Այսօր`սեպտեմբերի 21-ին, ժամը 14։09-ին, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 35-ամյա բնակիչ Վ.Ա.-ն, իր վարած «Վոլկսվագեն» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխայի։
Ացախի ԱԻ պետական ծառայությունը նշում է, որ անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Կարմիր Շուկա գյուղում երթևեկելու ժամանակ, Վ.Ա.-ի մեքենայի մեջ դեռևս չպարզված հանգամանքներում, նախ պայթյուն է առաջացել, ինչի հետևանքով նա խուճապի է մատնվել և վրաերթի ենթարկել Կ.Շուկա համայնքի 14 տարեկան երեք պատանիների։
Այնուհետև վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը` բախվել է դիմացից ընթացող «Օպել Աստրա» ավտոմեքենային, ապա դիմել փախուստի:
Վրաերթից տուժած երեխաները շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են Արևիկ մանկական բուժմիավորում։ Նրանց առողջական վիճակը բավարար է։
Ծառայությունը հայտնում է, որ ժամը 15։40-ին, Կ.Շուկա համայնքի տարածքում հայտնաբերվել է վարորդ Վ.Ա.-ի դին` ծառից կախված վիճակում։ Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։