ՍՈՑՓԱԹԵԹԻ ԳՈՒՄԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել եւս երկուսը: ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 56 «կողմ», 1 «դեմ», 23 «ձեռնպահ» ձայներ: Այս նախագծով սոցփաթեթով կուտակված գումարների ծախսման երկու նոր ուղղություն է նախատեսվում՝ մարզաառողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն եւ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն:

 

Մինչեւ այժմ սոցփաթեթը ներառում էր հանգստի ապահովումը ՀՀ-ում եւ Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարի մարումը, շահառուի եւ շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռք բերումը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է խմբագրական փոփոխություն: «Հայաստան» խմբակցության կողմից արվել են առաջարկներ, որոնք, սակայն, չեն ընդունվել: «Մեր մոտեցմամբ՝ դրանք հակասում են սոցիալական փաթեթի գաղափարին»,- ասաց նա:

«Հայաստան»-ից Թադեւոս Ավետիսյանը պնդեց՝ այնպես չէ, որ իրենց մոտեցումը միանշանակ հակասում է սոցիալական փաթեթի գաղափարին: «Մեր առաջարկները սոցիալական փաթեթին ավելի համապատասխան են, քան ձեր բերած առաջարկները»,- ասաց պատգամավորն ու առաջարկեց ներկայացնել սոցփաթեթի հիմնական նպատակը:

Փոխնախարարի խոսքով՝ սոցփաթեթի նպատակն է պետական ապարատից աշխատողների արտահոսքը նվազեցնելը եւ պետական ապարատում աշխատելու գրավչությունը բարձրացնելը: Նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր սոցփաթեթի գումարի ծախսման եւս 3 ուղղություն ավելացնել, օրինակ՝ սոցփաթեթի գումարն ընդհանրապես բոլոր սպառողական վարկերի վրա ծախսելու ուղղությունը: Սարգսյանը տեղեկացրեց, որ օրինակ սոցփաթեթի 60 տոկոսը շահառուներն ուղղում են հանգստին, այլ ոչ թե հիփոթեքային վարկի մարմանը: Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցության առաջարկին՝ նա ընդունեց, որ առաջարկը սոցիալական է, բայց ասաց. «Համադրելով այդ ամենը եւ խուսափելով բուն նպատակից շեղվելուց՝ կարծում ենք, որ դա անընդունելի է»:

Իր ելույթում Թադեւոս Ավետիսյանը նշեց, որ ինքը հատկապես կարեւորում է բնակարանային վարձի հատուցման իրենց առաջարկը: «Երբ հիմնական զեկուցողն ասում է, որ չկա բնակարան, որի վարձը կարելի է 72 հազարով տալ, նույն տրամաբանությամբ ես էլ ասում եմ, որ չկա հիփոթեքային վարկի ամսական վճար, որը 6 հազար դրամ է կազմում»,- ասաց պատգամավորը: ՔՊ-ից Բաբկեն Թունյանը սպառողական վարկերի մարումը փոխհատուցելու «Հայաստան»-ի առաջարկը համարեց ծայրահեղ անթույլատրելի: «Պետությունը մարդուն գումար է տրամադրում, որ նա կարողանա դրանով հանգստանալ, առողջություն վերականգնել, մենք ասենք՝ կարող ես գնալ քո համար հեռախոս գնել եւ դրա տոկոսը փակե՞լ»,- նշեց նա:

«Հայաստան»-ից Արծվիկ Մինասյանը քվեարկությունից առաջ վարման կարգով հայտնեց, որ իրենց խմբակցությունը նախագծին «ձեռնպահ» է քվեարկելու:

Ն. Պ.




Լրահոս