ՎՐԵԺԻ ՇԱՐԺԱՌԻԹՈՎ ՍՊԱՆԵԼ Է ԶԱՐՄԻԿԻՆՎՐԵԺԻ ՇԱՐԺԱՌԻԹՈՎ ՍՊԱՆԵԼ Է ԶԱՐՄԻԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է վրեժի շարժառիթով կատարված սպանության, սպանության նախապատրաստության եւ սպանության սպառնալիք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի հանգամանքները, շարժառիթը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

 

Քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Եղեգնաձոր քաղաքի 51-ամյա բնակիչն ընտանեկան կարողությունը բաժանելու հարցի շուրջ տարաձայնություններ է ունեցել հոր, քրոջ եւ վերջինիս որդու հետ, ինչի պատճառով ձեւավորվել են լարված հարաբերություններ: Մինչդատական վարույթում ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սպանությանը նախորդող ժամանակահատվածում՝ 2021թ. ապրիլի 28-ին՝ 51-ամյա տղամարդու մոր հոգեհանգստյան արարողության ժամանակ, միջադեպ է տեղի ունեցել. քրոջ որդին մորեղբորը թույլ չի տվել մասնակցել սգո արարողություններին, բազմաթիվ ներկաների մոտ վիրավորել է նրան՝ պահանջելով հեռանալ:

Չպատասխանելով իր հասցեին հնչեցված վիրավորանքներին՝ տղամարդը հեռացել է՝ որոշելով սպանել զարմիկին՝ մոր մահվան կապակցությամբ կազմակերպված արարողություններին մասնակցելու արգելքից առաջացած վրեժի շարժառիթով պայմանավորված:

Այդ նպատակով 2021թ. մայիսի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, նա գնացել է իր ընտանիքին պատկանող ընկերություն եւ տեսնելով բակում կայանված, քրոջ որդուն պատկանող ավտոմեքենան, վերհիշելով տեղի ունեցածը, վրեժի շարժառիթով, քրոջ որդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր անվամբ հաշվառված երկփողանի «Տոզ-34Ռ» տիպի, 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրազենով կրակել է նրա ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Սպանության դեպքից անմիջապես հետո 51-ամյա տղամարդու տարեց հայրը, որդու կողմից թոռանը սպանելու շարժառիթով, որոշել է վրեժխնդիր լինել որդուց. դիտավորությամբ պայմաններ ստեղծելով առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն կատարելու համար՝ վերցրել է իր անվամբ հաշվառված «ՄՑ-21-12» տիպի մեկփողանի 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրազենն ու փամփուշտներ եւ նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, գնացել է որդու տուն, որտեղ գտնվել են որդու կինը եւ անչափահաս տղան:

Հարսի եղբայրը, տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին, շտապել է քրոջ տուն եւ խոչընդոտել է՝ թույլ չտալով, որ քրոջ սկեսրայրը տուն մտնի:

Սակայն վերջինս, սպանության սպառնալիքներ հնչեցնելով, ձեռքին եղած հրազենը պահել է հարսի եղբոր ուղղությամբ, ով բռնելով հրազենի փողից՝ թեքել է դրա ուղղությունը, որի ընթացքում տարեց տղամարդը, ստեղծելով իր տված սպառնալիքներն իրագործելու իրական վտանգ, կրակոց է արձակել:

51-ամյա տղամարդու տարեց հայրը իր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով փորձել է լիցքավորել հրազենը, սակայն տան բակ ժամանած որդուն եւ վերջինիս ընկերոջը հաջողվել է նրա ձեռքից վերցնել հրացանը, ինչի արդյունքում, իր կամքից անկախ հանգամանքներով, որդու կնոջ եւ անչափահաս թոռան սպանությունն ավարտին չի հասցրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս հորը՝ 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 137-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ն. Հ.

 

 

 

 

ԶՈՀՎԱԾԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԽԱՆՈՒԹԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Անդրանիկ Առաքելյանի եւ Մեխակ Գոգյանի դատավարությունը։ Ա. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, իր ընկերոջ՝ Մեխակ Գոգյանի հետ նախնական համաձայնության գալով՝ տեխնիկական միջոցի՝ մետաղյա լինգի գործադրմամբ բացել է «Արմեն Ղազարյան» ԱՁ-ին պատկանող խանութի դուռը, ապօրինի մուտք գործել խանութ, որտեղից հափշտակել է խոշոր չափերի՝ շուրջ 1 միլիոն 180 հազար 540 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ապրանքներ։ Մ. Գոգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  վերոհիշյալ ժամանակ իրեն պատկանող «ՎԱԶ 2105»  մակնիշի ավտոմեքենայով ընկերոջ՝ Անդրանիկ Առաքելյանի հետ նախնական համաձայնության գալով՝ օժանդակել է վերջինիս կողմից Տավուշի մարզի Բերդավան-Զորական ավտոճանապարհի ձախ կողմում գտնվող, «Արմեն Ղազարյան» ԱՁ-ին պատկանող խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով 1 միլիոն 180 հազար 540 ՀՀ դրամ արժողության գույքի գաղտնի հափշտակելուն՝ գողոնի ապրանքով լցված մեկ պարկ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենայում տեղավորելուն օգնելու, ապա գողոնը տեղափոխելու համար ավտոմեքենան որպես միջոց տրամադրելու եղանակով։ Ա. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, Մ. Գոգյանին՝ 38-177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստարագրությունը։ Արմեն Ղազարյանի որդին՝ լեյտենանտ Արտակ Ղազարյանը, զոհվել է 2020թ. աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում։ Նրան հուղարկավորել են փակ դագաղով։ Արմեն Ղազարյանի կինը հավատում է, որ իր որդին ողջ է, այդ պատճառով Բերդավանի գերեզմանատանը գտնվող գերեզմանում զոհվածի պատկերով շիրմաքար տեղադրված չէ։

 

ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Տավուշի մարզում  ուսուցիչների ցածր աշխատավարձի պատճառով լավագույն կադրերը եւ  տղամարդ մանկավարժները խուսափում են դպրոցում աշխատելուց, դպրոցներում հիմնականում աշխատում են կին ուսուցիչներ, ովքեր գիտելիքներ տալուց զատ իրենց աշակերտ տղաներին  իրենց նման, այսիքին՝ որպես կին են  դաստիարակում։ Փոքր գյուղերի դպրոցներում երկկոմպլեկտ, որոշ տեղերում եռակոմպլեկտ դասարանների աշակերտները տուժում են, քանզի շնորհալի ուսուցիչն անգամ երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններում անկարող են կրթություն ու դասիարակությունն արդյունավետ իրականացնել։ Փոքր գյուղերի դպրոցներում փոքրաթիվ աշակերտների, դրա հետեւանքով դպրոցում քիչ դասաժամերի պատճառով ուսուցիչներ կան, ովքեր ստանում են 60-65 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ավելի քիչ, քան հանրապետությունում ընդունված նվազագույն  աշխատավարձ՝ 68 հազար դրամ ստացող  դպրոցի հավաքարարը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՐԿՎԵՆ

Հայաստանում նոր օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները հարկել ավելացված արժեքի հարկով: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

 

«Այս նախագծով ներդնում ենք  էլեկտրոնային ծառայությունների հարկումը, եթե այդպիսի ծառայությունները մատուցվում են ոչ ռեզիդենտ ընկերության կողմից ֆիզիկական անձին եւ այնպիսի ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից, որոնք ՀՀ-ում չունեն մշտական հաստատություն: Այսինքն՝ հարկում ենք բիզնեսից դեպի ֆիզիկական անձ մատուցվող էլեկտրոնային ծառայությունները, որոնք մատուցվում են ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից, առանց ՀՀ-ում մշտական հաստատության»,-ասաց Բադասյանը:

Այս նախագծով երեք հիմնական հարց է կարգավորում կառավարությունը. նախ՝ սահմանվում է էլեկտրոնային ծառայությունների հասկացությունը, երկրորդը՝ սահմանվում է, թե ինչպես է որոշվելու՝ ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ում է, թե ոչ, եւ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ հաշվարկելու եւ վճարելու առանձնահատկությունները:

Ըստ նախագծի՝ էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցում է համարվում տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ցանցի միջոցով ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ համացանցի միջոցով, որի մատուցումն անհնար է առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման, եւ որոնց ցանկը սահմանելու է կառավարությունը:

«Խոսքը չի գնում այնպիսի ապրանքների մասին, որոնք ձեռք են բերվում էլեկտրոնային հարթակով եւ մատակարարվում են ֆիզիկապես: Խոսքը բացառապես այնպիսի էլեկտրոնային ծառայությունների մասին  է, որի մատուցումը հնարավոր է միայն համացանցի հեռահաղորդակցական ցանցի միջոցով»,-ասել է Բադասյանը:

Այդպիսի ծառայություններն են, օրինակ, տեղեկատվական հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով գովազդային ծառայությունների մատուցումը, ինչպես նաեւ գովազդային հարթակների տրամադրումը, ինտերնետով կրթության ոլորտի ծառայությունների մատուցումը, էլեկտրոնային գրքերից օգտվելու վճարովի ծառայությունները, ֆիլմեր դիտելու համար նախատեսված ծառայությունները, «Ֆեյսբուք»-ում ֆիզիկական անձի կողմից գովազդ տեղադրելը: Այդ բոլոր դեպքերում ոչ ռեզիդենտ խոշոր ընկերությունները հաշվարկելու եւ վճարելու են ավելացված արժեքի հարկ:

Ն. Պ.

 

 




Լրահոս