ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Ա. Միրզոյանը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76–րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գուտերիշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։

ՀՀ ԱԳ նախարարը ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ։

«Արարատ Միրզոյանը Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հումանիտար հետևանքների վրա, այդ թվում՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից մինչ օրս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը։ Նախարար Միրզոյանը շեշտել է ՄԱԿ-ի հումանիտար մարմինների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաև հակամարտության գոտում մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ նրանք քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

«Գլխավոր քարտուղարը և ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային համագործակցությանը և կայուն խաղաղությանը խթանելու ջանքերը: Գլխավոր քարտուղարը մատնանշել է ՄԱԿ-ի աջակցությունն ընթացիկ երկխոսության և խաղաղապահ ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանում ՄԱԿ-ի կազմակերպությունների աշխատանքին»,-ասվում է Գուտերիշի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:




Լրահոս