ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազությունը «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ հարուցված քրեական գործով որոշում է կայացրել: Քրեական գործը կրկին ուղարկվեց Հաստուկ քննչական ծառայություն՝ քննության:
Գրել էինք, որ Գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը բախվել են «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ հարուցված քրեական գործով:
2021 թվականին ՀՔԾ-ն կալանավորեց Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին: Նախաքննությամբ պարզվել էր, որ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ներկայացված թեկնածուների ցուցակի 16-րդ համարը զբաղեցնող Ռուբեն Խլղաթյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանի հետ` արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով կաշառք տալու վերաբերյալ: Այնուհետեւ, պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հունիսի 10-ին Ռ. Խլղաթյանը գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պետրոսյանի բնակության վայր` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու եւ Գ. Պետրոսյանի կողմից այդ գումարը ընտրողներին հասցեական տալու համար, սակայն Ռ. Խլղաթյանը եւ Գ. Պետրոսյանը հանցագործությունը ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել եւ վերցվել է դեպքի վայրի զննությամբ:
Վերը նշված արարքների համար Ռուբեն Խլղաթյանին եւ Գագիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Եվ, ահա, 2021 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Այստեղից էլ սկսվում է Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ հակամարտությունը: Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ դատախազը չի հաստատում այս քրեական գործը եւ հետ է ուղարկում քննիչին, սակայն քննիչը կռիվ է տալիս, թե լրացուցիչ քննություն չի անի: Արդյունքում դատախազությունում այս օրերին քննարկում են Խլղաթյանի քրեական գործի ճակատագիրը՝ այն ուղարկել դատարան, թե ոչ:
Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազի եւ քննիչի կռիվը կապված է ապացույցների պակասի հետ: Գործը հսկող դատախազը ասել է, որ քրեական գործով ապացույց չկա, ու այս վիճակով գործը դատարան ուղարկել չեն կարող, իսկ քննիչն առարկել է: Ստացվում է, որ ՀՔԾ-ն չի կարողանում ապացուցել Խլղաթյանի մեղքը, իսկ Գլխավոր դատախազությունն էլ չի ուզում հիմնազուրկ գործ ուղարկել դատարան:
Ինչեւէ, ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել, թե գործը ուղարկվել է դատարան, թե ոչ, եւ ինչ խնդիր է առաջացել քրեական գործով դատախազության եւ ՀՔԾ քնիչի միջեւ: Ի պատասխան՝ հայտնեցին. «Հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու ցուցումով քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին սեպտեմբերի 17-ին: Այդ որոշման կապակցությամբ քննիչի կողմից ստացվել է առարկություն, որը ներկայումս քննարկվում է: Սահմանված ժամկետներում դրա վերաբերյալ վերադաս դատախազի կողմից կկայացվի որոշում: Որեւէ խնդիր երկու մարմինների միջեւ չկա, աշխատանքային բնական գործընթաց է»: Դիմեցինք նաեւ Ռուբեն Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանին, որը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հայտնեց. «Պաշտոնապես նման տեղեկատվություն պաշտպանական կողմը չունի, բայց առ այսօր չի ուղարկվել մեղադրական եզրակացությունը։ Նախ՝ նշեմ, որ օբյեկտիվ իրականության մեջ չկա պարոն Խլղաթյանի կողմից իրեն մեղսագրված արարքի կատարման փաստը, բացի այդ, նախաքննության ավարտ հայտարարվելուց հետո, ծանոթանալով քրեական գործի նյութերին, հիմնավորվում է այն, որ պարոն Խլղաթյանը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրված արարքի կատարմանը։ Քրեական գործի նյութերում առկա չէ գեթ մեկ փաստական տվյալ, որը կարող է դրվել մեղադրանքի հիմքում եւ խոսել Խլղաթյանի՝ դեպքին առնչության մասին։ Հետեւաբար այդ պայմաններում քրեական գործի վարույթը ենթակա էր կարճման»։
Ք.Մ.
ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ՅՈՒՐԱՑՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Տվյալներ են ձեռք բերվել, որ համայնքի ղեկավարը, 2013-2019 թթ. օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով առերեւույթ հափշտակել է 40.000.000 ՀՀ դրամ արժեքով 11 կիլոմետր երկարությամբ ցինկապատ խողովակաշարը եւ դրանք օտարել: Այնուհետեւ շահադիտական դրդումներով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով՝ 2016-2021 թթ. ընթացքում ավտոմեքենայի անսարք լինելու պայմաններում վառելանյութ ձեռք բերելու համար համայնքի բյուջեից անհիմն դուրս է գրել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 4.500.000 ՀՀ դրամ գումար եւ յուրացման եղանակով հափշտակել: Բացի դրանից, 2018թ. ընթացքում համայնքապետարանի համար նոր գույք գնելու պատրվակով համայնքի բյուջեից դուրս է գրել 516.200 ՀՀ դրամ գումար եւ այն օգտագործել իր անձնական կարիքների համար: Կատարվում է նախաքննություն:
ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԳԱՎԱՌՈՒՄ
Երեկ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։25-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 43-ամյա Յաշա Աֆրիկյանն է։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները որոշ հանգամանքներ են պարզել նշված դեպքից։ Պարզվել է, որ Յ. Աֆրիկանը, Նորատուս գյուղի բնակիչներ, 39-ամյա Հովհաննես Աֆրիկյանը եւ 39-ամյա Արտուշ Գրիգորյանը նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, Ա. Գրիգորյանին պատկանող «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով գնացել են իրենց գյուղի «Կայի դիք» կոչվող տարածք, որտեղ միմյանց մեջ խոսք ու զրույցը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի։
Այդ ամենից հետո Ա. Գրիգորյանը իրեն պատկանող «ՄՍ-2112» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակոց է արձակել, ինչի հետեւանքով Յ. եւ Հ. Աֆրիկյանները մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ են ստացել, ինչից հետո արդեն Յ. Աֆրիկյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են մարմնի տարբեր հատվածների բազմաբեկորային վնասվածքներ, իսկ Հ. Աֆրիկյանը հրաժարվել է բժշկական օգնությունից։
ՀՔԾ-Ն ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՑ
Երեկ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ծեծի գործը կարճեց: Ըստ էության, ՀՔԾ-ն չհամարձակվեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել, քանի որ Գեղամ Մանուկյանը ՀՔԾ-ում իրեն ծեծելու մասով հայտնել էր, որ գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել օգոստոսի 25-ին Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որից հետո կայացրել է որոշում: Թե ինչ որոշում է կայացրել ՀՔԾ-ն, հայտնի կդառնա այսօր։ Բանն այն է, որ, առկա փաստերի համաձայն, հենց Սարգսյանն է հարվածել Մանուկյանին:
Ի դեպ, այսօր Գեղամ Մանուկյանին կրկին անգամ հրավիրել են ՀՔԾ, որպեսզի ծանոթանա քրեական գործի նյութերին: Արդյոք ՀՔԾ-ն այս գործը կուղարկի դատարան, թե Աժ մյուս միջադեպերի նման գործը կկարճի, պարզ կլինի այսօր: Դատելով, թե ինչ ցուցմունք է տվել Գեղամ Մանուկյանը, ակնհայտ է մեկ բան, որ քրեական գործը կկարճվի:
Հիշեցնենք՝ ArmLur.am-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ ակնհայտ երեւում է, որ Գեղամ Մանուկյանին ծեծի է ենթարկում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Եվ, ահա, ՀՔԾ-ում կոնկրետ ցուցմունք են ուզում Գեղամ Մանուկյանից, որ նա, ըստ էության, ցուցմունք տա Հայկ Սարգսյանի դեմ, սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, Գեղամ Մանուկյանը ՀՔԾ-ում նշել է, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրված զանգվածային խուլիգանություն էր: Ակնհայտ է, որ ՀՔԾ-ում իրավաբանությունը կպարտվի «դուխ»-ին, եւ քրեական գործ քննող քննիչը չի համարձակվի Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԵԿԵՂԵՑՈՒՑ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարեն Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում գտնվող «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մատուռի գանձանակից զգալի չափերի հասնող գումար հափշտակելու դիտավորությամբ մտել է մատուռ, մոտեցել է գանձանակին, ցանկացել է բացել երկաթյա գանձանակը, սակայն չի կարողացել այն բացել եւ, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, չի կարողացել հանցագործությունը ավարտին հասցնել։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ