Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես կտրվել աշխատանքից եւ վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ: ArmLur.am-ը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ, ով օրերս է ծովափնյա հանգստից վերադարձել:
«Այս տարի հանգստացել եմ ամուսնուս հետ 9 օր Եգիպտոսում: Այս անգամ ընտրեցինք Հուրգադան, շատ ակտիվ հանգիստ ունեցանք: Ուսումնասիրեցինք Հին Եգիպտոսը, հատկապես դա շատ կարեւոր էր ինձ համար, քանի որ ես արվեստի պատմությունից շատ էի ուսումնասիրել, բայց երբեք իրականում չէի տեսել: Յուրահատուկ զգաղողություն էր ինձ մոտ առաջանում, երբ մանրամասնորեն ուսումնասիրում էինք դամբարանները, ճարտարապետական հին կոթողները, աստվածների մարմինները: Աննկարագրելի ազդեցիկ եւ շատ տպավորիչ էին, կարծես մի պահ հայտնված լինեինք հենց այդ ժամանակաշրջանում: Ունեցել ենք հետաքրքիր նավարկություն, անցանք Նեղոս գետի վրայով, եւ այդպես արկածներով եւ հետաքրքիր պատմություններով լի հանգիստ ունեցանք: Ամենակարեւորն այն էր, որ առաջին անգամ մենք հանգստի ենք մեկնել միայնակ, առանց երեխաների: Եվ ստացվեց այնպես, որ 10 տարի անց մեր մեղրամիսն այսպես անցկացրեցինք: Ինձ համար այս հանգիստն ավելի բացահայտող էր մեզ համար, բայց միեւնույն ժամանակ դժվար էր, քանի որ կարոտում էինք երեխաներին, թեպետ անընդհատ կապի մեջ էինք: Երեխաներին ամեն մեկին այնպես էինք դասավորել, որ իրենց հարմար լիներ: Փոքր տղայիս մայրիկիս էի տվել, մեծ տղաս մանկապարտեզում էր, դե աղջիկներն էլ արդեն բավականին մեծ են»,-պատմում է դերասանուհին:
Անահիտի խոսքով՝ ամուսնության 10-ամյակի կապակցությամբ զույգը հաճելի մեղրամսի է մեկնել դուստրերի հորդորով. «Աղջիկներս միշտ ասում էին՝ գնացե՛ք, մի քիչ երկուսով մնացե՛ք: Մեծ աղջիկս շուտով պսակադրվելու է, փոքր աղջիկս սեպտեմբերին դառնալու է չափահաս, այսինքն՝ տանն ունեմ լիակատար ինձ աջակցողներ եւ օգնականներ, եւ այն խնդիրները, որոնք ես ինքս էի որպես մայրիկ կարգավորում, հիմա արդեն գիտեմ, որ ունեմ ինձ փոխարինողներ, որոնց կարող եմ վստահել ամեն ինչ: Երեխաներիցս ամենածանրը մեր բացակայությունը տարավ փոքր տղաս՝ Մհերը. դեռ չի խոսում, եւ չէր կարողանում լիակատար իր կարոտը արտահայտել»:
Դերասանուհու փոխանցմամբ՝ Եգիպտոսում հանգիստը նրան օգնել է ամուսնու հետ լինել աառավոտից երեկո՝ 9 օր շարունակ: Դերասանուհին նշում է, դա շատ կարեւոր էր նրանց հարաբերությններում:
«Ամեն օր լողացել ենք, շատ պատրաստված ձեւով, ուսումնասիրել ենք ծովի հատակը եւ ձկնատեսակներին: Կարեւոր էր, որ այս անգամ նոր բաներ բացահայտեցինք, հավես էր պասիվ ու ակտիվ հանգիստը համադրելը: Եվ աշխատանքից կտրվելը պարզապես վայելել արեւն ու ծովը սիրելի տղամարդու հետ միասին»,- մեզ հետ զրույցում հավելում է Անահիտը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի առաջին հանդիպումը: Սոֆտբոլ-բեյսբոլի կանանց մրցաշարում Ճապոնիայի հավաքականը 8:1 հաշվով հաղթել է ավստրալուհիներին: Սոֆտբոլի մրցաշարը կանցկացվի հուլիսի 21-27-ը: Մեդալները կվիճարկեն կանանց 6 թիմեր: Սոֆտբոլի մրցումները 2008-ից հետո առաջին անգամ են անցկացվում Օլիմպիական խաղերում (պատմության մեջ 5-րդ անգամ): Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ից առաջ Օլիմպիական խաղերի ծրագրում ավելացվել էին 5 մարզաձեւեր, որոնցից մեկը սոֆտբոլն է: Մյուս 4 մարզաձեւերն են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը եւ սքեյթբորդինգը:
ՈՒՂԵԳԻՐ Է ՆՎԱՃԵԼ
Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում բրազիլական «Աթլետիկո Մինեյրոն» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է արգենտինական «Բոկա Խունիորսին» եւ նվաճել հաջորդ փուլի ուղեգիր: Ինչպես առաջին խաղում, այնպես էլ պատասխան մրցավեճում գրանցվել է 0:0 հաշիվը: Բրազիլիայում տեղի ունեցած պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բոկա Խունիորսի» մեկնարկային կազմում հանդես է եկել 81 րոպե: Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը հունիսի 18-ին արգենտինական «Ուրականից» էր տեղափոխվել «Բոկա Խունիորս», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Բալեկյանը 2018 թվականից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել էր 2016-ին:
ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄՆ Է ՆՎԱՃԵԼ
«Միլուոկի Բակսը» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոնի կոչումը: Եզրափակիչի 6-րդ խաղում «Միլուոկին» 105:98 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ֆինիքսի» նկատմամբ եւ շարքի հաշիվը դարձրեց 4:2: Եզրափակիչի մեկնարկային 2 խաղերից հետո «Ֆինիքսը» հաղթում էր 2:0 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Միլուոկիի» առաջատար Յաննիս Ադետոկումբոն, որը հավաքել է 50 միավոր: «Ֆինիքսի» կազմում ամենաարդյունավետը 26 միավոր հավաքած Քրիս Պոլն էր: Յաննիս Ադետոկումբոն ճանաչվել է նաեւ եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր խաղացող: Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը: «Միլուոկի Բակսը» NBA-ի չեմպիոն դարձել էր մեկ անգամ՝ 1971 թվականին: Հիշեցնենք, որ «Միլուոկին» նախորդ անգամ NBA-ի եզրափակիչում խաղացել էր 1974-ին, իսկ «Ֆինիքսը»՝ 1993-ին:
ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՄՈՒԼՏՖԻԼՄ
Օրեր առաջ հայտնի է դարձել, որ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն աշխատում է Netflix սթրիմինգային ծառայության նախագծի վրա, որի հետ դուքսերը բազմամիլիոնանոց պայմանագիր ունեն։ Արքայազն Հարիի կնոջից բացի, նախագծի պրոդյուսերն է Էլթոն Ջոնի զուգընկերը՝ Դեւիդ Ֆերնիշը։ Նրա խոսքով՝ մուլտսերիալը կենտրոնացած կլինի 12-ամյա աղջկա կյանքի վրա, որը փորձում է հաղթահարել ամենօրյա դժվարություններ։
«Մեգանը՝ Սասեքսի դքսուհին եւ ես հետաքրքրված ենք ցանկացած տարիքի գլոբար լսարանին հասցնել ամբողջ աշխարհից նշանավոր կանանց ոգեշնչող եւ դրական պատմությունները»,- ասել է Դեւիդը։ Նա նաեւ նշել է, որ նախագծի վրա աշխատանքը սկսվել է որոշ ժամանակ առաջ։
Ավելի ուշ ամերիկյան հայտնի պարբերականի լրագրողներին հայտնի է դարձել, որ նախագիծը ստացել է «Pearl» աշխատանքային անունը։ Մուլտերիալի գլխավոր հերոսուհու անունը Փերլ է, որը թարգմանվում է որպես Մարգարիտ։ Հետաքրքիր է, որ Մեգան անունը ուելսյան է, եւ այն եւս նշանակում է Մարգարիտ։
Նյութի հեղինակների կարծիքով՝ Մեգանը որոշել է անձամբ դառնալ հերոսուհու նախատիպը։ Ընդ որում, սա առաջին անգամը չէ, երբ դքսուհին պրոֆեսիոնալ նախագծերի համար ոգեշնչվում է անձնական կյանքից։