Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի տարածքում տեղադրված, 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման հանդիսավոր միջոցառմանը։
Սեպտեմբերի 27-ին Արշակ Կարապետյանը նաև աշխատանքային այց է կատարել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկն ու մասնակցել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշաքարի մոտ անցկացված հոգեհանգստի կարգին։
Աշխատանքային շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է կառուցվող նոր զորամասերից մեկի շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին։