«ԿԱՐՈՏՆ ԱՀԱՎՈՐ ՇԱՏ ԷՐ». ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը ArmLur.am-ի հետ զրուցել է «Սեւազգեստ կանայք» հումորային ժանրի նոր ֆիլմում նկարահանվելու, կերպարի եւ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի հետ համագործակցության մասին, ինչպես նաեւ դերասանուհին մեզ հետ զրույցում անդրադարձել է ամառային հանգստի չգնալու պատճառներին:

 

Նշենք, որ  ֆիլմում հանդես են գալու Լուիզա Ներսիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Իվետա Մուկուչյանը, Դիանա Մալենկոն, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Արտյոմ Մարկոսյանը, Ելենա Վարդանյանը եւ այլ դերասաններ:

«Նկարահանվում եմ Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» նոր գեղարվեստական ֆիլմում, որը հանդիսատեսի դատի կհանձնվի հաջոդ տարի: Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ Գոռից, նա նախապես ինձ աչքի տակ ունենալով ուղարկել էր սցենարը, եւ քանի որ նա արդեն ինձ պատկերացրել էր, թե ինչ կերպարով պետք է հանդես գամ, սիրով ընդունեցի: Մարմնավորում եմ Կատրինի կերպարը: Ի դեպ, նշեմ, որ ֆիլմում գլխավոր դերակատարները կանայք են, եւ կանանց շուրջ է կառուցված ողջ պատմությունը: Յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է մարդուն բնորոշ բոլոր տեսակները, պարզապես պետք է արթնացնել այդ տեսակը, այդ իսկ պատճառով ես ինձ ցանկացած կերպարում լավ եմ զգում, եւ բոլոր կերպարները կարող ես դարձնել հոգեհարազատ եւ մնալ անտարբեր: Այստեղ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, թե ինչքանով ես դու ինքդ պատրաստ դրան»,- նշում է դերասանուհին:

Լուիզան ընդգծում է, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը չեն խանգարում համատեղել թատրոն, կինո եւ այլ նախագծերում մասնակցություն ունենալը. «Թատրոնն ինձ համար աշխատանք չէ, այլ հոգեվիճակ, ապրելակերպ առանց որի չեմ կարող ապրել, իսկ նախագծերում հանդես գալը,  որոնք լինում են պարբերաբար եւ կրում են կարճաժամկետ բնույթ, կարողանում եմ համատեղել թատրոնի հետ այնպես, որ ոչ մեկը չտուժի: Ինձ համար նկարահանման հրապարակում լինելն արդեն իսկ հանգիստ է, որովհետեւ  ես տեսակով ավելի շատ մտքով հանգստացող եմ, իսկ եթե միտքդ խաղաղ է, մարմինդ այլեւս հանգստի կարիք չունի: Հատկապես երբ երկար ժամանակ կորոնավիրուսի պատճառով փակված էինք տանը, կարոտն ահավոր շատ էր, եւ հիմա կարծես հանգստի գնալու կարիք այլեւս անձամբ ես չեմ զգում: Ես մտքով միշտ եղել եմ  աշխատանքի մեջ եւ մի անգամ չեմ դադարել մտածել աշխատանքի մասին, եւ երբ արդեն ամեն ինչ փոխվեց, այսպես մի անգամից կարոտած մտա աշխատանքայի եռուն գործընթացի մեջ»:

Իսկ ինչ վերաբերում է ամառային արձակուրդին, դերասանուհին մեզ հետ զրույցում հավելում է, որ այս տարի ամառային հանգստի չի մեկնելու, քանի որ իրեն զգում է շատ լավ, առույգ եւ կենսախինդ եւ կարիք չունի հանգստի մեկնելու:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԴԱԼԱԼՈՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ՝ ԱՐՁԱՆ

Սպորտային մարմնամարզության կրկնակի օլիմպիական չեմպիոն Լիդիա Իվանովան անդրադարձել է Ռուսաստանի հավաքականի հաղթանակին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թիմային բազմամարտում: Ռուսաստանի թիմի կազմում օլիմպիական չեմպիոն էին դարձել Արթուր Դալալոյանը, Դենիս Աբլյազինը, Դավիդ Բելյավսկին եւ Նիկիտա Նագորնին: Ռուսաստանի թիմն այդ մրցաձեւում նախորդ անգամ օլիմպիական չեմպիոն դարձել էր 1996 թվականին: «Հսկայական աշխատանքի արդյունքում արդար նվաճած մեդալ է: Մեր մարմնամարզիկներին շատ շնորհակալ եմ: Հիանում եմ, որ ունենք այդպիսի մարզիկներ: Դալալոյանի պատվին պետք է արձան կանգնեցնել այն բանի համար, որ նա կարողացավ կարճ ժամանակահատվածում վերականգնվել վնասվածքից հետո: Բոլորին սրտանց շնորհավորում եմ: Նրանք պարզապես Ռուսաստանի հորեսներն են»,- Լիդիա Իվանովայի խոսքը մեջբերում է «ճպՎտՌՏվՈՑ»-ը:

Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանը Տոկիո-2020-ում նաեւ նվաճել է բազմամարտի եզրափակչի ուղեգիր: Որակավորման փուլում ելույթներից մեկից հետո 25-ամյա մարզիկը չէր կարողացել զսպել արցունքները: Աշնանը նա ծանր վնասվածք էր ստացել մարզման ընթացքում, իսկ Օլիմպիական խաղերին մասնակցելը տեւական ժամանակ մնում էր հարցականի տակ:

 

 

ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ

«Ցավ ու զայրույթ եմ զգում այսպիսի պարտության համար, բայց սրանով ոչինչ չի ավարտվում: Կանցնենք այս շրջանը եւ կշարունակենք: Ամեն ինչ առջեւում է, եւ ես դեռ կգնամ իմ երազանքի հետեւից, կասեմ իմ խոսքը մեծ սպորտում». Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը 73 կգ քաշայինների որակավորման փուլում հուլիսի 26-ին պարտվեց ղազախ Ժանսայ Սմագուլովին եւ լքեց պայքարը: Գոտեմարտի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Ավելացված ժամանակի ոսկե գցումի ընթացքում ղազախ ձյուդոիստը վազարի հնարքով (waza-ari) հաղթեց Ֆերդինանդ Կարապետյանին: Պարտությունից հետո Կարապետյանը չկարողացավ թաքցնել հույզերը տատամիի վրա: Մինչեւ մրցումային օրվա ավարտը նաեւ չէր մեկնաբանում պարտությունը Տոկիո-2020-ում:

 

 

ՄԵԴԱԼ ՉՆՎԱՃԵՑ

Իզաբելլա Յայլյանը չկարողացավ մեդալ նվաճել Տոկիո-2020-ում: Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 27-ին տեղի ունեցավ ծանրամարտի կանանց 59 կգ քաշայինների A խմբի մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով (95+110) զբաղեցրեց 7-րդ տեղը: Պոկում վարժության առաջին մոտեցմամբ Յայլյանը հաջողությամբ կատարեց 90 կգ պատվերը: Երկրորդ մոտեցմամբ վստահ պոկեց 95 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչները պատվիրեցին 97 կգ, որը Յայլյանին չհաջողվեց պոկել: Պոկում վարժությունից հետո 26-ամյա մարզուհին 95 կգ արդյունքով 9 մասնակիցների մեջ գրանցեց չորրորդ արդյունքը: Այս վարժությունում օլիմպիական ռեկորդով հաղթեց Չինական Տայպեյի ներկայացուցիչ Սին Չուն Կուոն էր, որը պոկեց 103 կգ: Հրում վարժության առաջին մոտեցմամբ Յայլյանը գլխավերեւում պահեց 110 կգ ծանրաձողը: Երկրորդ եւ երրորդ փորձով Յայլյանը չկարողացավ հրել 115 կգ եւ այս վարժությունում պայքարն ավարտեց 110 կգ արդյունքով: Օլիմպիական չեմպիոն դարձավ Չինական Տայպեյի ներկայացուցիչ Սին Չուն Կուոն, որն օլիմպիական ռեկորդ գրանցեց երկամարտում (236 կգ)՝ հրում (103 կգ) ու պոկում (133 կգ) վարժություններում: Արծաթե մեդալ նվաճեց Թուրքմենստանի ներկայացուցիչ Պոլինա Գուրեւան (217 կգ), իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Ճապոնիայի ներկայացուցիչ Միկիկո Անդոհին (214 կգ): Տոկիո-2020-ի ծանրամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) հանդես կգա օգոստոսի 3-ին:

 

 

ՅՈՎԵՏԻՉԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է

Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստեւան Յովետիչը տեղափոխվել է Բեռլինի «Հերտա». hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 31-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, որն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությունը: 2017 թվականից Յովետիչը հանդես էր գալիս «Մոնակոյում», որի կազմն այս ամռանը լքել էր ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է նաեւ սերբական «Պարտիզանում», իտալական «Ֆիորենտինայում», «Ինտերում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում» ու իսպանական «Սեւիլիայում»:

 




Լրահոս