ասացին, որ թարգմանիչներ են եղել: Վարձկանների նպատակը եղել է դատավորի հրամանով նախագահին ձերբակալելը, և ոչ թե սպանելը», – ասել է դատավոր Կլեման Նոելը՝ անդրադառնալով ամերիկացիների ցուցմունքներին:
Միևնույն ժամանակ, ձերբակալության հրամանի մանրամասները չեն հստակեցվել:
Դատավորը պարզաբանել է, որ Սոլաժը ցուցմունք տալու ժամանակ հայտնել է «համացանցում աշխատանք գտնելու» մասին: Նա Հայիթի է ժամանել մեկ ամիս առաջ, մինչդեռ վարձկանները ժամանել էին երեք ամիս առաջ:
Բացի այդ, Նոելը հայտնել է ենթադրյալ մարդասպաններին պատկանող մեքենաներում խուզարկությունների անցկացման մասին: Այնտեղ հայտնաբերվել է հրազեն և ամերիկյան արժույթով կանխիկ գումար, ինչպես նաև տեսահսկման համակարգի տեսախցիկի սերվերը, որը տեղադրված է եղել Մոիզի տանը: