ՍՅՈՒՆԻՔԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԸ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետք է հասկանալ՝ երեկ Սյունիքում ինչ է կատարվել, նոր գնահատականներ տանք»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նա նշեց, թե երեկ անհետացած զինվորների հետ կապված որեւէ տեղեկատվության չի տիրապետում, եւ ամեն ինչ հնարավոր է, որ տեղի ունեցած լինի:

 

-Սյունիքի եւ Սեւ լճի հատվածից նախօրեին 2 զինվորների հետ կապը կտրվել է, որեւէ ինֆորմացիա չկա: Ինչո՞ւ է նորից շարունակվում անվտանգ չլինել Սյունիքը:

-Սպասենք, հլը տեսնենք՝ ինչ է եղել այդ զինվորների հետ, ինչ խնդիր է առաջացել, հետո հասկանանք, թե ում մեղավորությունն է, եւ ինչ եղանակով է դա իրականացվել: Պետք է հասկականք, թե ինչ է կատարվել: Ամեն ինչին պետք է պարզաբանում տան, որ կարողանանք գնահատականներ հնչեցնել:

-Գերի չե՞ն ընկել: Տեղեկություններ ունե՞ք:

-Չեմ կարող ասել: Ոչ մի տեղեկատվություն չունեմ, թե կապը կտրվելն ինչ հանգամանքների հետ է կապված: Գուցե եղանակային պայմաններն այն չեն եղել, կամ սահմանահատում է եւ այլն: Ամեն ինչ հնարավոր է տեղի ունենա, այս պայմաններում բացառված չէ, բայց սպասենք պաշտոնական պարզաբանումներին:

-Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ Սյունիքն անվտանգ է: Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում էր խոսել Սյունիքի հատվածների մասին, Երեւանի, Սեւանի մասին, թե դրանք իրենց նախկին տարածքներն են եղել: 

-Ալիեւը գլուխը պատին է տվել, եւ հաջորդ անգամ այդ հարցը չտաք՝ Սյունիքն անվտանգ է, թե ոչ: Նման պոպուլիստական հարցեր մի՛ տվեք: Այս հարցը ինքն իրենով շատ սխալ հարց է: Այո, Սյունիքի ժողովուրդն այսօր անվտանգ է ապրում: Բոլոր իրավապահ մարմինները, պաշտպանական կառույցներն աշխատում են այնպես, ինչպես որ պետք է, բայց մենք ունեցել ենք պատերազմ, եւ այս պատմության մեջ մենք պետք է հաշվի առնենք, որ պատերազմի վտանգները կան, լինելու են, եւ դրա միակ երաշխիքը, որ չլինի, դա ուժեղ պետությունն ու բանակն է, որ պետք է ստեղծենք: Ինչքան ուժեղ, այնքան անվտանգ: Այսօր Սյունիքի ողջ հյուրանոցային բիզնեսը անկում է ապրել զուտ այսպիսի հայտարարությունների պատճառով, եւ այս մարդիկ չեն կարողանում համոզել տուրիստներին, որ Սյունիքում որեւէ խնդիր չկա:  Անգամ մեր հայերը խուսափում են Սյունիք գնալ, որովհետեւ մտածում են, որ այնտեղ լուրջ խնդիրներ կան, սակայն իրականում չկան:

-Պարո՛ն Խաչատրյան, իշխանությունն ուզում է գլխատե՞լ Սյունիքի մարզը՝ կալանավորելով համայնքապետերին:

-Սյունիքի գլուխը ո՛չ համայնքապետերն են, ո՛չ էլ համայնքապետարանն է: Սյունիքն ունի իր ազգաբնակչությունը, եւ եթե կան առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ապա պետությունն անպայման պետք է արձագանքի: Եթե առ այսօր չեն արձագանքել, ապա շատ սխալ են արել եւ վատ են աշխատել համապատասխան մարմինները: Այսուհետ պետք է աշխատի, եւ մենք էլ վերահսկելու ենք, որ բոլոր պետական կառույցները, հատկապես՝ իրավապահները, գտնվեն իրենց դերում եւ դիրքում, անեն այն, ինչը պետք է անեն:

-Ինչո՞ւ է իրավապահ համակարգը կենտրոնացել Սյունիքի մարզում: Բոլոր համայնքապետերը հանցագո՞րծն էին: Մինչեւ այս իշխանությունը գիտեր, ինչո՞ւ չէր բացահայտում:

-Ոչ, մինչեւ այս կային քրեական գործեր հարուցված կամ դատարան ուղարկված: Դրանք 1-2 օրվա գործեր չեն, դրանք վաղուց հարուցված գործեր, նույնիսկ տարիներ առաջվա գործեր են, ուղղակի հիմա գտնվում են դատաքննության փուլում:  Վրեժ չենք կարող լուծել. եթե հանցագործության հատկանիշ չկա, մարդը հանցագործություն չի կատարել, ինչպե՞ս պետք է այդ մարդուց վրեժ լուծես: Նման բան չկա: Սա միայն Սյունիքում չէ: Բոլոր համայնքերում, պետական կառույցներում պետք է ստուգումներ իրականացվեն, եւ հանցագործության դեպքերն ի հայտ բերվեն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

ՀԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գորիսի կրակոցների գործը տեղափոխվեց Երեւանի քննչական կոմիտե. այն կքննի ՀԿԳ վարչությունը: Իսկ ինչո՞ւ գործը տեղափոխվեց Երեւան: Բանն այն է, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Մասիս Պողոսյանը, Սյունիքի մարզի դատախազի տեղակալն է, ուստի այս պայմաններում օբյեկտիվ քննության մասին խոսք լինել չի կարող: Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ Գորիսի կրակոցների գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, տարել են ոստիկանության Գորիսի բաժին: Նրան այդ դեպքի մասին հարցեր են ուղղել: Սեյրան Խաչատրյանը ասել է, թե, իբր, բան չգիտի: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել, բայց կոնկրետ ինչ, իրավապահները պարզում են: Ավելին, իրավապահները այս պահին փնտրում են գործող մարզպետի որդուն: Նշենք, որ երեկ՝ ուշ երեկոյան, կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել է եւ նրան տեղափոխել են Երեւան: Ըստ լուրերի՝ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որին իրավապահները փնտրում են:

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ

Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ: ArmLur.am-ի հետ զրույցում պայմանագրային զորամասի տնտեսական բաժնի աշխատակիցները հայտնեցին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը որոշել է զրկել պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սննդից, ընդ որում` ըստ նրանց՝ խոսքը վերաբերում է թե՛ ներքին վերակարգին, թե՛ մարտական հերթապահություն իրականացնողներին։ Ավելին, տնտեսական բլոկի մի խումբ աշխատակիցներ մեկ օրվա մեջ են իմացել, որ պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սնունդը այլես չի լինի, եւ իրենք գործազուրկ են, իսկ զորամասեր սնունդ ապահովվող ընկերությունն էլ հրաժարվել է տրամադրել խոհարարների աշխատավարձը:

Պայմանագրային զինծառայողներն ու տնտեսական բլոկի աշխատակիցները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ չեն լռելու եւ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու: Իսկ այս իրավիճակում ցավալին այն է, պատգամավորական ծախսերի գումարը 50 հազարից դարձնում են 250 հազար՝ զինվորին թողնելով սոված:

 

ՄԵՍՐՈՊ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Է ԽԱՂՈՒՄ

«Առաքելություն» կուսակցության ղեկավար, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը 2018 թվականի հեղափոխությունից հետո դարձավ իշխանությունների սիրելին, երեկ հանկարծ պարզվեց, որ ներկայիս իշխանությանը դեմ է եւ որպես ընդդիմություն է հանդես գալիս:

 

Երեկ Առաքելյանը, որը պաշտոններ էր պահանջել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանինց ու չէր ստացել, ինչի համար հրաժարական էր ներկայացրել նախարարի պաշտոնից, որոշել է իր ֆեյսբուքյան էջով քննադատել հայրենի իշխանությունների կողմից բերված նախագիծը՝ պատգամավորների գործունեության հետ կապված ամսական ծախսերի վերաբերյալ: «Աժ պատգամավորների կողմից, ովքեր այլեւս պատգամավոր չեն լինելու, արտահերթ նիստով նախաձեռնել են պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը 50,000 դրամից դարձնել 250,000 դրամ՝ հիմնավորելով, որ պատգամավորների թիվը նվազել է, Աժ-ի ծախսերը նվազել են, այս բարձրացման համար նոր գումար պետք չի… Զարմանալի է նաեւ հիմնավորումը։ Նախ պատգամավորների թիվը շարունակում է լինել օրենքով նախատեսվածից ավել ինչպես գործող, այնպես էլ նոր ԱԺ-ում, հետեւաբար ԱԺ-ի ծախսերը եղել են եւ շարունակելու են լինել նախատեսվածից ավել։ Տղե՛րք, ես էլ նախարար եղած ժամանակ պարգեւավճար չեմ ստացել նույն տրամաբանությամբ, դիմեք Սոցապ, դա էլ կիսվեք, մինչեւ վերջին շունչը օրենսդրական բացառիկ գործունեությամբ զբաղվելու համար»,-հայտարարել էր նախկին նախարարը։

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է կրկին քաղաքական գործունեությամբ զբաղվել, այս անգամ՝ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ, ով պատրաստվում է կուսակցություն հիմնել: Առաքելյանն էլ արդեն ստանձնել է ընդդիմության դաշտում խաղալու իր առաքելությունը ու սկսել է քննադատել երբեմնի սիրելի իշխանությունների վարած քաղաքականությունը: Մենք տեւական ժամանակ է՝ փորձում ենք կուսակցության հիմնման, առաջիկա անելիքների շուրջ զրուցել ե՛ւ Ռուբեն Վարդանյանի, ե՛ւ Մեսրոպ Առաքելյանի հետ, սակայն ապարդյուն: Վերջիններիս հետ որեւէ ձեւով մեզ չի հաջողվում կապ հաստատել:

Ի դեպ, նշենք, որ ներկայիս խորհրդարանում՝ «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք «Առաքելություն» կուսակցությունն են ներկայացնում, ու նրանց գործունեությունը խորհրդարանում կարծես գաղտնի լինի, քանի որ վերջիններս ո՛չ խոսում են, ո՛չ ելույթ ունենում, ո՛չ տեսակետ հայտնում. լուռ լսողի ու քվեարկողի դերում են:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս