«Միսս աշխարհ Արմենիա» ճանաչված Միրնա Բզդիգյանը Սիրիայից է։ 2 տարի է, ինչ ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ ArmLur.am-ը Միրնայի հետ զրուցել է տիտղոսի, զգացողությունների եւ «Միսս աշխարհ» միջազգային մրցույթին պատրաստվելու մասին:
«Երբ հնչեց իմ անունն իսկապես անսպասելի էր, զգացմունքներս շատ խառն էին, եւ երբ արդեն «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը մոտեցավ ինձ թագադրելու, միայն այդ պահին զգացի, որ ուրիշ մարդ եմ: Անկեղծ ասած, մինչ մրցույթի սկսվելը ներքին զգացողություն ունեի, որ հնարավոր է՝ ես լինեմ տիտղոսակիրը, բայց չէի ուզում կենտրոնանալ այդ մտքի վրա, քանի որ բոլոր աղջիկներն էլ արժանի էին հաղթանակի»,-ասաց մեր զրուցակիցը:
Միրնան մեզ հետ զրույցում ցավով է նշում, որ մրցույթի ավարտից հետո ավարտվել է նաեւ այն հեքիաթը, որը ստեղծել էին մյուս գեղեցկուհիների հետ. «Մրցույթի ավարտից հետո չէի ուզում հավատալ, որ ավարտվեց մեր այս սիրուն հեքիաթը, որը ստեղծել էինք մեր մյուս աղջիկների հետ, բայց արդեն հաջորդ օրվանից սկսեցի հավատալ, որ ես եմ տիտղոսակիրը, եւ դա իրական է»:
«Միսս աշխարհ Արմենիա»-ի խոսքով՝ շուտով կսկվեն մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որը տեղի է ունենալու Պուերտո Ռիկոյում դեկտեմբեր ամսին:
«Մեզ սպասվում է շատ դժվարին եւ բարդ աշխատանք, ես պետք է աշխատեմ շատ բարեգործական կազմակերպությունների հետ, որը նաեւ մեկն է եղել այն նպատակներից, որը ներկայացրել եմ «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթին»:
Միրնան հոգեպես շատ պատրաստ է իրեն զգում. լինելով պրոֆեսիոնալ լողորդ՝ ունի փորձ պատրաստվելու նման բարդ եւ պատասխանատու միջազգային մրցույթների. «Այս պահին նույն ձեւով եւ պատասխանատվությամբ եմ վերաբերում նաեւ «Միսս աշխարհ» մրցույթին, որտեղ ամենայն պատվով պետք է ներկայացնեմ Հայաստանը: Մրցույթը հիմնականում հիմնված է բարեգործական աշխատանքի հիման վրա, բացի դա, պետք է ակտիվորեն զբաղվենք նաեւ սպորտով, քանի որ լինելու է նաեւ սպորտի փուլ»,-ընդգծում է Միրնան՝ նկատելով, որ յուրաքանչյուր մասնակցի նպատակը հաղթանակն է, բայց նաեւ կարեւոր է մրցույթում դրական ներկայանալի լինելը:
«Կարեւոր է ներկայացնել երկիրը պատասխանատվությամբ եւ պատվով: Իմ նպատակը միայն հաղթանակն է եւ այն դրական էմոցիաներով տպավորությունը, որը կմնա մարդկանց հիշողության մեջ: Իհարկե, շատ դժվար կլինի պայքարել նման մեծ պետությունների կողքին, քանի որ իրենք ավելի մեծ աջակցություն են վայելում, եւ այս պահին Հայաստանը կարիք ունի նման աջակցության, որ իր տիտղոսակիրը իրեն հաղթանակ բերի: Սա միայն մասնակցի պայքար չէ, այլ մի ամբողջ թիմի, եւ մեր թիմն հենց այդպիսին է: Շնորհակալ եմ Գոհար Հարությունյանին, ժյուրիի անդամներին ինձ այս հնարավորությունը տալու համար: Խոստանում եմ տիտղոսը կրել ամբողջ պատասխանատվությամբ ու ամենաարժանի ձեւով»,- հավելում է «Միս աշխարհ Արմենիա» Միրնա Բզդիգյանը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ ԳԻՇԵՐԸ ՖԱՇԻՍՏՆԵՐԻ ՆՄԱՆ». Ս. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Պահապաններ» ֆիլմի եւ «Չիկատիլո» սերիալի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հրապարակում է արել արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ։ Կինեմատոգրաֆիստն Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակումը համեմատել է Խորհրդային Միության դեմ Գերմանիայի հարձակման հետ։
«Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի, Պակիստանի եւ ահաբեկիչների օգնությամբ հարձակվեց մեր ազգի վրա։ Հարձակվել են գիշերը, ինչպես ֆաշիստները, երբ բոլորը քնած էին։ Հարձակվել են թուրքական անօդաչուներով, իսրայելական հրթիռներով ու բոլոր արգելված ռումբերով։ Հարձակվել են համավարակի ընթացքում, երբ ամբողջ աշխարհը «հիվանդ» էր, եւ յուրաքանչյուր պետություն օրինական պատրվակ ուներ չխառնվել ուրիշի վշտին։
Մեր «հարեւանները» կրակում էիեն դպրոցների եւ մանկապարտեզների վրա, գնդակոծում եկեղեցիներ, բայց միեւնույն ժամանակ բոլոր տեղերից հեռարձակում էին, թե հայերը կարող են ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել մի տարածքում՝ անկախ նրանից, թե ումն է այն։ Մինչ աշխարհը «մտահոգություն» էր հայտնում, համացանցում հրապարակվում էին մեր քաղաքացիների կտրված գլուխների նկարները, եւ արեւմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում շարունակում էին ասել, որ ցանկանում են ապրել խաղաղ։ Մենք արդեն դառը փորձ ունենք եւ հիշում ենք ցեղասպանությունը, հիշում ենք Սումգայիթը, հիշում ենք տասնյակ հազարավոր հայ փախստականներին եւ Բաքվում անհետ կորածներին, այդ պատճառով չենք հավատա այդ հեքիաթներին։ Բավական է միայն դիտել վավերագրական հաղորդումները, որոնցում Ադրբեջանի բնակիչները չեն թաքցնում, որ իրենց երկրում վաղ հասակից հայերի եւ քրիստոնեության նկատմամբ ատելություն են դաստիարակում։
Տակնուվրա անելով այդ վերքը՝ այնպիսի բռնապետներ, ինչպիսիք են Ալիեւը եւ Էրդողանը, կրկին պայքարի հավերժ գործընթաց են սկսել, եւ, ցավոք սրտի, սա միայն մեծ պատերազմի սկիզբն է, որում կրկին մահանալու են թե՛ այս, թե՛ մյուս կողմից որդիներ ու հայրեր»,- գրում է ռեժիսորը։
Անդրեասյանն իր հայրենակիցներին խնդրել է հիշել յուրաքանչյուր զինվորի, որը կյանք է տվել հանուն հայրենիքի, ընտանիքի ու իր տան։
ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Մոլդովայի թիմի հետ եւ հաղթել 5:2 հաշվով. hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մոլդովական Չորեսկու գյուղում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականի կազմում աչքի են ընկել Ռաֆիկ Մելիքյանը, Համլետ Մանուկյանը, Արթուր Պատատյանը, Ժոաո Գիլերմե Կարվալյոն, իսկ մոլդովացի Լեոնիդ Պոդլեսնովը գրավել է սեփական դարպասը: Հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի խաղացողները հաղթանակը նվիրել են 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:
ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ
«Սիլկեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը վնասվածք է ստացել «Վայլեի» դեմ ֆուտբոլի Դանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում: Հայաստանի ազգային հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել հյուրերի մեկնարկային կազմում, իսկ 30-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով. hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած խաղում «Սիլկեբորգն» արտագնա հաղթանակ է տարել 4:2 հաշվով: Հիշեցնենք, որ Անդրե Կալիսիրն այս տարվա մայիսին հունական «Ապոլոն Սմիրնիսից» էր տեղափոխվել դանիական ակումբ, որի հետ կնքել է 2.5 տարվա պայմանագիր:
ՊԱՐՏՎԵԼ Է
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Խետաֆեն» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել է «Բետիսին» ու շարունակում է ընթանալ առանց միավորի: Պատմության մեջ չորրորդ անգամ Իսպանիայի առաջնությունում թիմերից մեկը մեկնարկում է 7 պարտությամբ: Նախորդ անգամ նման անհաջող շարք 1996-ին գրանցել էր «Էստրեմադուրան»: 1928-ին 7 պարտությամբ մեկնարկել է «Ռասինգը», իսկ 1952-ին՝ «Սարագոսան»: Լա Լիգայի մեկնարկային 7 տուրերում «Խետաֆեն» խփել է ընդամենը 2 գոլ եւ բաց թողել 12-ը:
ՀԱՂԹԵԼ Է «ԷԼՉԵԻՆ»
Ֆուտբոլի կանանց Իսպանիայի Սեգունդայի Հարավ գոտու երրորդ տուրում «Կաստելյոնը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Էլչեին»: Հյուրերի հաղթական գոլը 85-րդ րոպեին խփել է կանանց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մարալ Արթինը, որն անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածը: Նա փոխարինման է դուրս եկել 77-րդ րոպեին: Հիշեցնենք, որ 21-ամյա Մարալ Արթինն այս ամռանը Երեւանի «Ալաշկերտից» է տեղափոխվել իսպանական ակումբ: