«ԵՍ ԵՐԵՎԻ ԵՐԱԶ ԵՄ ՏԵՍԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին: Ինչպես հայտնի է, Աննա Մկրտչյանի մասնակցությամբ խորհրդարանում օգոստոսի 24-ին տեղի ունեցած դեպքերի մասով քրեական գործ այդպես էլ չհարուցվեց: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն նյութերի նախապատրաստման փուլում ծանուցագիր էր ուղարկել ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին, որ նա ներկայանա ՀՔԾ եւ բացատրություն տա Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին բռնի ուժով դուրս հանելու դեպքով:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետ Սարգիս Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը, որ ինքը եւս ներկայացել է ՀՔԾ եւ բացատրություն տվել: Աննա Մկրտչյանին եւս կանչել են ՀՔԾ, եւ նա եւս պատմել է, թե ինչպես են պետական պահպանության աշխատակիցները իր հետ վարվել, ինչի հետեւանքով ինքն անգամ վնասվածքներ է ունեցել: Սակայն քրեական գործ այդպես էլ չհարուցվեց:

-Տիկի՛ն Մկրտչյան, օգոստոսի 24-ին տեղի ունեցած միջադեպից հետո ՀՔԾ-ում գործընթացներ են եղել, սակայն քրեական գործի հարուցումը մերժվեց: Սա Ձեզ համար անակնկա՞լ էր:

-Հենց այդ նույն միջադեպի օրը, երբ ես տալիս էի հարցազրույցներ, հայտարարեցի, որ մեծ սպասելիքներ չունեմ: Ակնհայտ էր, թե ում հրահանգով ներս բերվեցին ՊՊԾ հանդերձանքով մարդիկ, ինչ նպատակ ունեն եւ ինչպես պետք է ճնշեն ընդդիմությանը: Հետեւաբար լրացուցիչ մեծ անակնկալի չեմ եկել: Պարզապես ամեն  անգամ իրավական «բեսպրիդելի» մակարդակն այնքանի է հասնում, որ անիմաստ է խոսել իրավական պատասխանատվության մասին: Տասը օր նստել, մտածել են՝ ինչպես մերժել, այլ ոչ թե բացահայտել տեղի ունեցածը:

-Դուք անուններ տվե՞լ եք:

-Տրվել են բոլոր այն մարդկանց անունները, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են եղել: Թույլ տվեք հույս հայտնել, որ այս իշխանությունների վռնդվելուց հետո ավելի հստակ կլինեն ձեւակերպումները, եւ որոշ ժամանակ հետո ՀՔԾ-ն այդ դեպքերին կտա ավելի ճիշտ գնահատական: Անակնկալի չեմ եկել եւ այդ որոշումից կաշկանդված չեմ:

-Եթե ծանուցագիր ստանաք, կբողոքարկե՞ք:

-Գիտեք՝ պետք է հասկանանք, թե ինչ ձեւակերպումներ կան: Եթե մակարդակն այն է, որ, օրինակ, տեսախցիկներն անջատված են եղել, ես, օրինակ, երազ եմ տեսել, այդ մակարդակով, չգիտեմ, վիճարկումն ինչ իմաստ է ունենալու: Կարեւոր է, որ այդ արձանագրումները կան, եւ հուսով եմ, որ չենք հասել այն մակարդակին, որ ՀՔԾ-ից նյութեր անհետանան կամ ոչնչացվեն: Փառք Աստծո, որ դեպքերը արձանագրված են մեր ընկերների կողմից: Խնդիր է առաջանում՝ ինչ եղավ ինձ հետ, եւ այդ հարցին էլ պատասխան չկա: Միգուցե արդեն սխալ եմ հասկացել, այնքան որ ձեռքի հետ են արել դատաբժշկական փորձաքննություն: Բայց կարեւորն այն է, որ ամեն ինչ արձանագրված է:

-Միջադեպից հետո Ձեր հայրիկի մասով հայտարարություն տարածվեց: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ընդհանրապես լուրջ չէ մեղադրանքը, մանավանդ որ նա արձակուրդում է եղել, եւ դա վերագրվում է որպես ընտրակաշառք: Չեն կարողացել գտնել եւ որոշել են գրել որեւէ բան: Միանշանակ, դա իմ գործունեության հետ է կապված, եւ սա հանրության մոտ եւս ապացուցում է, որ դա է պատճառը: Ամեն դեպքում, փաստաբանը դրա մասին մանրամասն խոսել է, ես էլ եմ խոսել: Չգիտեմ՝ հայրիկիս հրավիրել են հարցաքննության, թե ոչ:

-Սա Ձեզ կաշկանդո՞ւմ է ինչ-որ կերպ:

-Խնդիրը սկանդալային հայտարարություն անելը չէ, այլ ճշմարտությունը խորհրդարան բերելը: Երբ հիմա մենք ադրբեջանական անցակետ ունենք, եւ Իրանից եկած բեռնատարներից գումարներ է գանձում, իմ այս գործունեությունը, վստահ եմ, խոսում է իմ փոխարեն: Խոսքը սկանդալի մասին չէ, այլ իրականության բացահայտման: Միգուցե կաշկանդվեի, եթե սա նորություն լիներ, բայց սա 2018 թվականից է այդպես շարունակվում:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

«ՇԱՆԹԻ ՅՈՒՐԱՆ» ԳՆԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված գործարար Շանթի Յուրա անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը Հայաստանում չէ. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նրա մտերիմներից մեկը՝ նշելով, որ այլ բան ասել չի կարող, միայն կարող է հայտնել, որ նա հանրապետությունում չէ:

 

ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության են հրավիրել գործարար Շանթի Յուրա անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանի եղբորը՝ Սամվել Ղարիբյանին: ՀՔԾ-ում վերջինիս ասել են, որ նա եւս ցուցմունք տա Աղվան Հովսեփյանի դեմ, սակայն վերջինս ասել է, որ ինքը ասելիք չունի իր եղբոր դիմումի մասով, եւ որեւէ ցուցմունք չի տվել:

Գրել էինք, որ Աղվան Հովսեփյանի դեմ անձամբ ցուցմունք է տվել նրա ընկեր Յուրա Ղարիբյանը՝ բոլորին հայտնի Շանթի Յուրան: Փորձեցինք զրուցել նրա հետ, սակայն ավելի ուշ մեզ հետ կապ հաստատեց նրա մտերիմներից մեկը՝ հայտնելով, թե նա հանրապետությունում չէ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է:

Քրեական գործի շահերից ելնելով` առավել մանրամասն տեղեկատվություն լրացուցիչ կհրապարակվի նախաքննության ընթացքում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՊԱՏՎԱՍՏԵԼ

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզպետ (վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր) Հայկ Ղալումյանը վարել է Տավուշի մարզի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման, պատվաստումային գործընթացի եւ դրա հանրային իրազեկման աշխատանքների լիարժեք կազմակերպման եւ իրականացման հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստում քննարկվել են իրականացվող պատվաստումների ընթացքը, պլանավորման, հաշվետվությունների ներկայացման, իրազեկման եւ մարզի բոլոր կազմակերպությունների աշխատակիցներին պատվաստումների պլանում ընդգրկելու հարցերը։ Պատվաստումների  պարտադիր լինելու մասին օրենք  չկա, սակայն Հայկ Ղալումյանը հայտարարել է Տավուշի բոլոր կազմակերպությունների աշխատակիցներին պատվաստումների պլանում ընդգրկելու մասին։

 

 

ԱՎԱԶԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի  մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում սեպտեմբերի 17-ին նշանակված է Իջեւան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Մխիթար Մանվելի  Զարգարյանի դատավարության առաջին նիստը: Մ. Զարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 03.37-ի սահմաններում, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, խաղալիք նռնակը ցուցադրաբար ձեռքում պահած, հարձակվել է, մուտք գործել Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցի 124 հասցեում գտնվող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ «Իջեւան» մասնաճյուղ ու հիշյալ կազմակերպության աշխատակից Ստեփան Մանուչարյանի կյանքի համար վտանգավոր բռնություն  գործադրելու՝ պայթեցնելու սպառնալիքով պահանջել գումար, սակայն  պահանջված գումարը  չստանալով՝ դիմել է փախուստի։ Մ. Զարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենքսգրքի 175 հոդվածի 1-ին մասով («Ավազակությունը` ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»): Մ. Զարգարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի միջնորդությամբ 2021թ. փետրվարի 26-ին Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանը կադրային ջարդ է իրականացրել, պաշտոնից ազատել է  համայնքապետարանի բազմաթիվ աշխատակիցների։ Նրա կողմից իրականացվող կադրային ջարդը շարունակվում է։ 2021թ. սեպտեմբերի 7-ին Դ. Սարգսյանը որոշել է Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանին սեպտեմբերի 13-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։ Գ. Թամրազյանը նախկինում պաշտոնավարել է որպես  Հաղարծին բնակավայրի հարեւան Թեղուտ համայնքի ղեկավար, նա բնակչության շրջանում հարգանք է վայելում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս