Բենզալցման և գազալցման կայաններում հայտնաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 65 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության դիտակետում է հայտնվել վառելիքի մանրածախ առևտրի ոլորտը:

Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է մասնավորապես բենզինի, հեղուկ գազի, սեղմված գազի, դիզելային վառելիքի մանրածախ առևտրով զբաղվողների գործունեությանը:

«Ոլորտը դեռևս համարվում է ռիսկային իրացման շրջանառությունների թերհայտարարագրման տեսանկյունից, որն իրականացվում է հիմնականում ՀԴՄ կտրոնների չտրամադրման եղանակով:

Վերջին 6 օրերի ընթացքում բենզալցման և գազալցման կայաններում հարկային մարմնի ստուգման արդյունքում հայտնաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 65 դեպք։

Իսկ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից միայն վերջին 6 օրերի ընթացքում ձեռնարկված միջոցառումների շրջանակում հետազոտվել են 335 տրանսպորտային միջոցներ և դրանց ուղեկցող փաստաթղթեր»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Արձանագրվել են այդ ընկերությունների կողմից առանց ուղեկցող փաստաթղթերի շուրջ 46 մլն դրամի վառելանյութի մատակարարման և տեղափոխության դեպքեր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները ձեռնարկվել են վառելանյութի շուկայի շուրջ 77 տոկոս մասնաբաժին ունեցող խոշոր ընկերությունների նկատմամբ։




Լրահոս