«ՄԱՐԴԻԿ ՄԻՏՔ ԵՆ ԳՈՂԱՆՈՒՄ». ԱՐՓԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Արփի Շահնուբարյանի հետ  ArmLur.am-ը զրուցել է Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի իր պատկերացման մասին:

 

Երգչուհու խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունից հետո, դատելով մարդկանց կայացրած ընտրությունից, նա որեւէ փոփոխություն չի սպասում:

«Անկեղծ ասած, դատելով մարդկանց մեծամասնության տրամաբանությունը, որն ինձ համար իրականում  խորթ է, եւ տեսնելով, թե ինչպես են տրամադրված՝ արդեն ներսումս զգում էի, որ լինելու է այդ սխալ ընտրությունը, բայց դրա հետ միասին  մի տեսակ հույս էի փայփայում, բայց չեղավ այն,  ինչ մենք էինք ուզում մեր ընտանիքով, մեր շրջապատով, չեղավ: Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի, մենք սխալված լինենք, բայց տեսնելով, թե ինչ վտանգ է մոտենում՝ շատ խիստ կասկածում եմ…. Ինչպես Նիագարայի ջրվեժը երբ  տեսա, ասում էի՝ Աստված իմ, այս ինչ մոգական է, այս ինչ հրաշք է, եւ հենց այդ ընկնելու, թեքվելու պահը, երբ ջուրն արդեն թափվում է, եւ այդ պահն ինչ ահռելի է, եւ հիմա մենք, մեր երկիրն այդ կետում ենք կանգնած՝ կա՛մ գահավիժել, կա՛մ պատրաստ կանգնել դեռ, կա՛մ փորձել առաջ գնալ: Մենք հիմա կանգնած ենք այս երեք փորձության առջեւ: Ես նորից եմ ասում՝ Աստված տա, որ մենք սխալվենք եւ ստիպված չլինենք վեր կենալ եւ մեր սիրելի, հայրենի երկրից գնանք, որովհետեւ այստեղ ծնվել ենք, այստեղ սկսել աշխատել եւ արարել: Մեր երեխաների ապագան, մեր բոլոր նպատակներն ու երազանքները կապում  ենք մեր երկրի հետ»,- նշում է երգչուհին:

Արփին մեզ հետ զրույցում ընդգծում է, որ ապագայի եւ հայրենիքում աշխատելու, արարելու հետ կապված մեծ պլաններ ունի. «Ես հիմա իմ ճանապարհին ունեմ շատ մեծ նպատակներ, որոնք ուզում եմ  կյանքի կոչել, նոր ձայնասկավառակ թողարկել, այնքան լավ մտքեր կան, նույնիսկ իմ նոր զբաղմունքը՝ ասեղնագործությունը պայուսակների, դեպի հայկականը, ինչու ոչ, ստեղծել մերը, ազգայինը, հիմա չեմ ուզում շատ բարձրաձայնել, քանի որ մարդիկ այսօր այնպիսին են դարձել, որ միտք են գողանում, բայց շատ-շատ նպատակներ ունենք առջեւում: Մեզ միայն պետք է, որ մեր երկիրը խաղաղ լինի, նոր մարտահրավերներ չլինեն, կարողանանք այնպիսի երկիր ստեղծել, որ արժանի լինենք մեր զոհված  տղաներին»:

Հիշեցնենք, որ երգչուհին շուտով կներկայացնի իր նոր ասեղնագործ պայուսակների բրենդը, որը կոչվում է «Մախմուր»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

175 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը 175 միլիոն եվրո է հատկացրել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերին, սակայն գերմանական ակումբը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում էլ իր կազմում տեսնել 20-ամյա հարձակվողին: Եթե գործարքը տեղի ունենա, Հոլանդի տրանսֆերը կդառնա երկրորդ ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ։ Առաջին տեղում բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերն է «Բարսելոնայից» ՊՍԺ՝ 222 միլիոն եվրո։ Transfermarkt-ը Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։ Նրան ձեռք բերելու մտադրություն ունեն նաեւ «Բարսելոնան» եւ Մադրիդի «Ռեալը»։ Հոլանդը 2020թ. հունվարին է ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվել Դորտմուդ։ Նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԻ

Այս շաբաթ ֆրանսիական ՊՍԺ-ն կհայտարարի Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագիր կնքելու մասին: Իտալական եւ ֆրանսիական մամուլը գրել էր, որ 22-ամյա դարպասապահն արդեն կքնել է պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2026 թվականը։ Դոնարումայի տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո։ Հունիսի 30-ին ավարտվել է նրա պայմանագիրն իտալական «Միլանի» հետ։ Դոնարուման ազատ գործակալի կարգավիճակում է միացել փարիզյան ակումբին։ Անցած մրցաշրջանում Դոնարուման «Միլանի» հետ մասնակցել է 48 հանդիպման, բաց է թողել 54 գոլ, 15 խաղում անառիկ է պահել դարպասը։ Դոնարուման Եվրո-2020-ի եզրափակչում Անգլիայի հետ դիմակայությունում հետ մղեց հետխաղային 11-մետրանոցներից երկուսը եւ ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։

 

ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏ

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» պաշտոնապես ներկայացրել է նոր համազգեստը, որով հաջորդ մրցաշրջանում կանցկացնի տնային հանդիպումները։ Ավանդական սեւ-կապույտ շերտերի փոխարեն հայտնվել է օձի կաշվի պրինտ։ Միլանյան ակումբի տեխնիկական հովանավորը ամերիկյան Nike ընկերությունն է։ «Ինտերն» անցած մրցաշրջանում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 11 տարվա դադարից հետո։ Տրանսֆերային քաղաքականության հարցում ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Կոնտեն հեռացավ պաշտոնից։ Նրան փոխարինեց «Լացիոյից» հեռացած իտալացի Սիմոնե Ինձագին։

 

 

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՏԱՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻՆ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգների, ձայնագրությունների եւ այլ նախաձեռնությունների միջոցով նշանավորել եւ շարունակում է կարեւորել հայ մեծանուն ստեղծագործողների հոբելյանները:

 

Լրագրողների հետ հանդիպմանը նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը հիշեցրել է, որ տոնում են Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի 100-ամյակները, Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը:

«Կարեւորում ենք նաեւ մեր ժամանակակից կոմպոզիտորների հոբելյանները: Այս տարի լրանում է Երվանդ Երկանյանի 70, Միխայիլ Կոկժաեւի՝ 75, եւ Ջոն Տեր-Թադեւոսյանի՝ 95-ամյակը: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որը ամեն տարի նվիրում ենք մեկ կոմպոզիտորի եւ նրա շուրջ համախմբում ժամանակակից կոմպոզիտորներին, բայց այս տարի այնքան շատ էին հոբելյանները, որ ամբողջ փառատոնը նվիրեցինք  այն հեղինակներին, որոնց հոբելյանը նշվում է այս տարի»,- ասել է Բալբաբյանը:

Խոսելով Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների մասին՝ նա նշել է, որ կոմպոզիտորն ունի գործեր, որոնք երբեւէ չէին հնչել, բայց գեղարվեստական բարձր արժեք ունեն: Նվագախումբը հուլիսին ձայնագրելու է այդ ստեղծագործությունները, որոնց նոտաներն այժմ թվայնացվում են: Նախագիծն իրականացնելու են Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի եւ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի հետ համագործակցության շրջանակում:

Իսկ Էդվարդ Միրզոյանի հարյուրամյակի առթիվ նվագախումբը հուլիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեցնի Միրզոյանի Քնարական պատկեր «Շուշանիկ», Սիմֆոնիա գոսերի եւ լարայինների համար (Գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի) եւ կինոերաժշտությունը:

Սիմֆոնիկ նվագախումբն արդեն համերգով անդրադարձել է Բաբաջանյանի հարյուրամյակին, սակայն այնքան մեծ է կոմպոզիտորի ժառանգությունը, որ դեռ բավական մեծ աշխատանք ունեն անելու թե՛ նոտաների վերականգնման, թե՛ տարբեր հարթակներում նրա գործերը ներկայացնելու ուղղությամբ:




Լրահոս