ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՊԾ գնդի գրավումից 5 տարի անց. որտեղ են հիմա «Սասնա ծռեր» խմբավորման անդամները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՊԾ գնդի գրավումից անցել է հինգ տարի: 5 տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, Երեւանում կրակոցներ հնչեցին,  մոտ 30 ազատամարտիկներ գրավել են ոստիկանության ՊՊԾ գունդը: Այսպես սկսվեց «Սասնա ծռերի» ըմբոստությունը:  Ի սկզբանե այն ներկված էր գրոհի ժամանակ զոհված երեք ոստիկանների արյամբ՝ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի, հետմահու լեյտենանտի կոչում ստացած Յուրի Տեփանոսյանի: Հուլիսի 31-ին զինված խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքերը վայր դնելու մասին և որպես ռազմագերի իշխանություններին հանձնվելու մասին։ Ժամը 20-ից սկսեց նրանց հանձնվելու գործողությունը, որի միջնորդ կողմ էր Վիտալի Բալասանյանը։ Քիչ անց ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց և զինված խմբի անդամներին որակեց ահաբեկիչ և գործողությունը անվանեց հակաահաբեկչական։

Ինչ ունենք այդ դեպքերից հինգ տարի անց. հոկտեմբերին մահացավ զինված խմբին անդամակացած ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ»), ավելի վաղ՝ 2017-ի մարտին մահացել էր Արթուր Սարգսյանը, ով հանրությանը հայտնի է որպես «Հաց բերող»: Իսկ ուր են խմբավորման անդամները, եւ ինչով են զբաղվում:

Այս տարվա փետրվարին դատարանը որոշեց մեղավոր ճանաչել խմբի անդամներին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար:

Դատարանի որոշմամբ՝ Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի փաստացի կալանքի տակ մնալու ժամկետը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը։ Վարուժան Ավետիսյանը դատապարտվեց  9 տարի 6 ամիս ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի ժամկետը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ազատազրկումը։

Սմբատ Բարսեղյանին դատարանը մեղավոր ճանաչեց երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան մեջ` դատապարտելով 25 տարվա ազատազրկման։

Խմբի մյուս անդամներից Գագիկ Եղիազարյանը դատապարտվեց 7 տարի 5 ամսվա, Արեգ Կյուրեղյանը՝ 7  տարի 1 ամսվա, Արմեն Բիլյանը՝ 4 տարվա, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամսվա, էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամսվա, Մխիթար Ավետիսյանը՝  7 տարի 6 ամսվա ազատազրկման:

Զինված խմբի ու երեք տարի առաջ ձևավորված համակիրների խմբի հենքի վրա «Սասնա ծռեր» կուսակցություն ձևավորվեց, որը հասցրեց մասնակցել  թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Արդեն այս տարվա ընտրություններին կուսակցությունը մասնակցեց այլ անվամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս