ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 46 ՀԱՍՑԵՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՇԵՆՔ ԵՆ ՔԱՆԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության 46 հասցեում 19-րդ դարում կառուցված հուշարձան-շենքի մի հատված հնարավոր է քանդվի. այս մասին ահազանգում են քաղաքացիները։

 

ArmLur.am-ը եղել է տեղում, զրուցել է տեղի բնակիչ, նկարիչ Արա Շահումյանի հետ, ում խոսքով՝ հերթական անգամ ապօրինի փորձում են վերացնել Երեւանի հին պատմամշակութային  արժեք ունեցող շենքերից մեկը:

«Օրինակ ես հանդես եմ գալիս որպես Ֆիրդուսի սեփականատեր  այստեղ, իսկ բնակիչը կարող է լինել վարձակալության հիմունքներով բնակվող, եւ, որպես քաղաքացի, ինձ մտահոգում եւ անհանգստացնում է այս պատմամշակութային շենքի ճակատագիրը, որը հնարավոր է վերականգնել որպես մշակութային արժեք հին Երեւանից: Ոմն ընկերության ներկայացուցիչերը մեզ բացատրում էին, որ քանդելու են շենքի կեսը, քանի որ շենքի մի մասն իբրեւ թե կավային շերտ ունի, բայց ցանկացած հասկացող մարդ կհասականա, որ մշակութային արժեք ունեցող ցանկացած շինություն կիսով չեն պահպանում, այն պետք է լիարժեքորեն պահպանվի, եթե անգամ կավե շերտ կա, ուրեմն պետք է վերականգնել, ճաքերը ամրակայել, այլ ոչ թե կեսը քանդեն՝ պատճառաբանելով, որ այն կավից է: Ես իմ կյանքում առաջին անգամ եմ նման անհեթեթություն լսում: Բացի դա, մեզ փորձում էին ասել, որ թղթեր ունեն համապատասխան կառույցներից, որ ամեն բան արվում է օրենքի շրջանակներում, բայց պարզվեց, որ թղթեր էլ չունեին, փորձում էին ինչ-որ բաներ ցույց տալ անհասկանալի, որ նույնիսկ իրենք էին խճճվել»,- ասում է Արա Շահումյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ որպես Երեւանի մտահոգ քաղաքացի՝ ամեն բան փորձելու է անել, որպեսզի պահպանի շենքը՝ անկախ նրանից, թե սեփականատերն ինչ նկրտումներ կունենա:

«Սա մշակությային արժեք ներկայացնող շինություն է, այլ ոչ թե բիզնեսի կամ ինչ-որ այգու համար նախատեսված տարածք, սա մեր հին Երեւանի ժառանգությունն է, որն օր օրի ոչնչացվում է մեր Կառավարության տարբեր ներկայացուցիչների թեթեւ ձեռքով: Սա մեկ օրվա խնդիր չէ, այս խնդիրն  առկա է արդեն 30 տարի: Գերակա շահ հասկացողության եզրույթը սկսվում է հենց այստեղից: Ֆիրդուսի սեփականատերերն արդեն 20 տարի է՝ դատարաններում բողոքարկում են, եւ վերջին անգամ դատի ենք տվել, որքան հիշում եմ, 2019 թվականին եւ դեռ սպասում  ենք դրա պատասխանին, հետեւաբար այն  դեռ ընթացքի մեջ է: Այս ամբողջ 33 թաղամասը, որը բաղկացած է Ֆիրդուսի, Խանջյանի, Տիգրան Մեծի, Հանրապետության նրբանցքի եւ Հանրապետության փողոցի եւ այլ փողոցներից, սկսվում եւ ավարտվում է գերակա շահի եզրույթից եւ անօրինականությունից»,- մեծ վրդովմունքով նշում  է մեր զրուցակիցը:

Չնայած որ կապալառու ընկերության ներկայացուցիչը  քաղաքացիներին վստահեցրել է, որ շենքն ամբողջությամբ մնալու է նույնը, միայն վերականգվելու է կավային մասը, որը պատմամշակութային արժեք իրենից չի ներկայացնում, այնուամենայնիվ այս պատասխանը տեղացիներին չի գոհացնում եւ վստահություն չի ներշնչում:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ՄԱՐԶԱՅԻՆ JAZZԱՖԻԿԱՑԻԱ»

Ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը եւ Arm.Strong Production ընկերությունը օգոստոսի 1-3-ը հանդես կգան «Մարզային JAZZաֆիկացիա» նախագծով: Վահագն Հայրապետյանի խոսքով՝ օգոստոսի 1-ին երաժիշտները ելույթ կունենան Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում, օգոստոսի 2-ին՝ Լոռու մարզի Օձուն գյուղի արվեստի դպրոցում, օգոստոսի 3-ին՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը։

 

Հայրապետյանն ընդգծել է, որ «Վահագն Հայրապետյան տրիոն» (Վահագն Հայրապետյան՝ դաշնամուր, Մակար Նովիկով՝ կոնտրաբաս, Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ) կկատարի ինչպես ջազային ստանդարտներ, այնպես էլ Վահագն Հայրապետյանի հայտնի ժողովրդական մեղեդիների մշակումները։ «Տրիոյի հետ, որպես հատուկ հյուր, ելույթ կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Երգչուհին եւ տրիոն կներկայացնեն համաշխարհային եւ հայկական երաժշտարվեստի գլուխգործոցները՝ մշակված հատուկ «Մարզային JAZZաֆիկացիա» նախագծի համար»,- նշել է Հայրապետյանը:

Յուրաքանչյուր համերգ կուղեկցվի նաեւ դասախոսություններով, որոնց շրջանակներում կներկայացվի կատարվող ստեղծագործությունների պատմությունը, կխոսվի համաշխարհային եւ հայ երաժշտարվեստում այդ ստեղծագործությունների դերի, նշանակության, կարեւորության մասին: Համերգից հետո արտիստները պատրաստակամությամբ կպատասխանեն ունկնդրի հարցերին: Համայնքի ներկայացուցիչների ցանկության դեպքում ծրագրի մասնակից երաժիշտները կանցկացնեն նաեւ վարպետության դասեր եւ երիտասարդ երաժիշտների լսումներ։ Նախագիծը միասնական հարթակ կստեղծի տարբեր կրթական եւ սոցիալական միջավայրերում ձեւավորված պատանիներին ու երեխաներին հաղորդակցվելու, մի նպատակի շուրջ համախմբվելու եւ միասին գործունեություն իրականացնելու համար, իսկ նախագիծն ընդհանուր առմամբ կնպաստի մշակույթի համաչափ զարգացմանը, ինչպես նաեւ երաժշտարվեստի  հասանելիության եւ մատչելիության ապահովմանը:

Վահագն Հայրապետյանն անդրադարձել է  նաեւ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգներին՝ նշելով, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հետ են աշխատում եւ համագործակցելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ հուլիսի 27-ին ելույթներ են ունենալու Գորիսում, 28-ին՝ Կապանում, իսկ  հուլիսի 31-ին հանդես են գալու Երեւանում՝ Կամերային երաժշտության տան բակում:

 

 

 




Լրահոս