ԱՂԱՎԱՂՈՒՄ Է ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանի առաջ քաշած «Միջանցքի բացման» գաղափարը աղավաղում է եռակողմ հայտարարությունների նպատակը»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հարցում խոչընդոտներ հարուցելու մեջ։

 

2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը դիտարկելիս պետք է առաջնորդվել հստակ փաստերով եւ ոչ թե այդ հայտարարությունների յուրովի մեկնաբանմամբ։ Իսկ փաստերը հետեւյալն են.

Հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո ադրբեջանական զորամիավորումները խախտել են հայտարարության առաջին կետը, որի համաձայն՝ կողմերը պետք է մնային իրենց դիրքերում, եւ հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել եւ գերեվարել հայ զինծառայողներին։

Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց փոխանակումը։ Ավելին, հայ ռազմագերիները ենթարկվում են քրեական հետապնդման, ինչը նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից սկսած ներթափանցել են եւ շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Հարկ է նշել, որ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետություն այն տարածքներից, որի հանդեպ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման հետեւանքով։ Այսինքն՝ հայտարարությունն իրականացնելու հայկական կողմի կառուցողական մոտեցմանը Ադրբեջանը հակադրել է Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություն իրականացնելու, տարածաշրջանային անվտանգությունը եւ խաղաղությունը խաթարելու քաղաքականություն։ Այն փաստը, որ ադրբեջանական զորամիավորումները գտնվում են Հայաստանի տարածքում, ըստ էության, ընդունել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։

Վերջին շրջանում Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր լինելու ժխտման հայտարարություններով, ինչն իր հերթին խախտում է հայտարարության 7-րդ կետը, որտեղ կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, համաձայնել է «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթին։

Ապաշրջափակման հետ կապված՝ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11 հայտարարությունների իրականացման հարցում Հայաստանը եղել եւ մնում է առավելապես կառուցողական: Ցավոք, Հայաստանի նման կառուցողական մոտեցումը ադրբեջանական կողմը հանրային պաշտոնական հայտարարություններով հետեւողականորեն շահարկել եւ փորձել է շրջանառության մեջ դնել «միջանցքի բացման» գաղափարը, ինչն անընդունելի է եւ ամբողջովին աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը եւ նպատակը: Հատկանշական է, որ այս շահարկումներին զուգընթաց Ադրբեջանը մի կողմից տարածքային եւ պատմական կեղծ պահանջներ է առաջադրել Հայաստանին, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ Հայաստանը չի օգնում Ադրբեջանին ականազերծել հակամարտության գոտու տարածքները, ապա պետք է ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պարունակում ականզերծման ուղղությամբ կողմերի միջեւ համագործակցության որեւէ դրույթ։ Ավելորդ չէ վերհիշել, որ Ադրբեջանն ավանդապես հանդես է եկել այս ուղղությամբ ՀՀ եւ Արցախի հետ որեւէ համագործակցության հնարավորության դեմ։ Ավելին 2017թ. Ադրբեջանի ջանքերով փակվել է ԵԱՀԿ-ի Երեւանի գրասենյակը՝ այն հիմնավորմամբ, որ ԵԱՀԿ այդ կառույցը զբաղվում էր մարդասիրական ականազերծման ծրագրով։

Չունենալով ականազերծման ուղղությամբ համագործակցելու որեւէ հանձնառություն՝ հայկական կողմն այնուհանդերձ երրորդ կողմերի միջոցով տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսեւորում։ Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետեւողական իրականացման մասով։

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲԵՐԴԱՎԱՆՈՒՄ

Անցած կիրակի օրը՝ հուլիսի 25-ին, Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Բերդավան գյուղում բնակարանային երեք գողություններ են եղել։ Այդ օրը Բերդավանի բնակիչները, ինչպես  Տավուշի մարզի բնակչության մեծ մասը, տոնել են Վարդավառը։   Բերդավանցիները  Վարդավառի տոնակատարությունը կատարել են իրենց  գյուղից տասնյակ կիլոմետրերի հեռավորությամբ գտնվող Բերդավանի  սարերում գտնվող ամառանոցներում։  Այդ պատճառով բնակարանային գողերը լիակատար վստահություն են ունեցել, որ տանտերերը տներից բացակայում են, եւ գործել են առանձնակի լկտիությամբ՝ տուն մտնելու համար եվրոպատուհաններ են ջարդել, տներից մեկի կահույքն են վնասել, առանձնատներից մեկի ամբողջ գույքը թափել, տակնուվրա են  արել, որպեսզի տանտերերի ունեցած ոսկե զարդերը  գտնեն։  Բերդավանի բնակիչները պատմեցին, որ տներից մեկում գողերը հափշատակել են 5 միլիոն դրամ, որը տնեցիները բանկերից վարկ էին վերցրել  ինչ-որ ծրագիր իրականացնելու համար։  Առանձնատներից  մեկից գողերը 3 հազար ռուսական ռուբլի են հափշատակել, սակայն չեն կարողացել  հայտնաբերել  տանը գտնված  ոսկեղենը։ Բերդավանի սարից, Վարդավառից  քեֆից վերադառնալուց հետո երիտասարդ տանտիրուհին սարսափահար է եղել՝ տեսնելով, թե գողերն իրենց  տանն ինչ ավերածություններ են գործել։  Ադբեջանին սահմանակից Բերդավանի բնակիչներն անհանգստացած են բնակարանային այդ գողություններով։

 

 

ՍԱՐԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԵՆ ԿԱՌՈՒՑՎԵԼ

Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանը հայտնեց, որ գյուղի սարերի երեք  տարբեր հատվածներում  ճանապարհներ են կառուցվել, որոնք կնպաստեն Հաղարծնի բնակիչների շրջանում անասնապահության զարգացմանը, Դիլիջան ազգային պարկի անտառների հանդեպ բնակիչների անտոպագեն ճնշման նվազեցմանը։ Նա  հայտնեց, որ այդ աշխատանքների ընթացքին հետեւելու համար ինքն այդ օրերին գտնվել  է սարերում։  Ճանապարհներ կառուցելու համար կատարվել են հողի հարթեցման աշխատանքներ, որոշ հատվածներւմ՝ բետոնից ամրություններ են սարքվել։ Հաղարծնի սարերում ճանապարհները կառուցվել  են բնապահպանական միջազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ, համայնքի 10 տոկոս ներդրումով։ Գ. Թամրազյանն ասաց, որ սարերի մի հատվածում կառուցվել է 5 կմ երկարությամբ ճանապարհ, մեկ այլ հատվածում՝ 3 կմ ճանապարհ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանը դեռեւս 2019 թվականին բողոքներ է ստացել այն մասին, որ երեխաների՝ իրենց բնակության վայրին մոտ հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու հարցի հետ կապված կան մի շարք խնդիրներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

 

Թեեւ այդ խնդիրները մասամբ լուծվել են, սակայն 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին շարունակվել են բողոքներ հասցեագրվել: Այսպես, 2020 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվել է տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին, ինչպես նաեւ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին: Թեեւ դպրոցի ընդունելության կարգը հստակեցվել է, սակայն փոփոխություններ կատարելիս կարեւոր էր հաշվի առնել նաեւ բնակության վայրին մոտ բնակվող երեխաների ընդունելության համար առաջնահերթություններ սահմանելը: Բնակության վայրին առավել մոտ դպրոց հաճախելու հետ կապված Պաշտպանը ստանում է բողոքողներ նաեւ 2021 թվականին: Ծնողները նշում են, որ երեխաներին իրենց բնակավայրից հեռու գտնվող դպրոց տանելը դժվարություններ է ստեղծում հատկապես այն դեպքերում, երբ երեխան ունի հաշմանդամություն, տեղաշարժման հետ կապված խնդիրներ: Առանց այն էլ տրանսպորտային միջոցների եւ այլ միջավայրային հարցերում երեխաներն ու իրենց ծնողները բախվում են խնդիրների: Խնդիրն արդիական է նաեւ այն դեպքում, երբ ընտանիքում կան մանկահասակ եւ խնամքի կարիք ունեցող այլ երեխաներ:

Դա դժվարություններ է ստեղծում նաեւ հատկապես տարրական դասարաններում սովորող երեխաների ծնողների համար, որոնք աշխատում են: Ստիպված են լինում երեխաներին տանել դպրոց, որի պատճառով խնդիրներ են ունենում աշխատանքի վայրում:

Բնակության վայրը՝ որպես հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու չափանիշ հաշվի չառնելը ծնողների համար առաջացնում է նաեւ ֆինանսական դժվարություններ:

Հաշվի առնելով խնդրի արդիականությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է կատարել համապատասխան փոփոխություններ, որով հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունելությունն իրականացնելիս չափանիշների թվում առավելություն կտրվի առաջնահերթ դպրոցին առավել մոտ բնակվող սովորողներին:

 




Լրահոս