Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային փոստին ուղարկվել է հաղորդագրություն Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, որով հայտարարվում է, թե «ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել» վերնագրով հոդվածը բացառապես զրպարտանք է եւ չի համապատասխանում իրականությանը: Սակայն մեր հրապարակած հոդվածն այլ վերնագիր ուներ, ու անհասկանալի է, թե ինչու է մարզպետը նույնիսկ այդտեղ ընդգծել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունը:Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Ժողովուրդ»-ը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, պատմության ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի մասնակից Աննա Թորոսյանի խոսքը, որտեղ նշվել է, որ պատմության ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթից առաջ իր մրցակիցը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի վարորդի միջոցով 3 հազար դոլար կաշառք է փոխանցել` արդեն ձեւական դարձած մրցույթում հաղթելու համար:Տարօրինակ է, որ ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը խմբագրությանն ուղարկած հաղորդագրության մեջ որեւէ կերպ չի հերքել կաշառքի փաստը: Փոխարենը փորձել է, տարբեր օրենքներ մեջբերելով, նշել, թե որեւէ մասնակցություն չի ունեցել եւ տեղյակ էլ չի եղել դպրոցում անցկացվելիք քննական մրցույթի մասին:Նվեր Պողոսյանը 3000 դոլար կաշառք վերցնելու պնդմանն ի պատասխան` «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասել է, որ դա հերյուրանք է, եւ անջատել է հեռախոսը: Այդ դեպքում անհասկանալի է, թե մարզպետն ինչն է համարում «անձի հանդեպ տարածած զրպարտանք», եթե կոնկրետ կաշառքի փաստը չի հերքում իր պաշտոնական գրության մեջ:Այսպիսով` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ «ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ» խնդրո առարկա նյութում հրապարակել է երկու կողմերի կարծիքը` մարզպետի եւ կաշառքի փաստը պնդող Աննա Թորոսյանի, որը հաստատող ձայնագրությունը խմբագրությունում է:Իսկ երեկոյան Աննա Թորոսյանից տեղեկացանք, որ քննություն-մրցույթը Գեղարքունիքի մարզպետը չեղյալ է հայտարարել: Երեկ եւս այն չի կայացել: Աննան սարսափած էր եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե վախենում է, քանի որ Նվեր Պողոսյանը պաշտոնյա է, եւ հնարավոր է` իրենց համար վատ լինի: Ըստ լուրերի` արդեն տարբեր մարդիկ սկսել էին Աննային խորհուրդ տալ, որ հրաժարվի իր խոսքերից: Իսկ արդեն ժամը 21:45-ի սահմաններում Աննայի տալից՝ Աշխենից, տեղեկացանք, որ Աննային Ճամբարակի ոստիկանություն են հրավիրել:ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից տեղեկացանք, որ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետը դատախազությունից գրություն է ստացել, որ «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա հրապարակած հոդվածի հիման վրա նյութեր նախապատրաստեն: Եւ այդ գործի շրջանակներում Աննա Թորոսյանը հրավիրվել է ոստիկանություն: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԳԻՇԵՐՎԱ ԿԵՍԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ