ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԽՈՍԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երկօրյա այցով Հայաստանում էր: Նա երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանային բախումները սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ ՀԱՊԿ-ի համար: Վերջինս, սակայն, խուսափեց հասցեական մեղադրել Ադրբեջանին Հայաստանի սահմանը խախտելու եւ տարածքը գնդակոծելու համար։

 

«Իհարկե, արդեն ասել եմ, որ հայ-ադրբեջանական սահմանին նման բախումները սպառնալիք են ինչպես Հայաստանի, այնպես էլ մեր ողջ ռազմաքաղաքական դաշինքի, այս տարածաշրջանի անվտանգության համար։ Ցավոք, այդպես է։ Տեսնում ենք, որ ներկայում այդ խնդրի կարգավորման հնարավոր ճանապարհ է քաղաքական-դիվանագիտականը, բանակցությունների ճանապարհը, եւ այդ ներուժը դեռ չի սպառվել։ Ուստի ելնելով այդ գիտակցումից (դա մեր գիտակցումը չէ, այլ մեր բոլոր անդամ-երկրների գիտակցումն է)՝ այժմ մենք կառուցում ենք մեր աշխատանքը. չխանգարել, այլ օգնել այդ գործընթացին», – նշեց Զասը։

Ե՛վ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ գնդակոծվում ու հրթիռակոծվում էր Հայաստանի տարածքը, եւ՛ այս մայիսից 12-ից, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց հանրապետության տարածք, իսկ սահմանային մարտերի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր, ՀԱՊԿ-ը փաստացի անգործություն դրսեւորեց` խուսափելով անգամ քննադատական հայտարարություն ընդունել Ադրբեջանի հասցեին։

Նախորդ օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հյուրընկալել էին Հայաստանի արտաքին քաղաքական եւ ռազմական գերատեսչությունների ղեկավարները։ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ըստ գերատեսչության փոխանցման, Զասի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման եւ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին:

«Մենք ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձեւավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը երկու ուղղությամբ ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք որեւէ պարագայում չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միեւնույն ժամանակ մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միեւնույն ժամանակ մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, եւ մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ», – նշել է Կարապետյանը։

Ի դեպ, Ռուսաստանի պաշտպանության նախարարի հրավերով Արշակ Կարապետյանը երեկ աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա, ուր հանդիպել է իր գործընկեր Սերգեյ Շոյգուին։

Հավելենք, որ Արցախի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը երեկ Լեռնային Ղարաբաղի հարավ-արեւմտյան՝ Շոշ-Մխիթարաշեն հատվածում խախտել է հրադադարի ռեժիմը՝ հրաձգային, ինչպես նաեւ հակատանկային նռնականետով կրակ արձակելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Ըստ Արցախի պաշտպանական գերատեսչության՝ հայկական կողմը կորուստներ չունի։ Միջադեպի վերաբերյալ տեղեկություն են տրամադրել ռուս խաղաղապահների հրամանատարությանը։

«Պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին եւ զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից», – ասված է ՊԲ տարածած հաղորդագրությունում։

Ն.Հ.

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Երնջատափ համայնքի նախկին ղեկավար Հրաչյա Սահրադյանին մեղադրանք է առաջադրվել: Մեզ հայտնի դարձավ, որ նա, մշտապես իրականացնելով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ, իրավասու լինելով տնօրինել համայնքի բյուջեի միջոցները, ապահովել դրանց նպատակային օգտագործումը եւ ստորագրել ֆինանսական փաստաթղթերը, յուրացման եւ վատնման եղանակով համայնքի բյուջեից տարբեր տարիների կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 11.666.320 ՀՀ դրամի հափշտակություն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք: Դեպքի առթիվ 2021 թվականին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քր. օր. 179 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի եւ 314 հոդ. 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն:

 

 

 

ՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր անշարժ գույքի քանակն ավելացրել է:  Երեւանի քաղաքապետը նախորդ տարեվերջի դրությամբ հայտարարագրել է, որ ունի թվով 22 անշարժ գույք: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետի հայտարարագրած ավըտոկայանատեղիները թվով 7-ն են, որից մեկը քաղաքապետը գնել է անցյալ տարվա հուլիսին Չեխիայում:  Նա թվով 12 հատ բնակարան ունի, որից միայն 10-ը՝ Չեխիայում է: Բացի այս, նա Չեխիայում ունի երկու հողամաս եւ մեկ անհատական բնակելի տուն: Քաղաքապետը բանկային հաշիվներին նախորդ տարեսկզբին ունեցել է 18 մլն 165 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 7 մլն 746 հազար դրամ, բացի այս նա հայտարարագրել է, որ ունի 5819 դոլար, 302 եվրո, 1 մլն 763 հազար չեխական կրոնա: Քաղաքապետի կանխիկ գումարը տարեվերջին կազմել է 3 մլն դրամ, 205 հազար դոլար, 9000 եվրո, 74 հազար չեխական կրոնա:  Նախորդ տարվա ընթացքում Հայկ Մարությանը որպես եկամուտ հայատարարագրել է քաղաքապետարանից ստացած աշխատավարձը՝ ամսական 430 հազար դրամ: Բացի այս, նա որպես եկամուտ հայտարարագրել է «Նիկիտա Մոբայլ» ընկերությունից ստացած 12 մլն 227 հազար դրամը եւ 1 մլն 199 հազար չեխական կրոնա: Ենթադրվում է, որ քաղաքապետը գնած բնակարանները Չեխիայում վարձակալության է տվել, ինչի դիմաց ստացել է 1 մլն 199 հազար չեխական կրոնա:

Քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանը, հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ Mercedes Benz եւ Nissan մակնիշի: Իվա Մարությանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 230 հազար եվրո, 70 հազար դոլար, 6.1 մլն չեխական կրոնա:

 

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿ

2021թ.  սեպտեմբերից այն դպրոցները, որտեղ առարկայական ուսուցչի պակաս կար, այդ առարկաները կկարողանան դասավանդել էլեկտրոնային եղանակով՝ մենթոր դպրոցների միջոցով։ Նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցներում էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ ստեղծվեցին։ «Այս տարի ընտրվեցին 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները պետք է դասավանդեն ուսուցչի պակաս ունեցող դպրոցներում՝ էլեկտրոնային եղանակով։ Այժմ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է 18 դպրոցների վերապատրաստումներ։ Սեպտեմբերից մենթոր դպրոցները կիրականացնեն անհրաժեշտ առարկաների էլեկտրոնային դասավանդումը այն երեխաների համար, որ հակառակ պարագայում զրկված կլինեին տվյալ առարկան սովորելու հնարավորությունից։ Սա եւս մեկ միջոց է կրթության հասանելիությունը ապահովելու։

 

 

ՓՆՏՐՈՒՄ Է  ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ

20 օր է, ինչ իրավապահները փնտրում են Սյունիքի մարզպետի որդուն։ Գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Մարզպետի որդին Գորիսի կրակոցներից հետո անհետացել է, ուստի իրավապահները վերջինիս նկատմամբ հայտարարելու են հետախուզում: Նշենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի արդյունքում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել էին Երեւան: Ըստ լուրերի՝ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը: Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել:

 

 

ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Իմ քայլը» խմբակցության Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել: Այն մասին Երեւանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Հռիփսիմե Հունանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակով ընտրված հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Հակոբյանին »,- նշել է Մարությանը՝ հավելելով, որ Արտյոմ Հակոբյանը նույնպես դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:

 

 




Լրահոս