Pfizer-ը արդյունավետ է կորոնավիրուսի «Դելտա» շտամի դեմ․ մասնագետների ուսումնասիրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Pfizer և BioNTech կոնսորցիումի, ինչպես նաև AstraZeneca-ի դեղորայքով ամբողջական պատվաստումը ապահովում է բարձր պաշտպանություն կորոնավիրուսի «Դելտա» շտամից: Այս մասին են վկայում New England Journal of Medicine-ի կողմից հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, մասնագետները կատարել են հիվանդության ընթացքի վերլուծություն՝ Անգլիայում տվյալ պատվաստանյութերով պատվաստված բուժառուների շրջանում: Ըստ դրա արդյունքների՝ պարզվել է, որ «Դելտա» շտամով վարակվելու դեպքում, պատվաստանյութի երկու դեղաչափերով պատվաստումը տալիս է գրեթե նույն մակարդակի պաշտպանվածություն, ինչպես «Ալֆա» շտամի դեպքում, որն ի հայտ է եկել Մեծ Բրիտանիայում և հատկապես տարածվել 2021-ի սկզբին:

Այսպիսով, Pfizer-ի և BioNTech-ի դեղամիջոցի երկու բաղադրիչներով պատվաստումը ապահովել է 88% պաշտպանություն «Դելտա» շտամով վարակվելուց, «Ալֆա» ենթատեսակի դեպքում՝ 93,7%-ի համեմատ: AstraZeneca պատվաստանյութի երկու դեղաչափերն ապահովում են 67% պաշտպանություն «Դելտա» շտամից և 74,5% «Ալֆա» շտամից:

«Պատվաստանյութերի երկու դեղաչափերի ընդունումից հետո այդ դեղամիջոցների արդյունավետության համեմատությունը՝ «Դելտա» և «Ալֆա» շտամի դեպքերում, միայն փոքր տարբերություններ է տվել»,- շեշտվում է հոդվածում:

«Այս եզրակացությունները խոսում են խոցելի բնակչությանը դեղամիջոցների երկու դեղաչափերով պատվաստելու ջանքերի մասին»,- ընդգծում են հեղինակները:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյսուսը նախազգուշացրել էր «Դելտա» շտամից կորոնավիրուսի ավելի վտանգավոր ենթատեսակի սպառնալիքի մասին, որը կարող է «փախչել» առկա պատվաստանյութերի ազդեցությունից: Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր երկրի բնակչության 70%-ի պատվաստումը հաջորդ տարվա կեսերին ոչ միայն կդադարեցնի նոր կորոնավիրուսի համավարակը, այլև կվերագործարկի համաշխարհային տնտեսությունը:




Լրահոս