Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում 33 մարդ է մահացել: Վիճակն իսկապես ահագնացող է: Կառավարության երեկվա՝ հոկտեմբերի 7-ի նիստի ժամանակ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանտու պաշտոնյաների նկատմամբ աննախադեպ կոշտ արտահայտվեց: Առողջապահության նախարարի արդարացումներն ու սլաքներները դեպի հակապատվաստումային քարոզարշավ իրականոցներն ուղղելը չբավարարեց Փաշինյանին: Փաշինյանը դիմեց նաև ուժային կառույցներին՝ հորդորելով պատասխանատվության ենթարկել պատվաստման կեղծ փաստաթղթեր հատկացնողներին։ Կորոնավիրուսի հանդեպ անտարբերության ու պատվաստման գործընթացի նկատմամբ վստահության պակասի համար առաջին մեղավորները նախևառաջ նրանք են, ովքեր վիրուսն ի սկզբանե սովորական գրիպ համարեցին ու սարկազմի ամենաբարձր դոզայով հայտարարեցին, թե այն առանձնապես վտանագվոր վիրուս չէ:
Մեղավորության մեծագույն բաժին հենց վարչապետ Փաշինյանն ունի, որ վիրուսի բուժման սեփական՝ ալկոհոլային թերապիան էր մշակել:
Համավարակի դեմն առնել չկարողացող Փաշինյանին, որ այժմ բոլորի վրա մատ է թափ տալիս, երևի հիշեցնենք, որ բարձրախոսը ձեռքին՝ ինքն էր մարզից մարզ ընկած քարոզարշավ իրականացնում, խորհրդարանում էլ, չինական պատվաստանյութի հետ կապված, կատակներ անում ԱԺ նախագահության հետ: Ու մինչև կառավարական կաբինետի ղեկավարն ու նրա ենթակաները ուրախ-զվարթ կատակներ են անում պատվաստման ու վիրուսի հետ կապված, Հայաստանը ըստ վարակի աճման թվերի՝ հայտնվել է եվրամիության կարմիր գոտում:
Սևակ Վարդումյան