Ինչպես հայտնի է օգոստոսի 25-ին ՀՀ գլխավոր դատախաղությունը հայտնեց, որ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նյութեր են նախապատրաստվում, միջադեպին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական կտրվի «Ազգային ժողովի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը:
Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՔԾ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»։ Սեպտեմբերի 6-ին լրացել էր Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման 10 –օրյա ժամկետը եւ ՀՔԾ պետք է որոշում կայացնի: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Հատուկ Քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Ազգային ժողովի միջադեպի գործով եւ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ քրեական գործը հարուցվել է ծեծի հատկանիշներով:
Քնար Մանուկյան