2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո` 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում են ստացել շուրջ 7000 ուսանողներ:
Նրանցից շուրջ 4000-ը մարտական գործողությունների մասնակից ուսանողներ են, մնացածը` պատերազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին: Ծրագիրը շարունակական է, եւ ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց՝ սկսվել է այն ուսանողների տվյալների հավաքագրումը, որոնք մարտական գործողությունների մասնակից են, զորացրվել են ամռանը եւ այժմ պետք է վերականգնեն իրենց ուսանողական իրավունքները:
ԿԳՄՍ նախարարությունում հավաքագրված նախնական տվյալների համաձայն` մարտական գործողությունների մասնակից մոտ 1200 ուսանողներ, որոնք ժամանակին հրամանագրվել եւ բուհի հետ պայմանագիր են կնքել, սեպտեմբերից վերականգնել են ուսանողական իրավունքները եւ կարող են դառնալ ուսման վարձի փոխհատուցման ծրագրի շահառու` մարտական գործողությունների մասնակցությունը հավաստող փաստաթղթերը ներկայացնելով համապատասխան բուհ:
Նրանք էլ, որոնք բանակ զորակոչվելուց առաջ ընդունվել են բուհ կամ նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, սակայն չեն հրամանագրվել (կցագրված ուսանողներ), ծրագրի շահառու դառնալու համար նախ պետք է հրամանագրվեն համապատասխան բուհի կամ ՄԿՈՒ հաստատության կողմից: ԿԳՄՍ նախարարության հավաքագրած նախնական տվյալներով՝ կցագրված, այսինքն՝ մինչեւ բանակ զորակոչվելն ընդունված, սակայն չհրամանագրված առաջին կուրսեցիների թիվը շուրջ 150 է:
ԿԳՄՍ նախարարությունը վերջին օրերին ստանում է բազմաթիվ զանգեր, որ բուհերը հրամանագրելու համար առաջին կուրսերի բոլոր ուսանողներից, այդ թվում՝ նաեւ մարտական գործողությունների մասնակիցներից պահանջում են վճարել ուսման վարձը: ԿԳՄՍ նախարարության բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը, պարզաբանելով խնդիրը, նշում է, որ հրամանագրվելու եւ ուսանողի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ուսման վարձի որոշակի մասը վճարել:
«Բուհերը, հաշվի առնելով օրենքի պահանջը, բոլոր առաջին կուրսեցիներից կարող են ուսման վարձի վճարումներ պահանջել, ինչը եւ արվել է: Այն գումարը, որն այժմ նրանք կվճարեն, փոխհատուցման ծրագրի շահառու դառնալուց հետո կդիտվի որպես երկրորդ կիսամյակի վարձավճար»,- նշում է Լուսինե Գրիգորյանը:
Ընդգծելով, որ վճարած գումարը հետագայում որպես հաջորդ կիսամյակի համար վճարված վարձ է դիտվելու, վարչության պետի տեղակալը վստահեցնում է, որ առաջին կուրսեցիները հրամանագրվելու համար կարող են վճարել մեկ ամսվա գումար (մեկ կիսամյակի վարձը բաժանած տվյալ կիսամյակի ամիսների վրա): Կա նաեւ հետվերադարձի մեխանիզմ այն դեպքում, երբ ուսանողը հետագայում չի շարունակի ուսումնառությունը կամ կստանա անվճար կրթության իրավունք որեւէ այլ հիմքով:
Լուսինե Գրիգորյանի խոսքով` պետությունը մարտական գործողությունների մասնակից ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու պարտավորություն է ստանձնել, որն իրականացվելու է լիովին: Ուսումնառության հետագա ընթացքում եւս մարտական գործողությունների մասնակիցների համար ուսման վարձի արտոնություններ են նախատեսված, ինչն ամրագրված է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում 2021 թվականի ամռանը կատարված փոփոխությամբ: Կախված առաջադիմությունից` ըստ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) միավորի՝ նրանք կարող են ստանալ 50-70 տոկոս զեղչ: ՄՈԳ-ի միավորների բարձրացմանը զուգահեռ՝ զեղչի տոկոսները կավելանան: Համապատասխան կարգն այժմ հաստատման փուլում է, ընդունվելուց հետո այն տարածվելու է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Ն. Պ.
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Հաշվի առնելով համացանցում եւ սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` Առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետեւանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում եւ պատճառահետեւանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը: Միաժամանակ, հիշեցնում ենք, որ անձը համարվում է լիաժեք պատվաստված, եթե ստացել է COVID-19-ի դեմ 2 դեղաչափ պատվաստում, իսկ առավել արդյունավետությունը ձեւավորվում է, եթե 2-րդ դեղաչափից հետո անցել է առնվազն 2 շաբաթ: Հակառակ դեպքում հնարավոր է, որ անձը ստացած լինի պատվաստումները, սակայն պատվաստանյութը չհասցնի աշխատել ժամանակային առումով, եւ անձը վարակվի կորոնավիրուսով, զարգանա հիվանդության ծանր ընթացք ու մահանա:
ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՃԵԼ Է
ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեկ՝ սեպտեմբերի 28-ին երեկոյան, կազմել է 482.61 դրամ. նախորդ օրվա համեմատ աճել է 1.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 563.54 դրամ (աճել է 0.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 658.33 դրամ (նվազել է 0.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.64 դրամ (աճել է 0.01 դրամով):
ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 16-ամյա Մոնիկա Մինասյանը։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած որոնողական եւ բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ին աղջիկը հայտնաբերվել է Երեւանում եւ ներկայացվել ոստիկանության Կոտայքի բաժին: Հանգամանքները պարզվում են։
896 ՆՈՐ ԴԵՊՔ
Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 260 675 դեպք, որոնցից 241 191-ը` առողջացած, 5299-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12977 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 705 213 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 6402 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 896 նոր դեպք: Ունենք 461 առողջացած, 22 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1208 է: