Պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել. նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը:

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Հայաստանում կիրառվող COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերն ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական դեղերի գործակալության, ինչպես նաև առանձին երկրների կողմից տվյալ ոլորտը կանոնակարգող կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Վերջինս փաստում է, որ պատվաստանյութերը այդ պատվաստանյութերն անցել են ինչպես նախակլինիկական, այնպես էլ կլինիկական հետազոտությունների բոլոր փուլերը և համապատասխանում են անվտանգության և արդյունավետության չափանիշներին (հղում՝ https://extranet.who.int/…/Status_COVID_VAX…, https://www.ema.europa.eu/…/treatment…/covid-19-vaccines

Պատվաստանյութերի արագացված ստեղծումը հնարավոր է, սակայն դա չի նշանակում, որ որևէ փուլ կրճատվում է կամ դուրս է մնում, ուղղակի կլինիկական հետազոտությունների փուլերը կարող են միաժամանակ իրականացվել: Եթե սովորական ժամանակացույցով պատվաստանյութի ստեղծումը տևում է մոտ 10 տարի, ապա օրինակ Մոդերնայի ստեղծումը՝ վիրուսի գենետիկ հաջորդականության վերծանումից մինչև կլինիկական հետազոտությունների ամփոփումը տևել է մոտ 300 օր: Արագացված ժամանակացույցով նախակլինիկական փուլին զուգահեռ իրականացվել է 1-ին երկու կլինիկական փուլերը: 1-ին և 2-րդ փուլին զուգահեռ 3-րդ կլինիկական փուլը:

Պատվաստանյութերի արագացված ստեղծմանը նպաստել են նաև այլ հանգամանքներ, մասնավորապես՝ պատվաստանյութերի ստեղծման տեխնոլոգիաները նոր չեն, այլ կիրառվել են արդեն առկա տեխնոլոգիաներ, միաժամանակ COVID-19-ի համավարակի հաղթահարման համար՝ պատվաստանյութերի ստեղծման և արտադրության նպատակով մի շարք երկրների կառավարությունների կողմից կատարվել են մեծ ֆինանսական ներդրումներ, որը նույնպես նպաստել է պատվաստանյութերի ստեղծման ժամանակահատվածի կրճատմանը:

Հարկ է նշել նաև, որ առկա ապացուցողական բժշկության տվյալները և իրականացված լայնածավալ հետազոտությունները փաստում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումները չեն ազդում կանանց և տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Չկա որևէ ապացույց և ոչ մի վստահելի գիտական հիմք, որը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութը կապել կանանց անպտղության հետ: Միևնույն ժամանակ առկա են տվյալներ, որ հենց կորոնավիրուսային հիվանդությունը կարող է ազդել անձի վերարտադրողական ֆունկցիայի վրա: Ամփոփելով լայնածավալ հետազոտության տվյալները` տղամարդկանց և կանանց վերարտադրողական առողջության և COVID-19-ով պայմանավորված պտղաբերության պոտենցիալ ռիսկերը կանխելու համար առաջարկվում է պատվաստվել COVID-19-ի դեմ:
(հղում՝ https://www.britishfertilitysociety.org.uk/…/Covid19… , https://www.fertstertdialog.com/…/fertility… , https://factcheck.afp.com/covid-19-vaccine-not-shown… )

Միևնույն ժամանակ նշենք, որ ապացուցողական բժշկության տվյալներով, դեռևս չկա հակամարմինների հստակ սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ հակամարմինների մակարդակի որոշում՝ մինչև պատվաստումը: COVID-19-ի դեմ պատվաստումն կարող է իրականացվել՝ անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից: Ներկայումս, դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված տվյալ անձը COVID-19-ով հիվանդանալուց և ապաքինվելուց հետո:

Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստվելու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը:
(հղում՝ https://www.who.int/…/strategic…/covid-19-materials ):




Լրահոս