Արդեն մի քանի օր է, ինչ ռուս սահմանապահները Տավուշի մարզի Ազտամուտ գյուղում են:
Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ռուս սահմանապահները ուղեկալներ տեղադրելու են նաեւ Կոթիում, Պառվաքարում, Այգեպարում Դովեղում եւ Բերքաբերում: Ի դեպ, Ոսկեպարում ռուս սահմանապահներն արդեն տեղակայված են:
ArmLur.am-ը զրուցեց Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բեգինյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու են ռուս սահմանապահները տեղակայվել հենց Ազատամուտում:
«Մինչեւ իրենց գալը վարչապետը կառավարության նիստին հայտարարեց, որ ռուս սահմանապահները տեղակայվելու են ամբողջ հանրապետությունում, մի քանի օր հետո էլ մարզպետը զանգեց եւ ասաց, որ գալու են ընդամենը տարածք նայեն… հիմա ժամանակավոր Ազատամուտում են»,- ներկայացրեց Բեգինյանը:
Ըստ Բեգինյանի՝ ռուս սահմանապահներն իրեն ասել են, որ տեղակայվում են ոչ միայն անվտանգությունն ապահովելու, այլեւ՝ սահմանային խախտումներ թույլ չտալու համար:
Արթուր Բեգինյանի խոսքով, բնակիչների մոտ տարբեր մտահոգություններ կան, անհանգստացած են .«Մեկն ասում է՝ եկել են, որ սահմանազատում արվի, մյուսն ասում է՝ եկել են, որ տարածքներ զիջվեն, տարբեր խոսակցություններ են, ես չեմ կարող հստակ բան ասել, որովհետեւ ես ինֆորմացիա չունեմ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան