Մենք Ձեզ ընկալելու ենք որպես Հայաստանի բարեկամ. Փաշինյանը՝ Լաքոթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից։

Վարչապետը նշել է, որ պարոն Լաքոթի պաշտոնավարումն ընթացել է Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ու իրադարձություններով լեցուն ժամանակաշրջանում: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ այդ ժամանակաշրջանը ոչ միայն բացասական ազդեցություն չի ունեցել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների վրա, այլև երկկողմ փոխգործակցությունը դարձել է առավել սերտ:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ երկու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու համար առկա են լայն հնարավորություններ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները շահագրգիռ են զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը, ինչը հիմնված է հայ և ֆրանսիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:

Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ պետություն: Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարվա ընթացքում համավարակով, ինչպես նաև պատերազմով պայմանավորված դժվարությունները հնարավորություն չեն տվել մեր երկրին կազմակերպության շրջանակում գործել ակտիվ, սակայն վստահություն է հայտնել, որ առաջիկայում կազմակերպության շրջանակում համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ և սերտ:

«Այս բոլոր դժվարությունները չեն մթագնել մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, և դրանում պետք է ընդգծել Ձեր անձնական ներդրումը: Մենք Ձեզ ընկալելու ենք որպես Հայաստանի բարեկամ և ուրախ կլինենք հետագայում ևս Ձեզ տեսնել մեր երկրում»,- ասել է վարչապետը՝ Ժոնաթան Լաքոթին մաղթելով հաջողություններ:

Դեսպան Լաքոթը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականների համար և նշել, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածը Հայաստանի համար նշանավորվել է և ծանր, և երջանիկ պահերով:

«Հուզիչ հիշողություններ ունեմ Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից: Երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է, ու հայ ժողովուրդը կարող է դրանով հպարտ լինել»,- ասել է դեսպանը: Ժոնաթան Լաքոթը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի ընթացքին և հետագա աշխատանքներին:




Լրահոս