Առաջին կիսամյակում Լոռու մարզում ընտանեկան բռնության դեպքերով հարուցվել է 10 քրգործ, կայացվել՝ 2 մեղադրական դատավճիռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները: Ըստ այդմ՝ 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նման 1 դեպք էր արձանագրվել:

Նման տարբերությունը պայմանավորված է մարզի տարածքում ընտանեկան բռնությունների դեպքերից տուժած քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին դիմելու հարցում ցուցաբերվող ակտիվությամբ, ինչպես նաև նման դեպքերին քրեաիրավական գնահատականներ տալու հարցում մարզի դատախազության կողմից ցուցաբերվող ընդգծված հետևողականությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018թ. հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր մեղադրանքի դեպքերով, հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ, դատախազի գնահատմամբ, անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:

Հիմնվելով այս իրավակարգավորման վրա՝ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում 2021թ.-ի ընթացքում հանրային մեղադրանքի կարգով հարուցվել է 10 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ կամ 118-րդ հոդվածների, մեկ դեպքում՝ ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 118-րդ հոդ­վա­ծի և 137-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի հատկանիշներով:

Օրինակ՝ մեկ դեպքում Ալավերդի քաղաքի բնակչուհին ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, ամուսինը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածքներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում կինը տվել է հաղորդմանը նույնաբովանդակ բացատրություն՝ հավելելով, որ ամուսինը նախկինում նույնպես իր նկատմամբ գործադրել է բռնություն, սակայն հաշտվել է նրա հետ և որևէ բողոք, պահանջ չի ներկայացնում:

Ամուսինն իր բացատրությամբ չի հերքել, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իրենց բնակարանում ծեծի է ենթարկել կնոջը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մարմնական վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ամուսինը կնոջը ծեծի ենթարկելու համար 2020թ.-ի հունիսի 1-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության աոաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և դատապարտվել է 40000 ՀՀ դրամ տուգանքի:

Սակայն հաջորդ իսկ օրը՝ 2020թ. հունիսի 2-ին, վերջինս կրկին ծեծի է ենթարկել կնոջը, որի վերաբերյալ նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Նյութերում առկա փաստական տվյալների ուսումնասիրության արդյունքում, գնահատելով, որ իր անօգնական վիճակի փաստի ուժով կինը չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը, նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ:

Կամ՝ մեկ այլ դեպքում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի շենքերից մեկի բնակիչը ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։00֊ի սահմաններում, որդին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում բնակարանում դանակով հարվածներ է հասցրել իր դեմքի և գլխի շրջաններում ու պատճառել մարմնական վնասվածքներ։

Որդին իր բացատրությամբ չի հերքել, որ վիճաբանել է հոր հետ և դրա ընթացքում սեղանի վրայից վերցրած խոհանոցային դանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է նրա գլխի շրջանին։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մարմնական վնասվածքների մի մասը հասցվել են սուր կտրող գործիքի (դանակի) ներգործությունների հետևանքով, իսկ մի մասը՝ բութ, կոշտ առարկաների հատվածների կամ գործիքների՝ այդ թվում նաև կարող էին առաջանալ դանակի բութ հատվածների հետևանքով։

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անձը, մինչև վերոհիշյալ դեպքը, կրկին վիճաբանել է հոր հետ, որի ընթացքում ձեռքին գտնվող երկաթյա հարթաշուրթով հարվածել է նրա գլխին, որի վերաբերյալ Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին։

Այսինքն՝ այդ դեպքում ևս ակնհայտ է եղել որդու և հոր միջև առերևույթ ընտանեկան բռնությանը բնորոշ փոխհարաբերությունների առկայությունը, վերջինիս՝ անօգնական վիճակի փաստի ուժով իր իրավունքները պաշտպանել չկարողանալու հանգամանքը, ինչից ելնելով՝ նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Ընդհանուր առմամբ, նշված 10 քրեական գործերով ընտանեկան բռնությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 10 անձանց նկատմամբ: Իսկ 2 քրեական գործ՝ երկու անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար, որոնցով արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Հաշվի առնելով, որ բռնությունների գործադրման դեպքերն ընտանիքներում կրկնվել են, իսկ ոստիկանությունը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ունի ընտանիքում բռնության կանխարգելմանը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված միջոցառումներ իրականացնելու կոնկրետ հանձնառություններ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Հովհաննիսյանին: Մարզի դատախազն ընդգծել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժինների աշխատակիցների կողմից ընտանեկան բռնությունների նախականխման, կանխման, խափանման և արձանագրման, ընտանիքի անդամների նկատմամբ բռնություններ կիրառած անձանց վարքագծի նկատմամբ հսկողության, օրենքով նախատեսված ներգործության միջոցների կիրառման աշխատանքներն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը:




Լրահոս