«Բռնիր ձեռքս»՝ այսպես է կոչվում Սամվել Թոփալյանի, Դավիթ Հակոբյանի, Մարիամ Ադամյանի, Անելյա Գուբրյանի, Լիա Զախարյանի, Մուրադ Նադիրյանի, Սոֆյա Պողոսյանի եւ այլ հայտնի դերասանների մասնակցությամբ նոր սերիալը, որը նոյեմբեր ամսից կլինի «Նոր Հայաստան» հեռուստաընկերության եթերում:
Նախագծի ռեժիսորը դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանն է, որը սերիալի մեկնարկից որոշ ժամանակ անց նաեւ կնկարահանվի, իսկ սցենարը հեղինակը Անի Մաղաքյանն է:
ArmLur.am-ը նոր հեռուստանովելի մասին զրուցել է դերասան, բեմադրող ռեժիսոր Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ:
Նշենք, որ «Բռնիր ձեռքս» նոր բազմասերիալանոց հեռուստանովելի անձնակազմը նախորդ նախագծի նույն թիմն է, որոնց միացել են նաեւ նոր երիտասարդ դերասաններ:
«Հեռուստասերիալի գլխավոր դերակատարները դեռեւս հեռուստադիտողին անծանոթ են: Հերոսուհին Մարգարիտ Արզումանյանն է, ով դեռ ուսանողուհի է, եւ նոր է սկսում իր դերասանական կարիերան, իսկ հերոսը՝ Ժան Աբրահամայանն է. տաղանդավոր մի երիտասարդ, ով պարզվեց նաեւ հիանալի պարում է: Սա նաեւ շատ մեծ հնարավորություն էր երիտասարդ դերասանների համար, ովքեր կարող են աշխատել պրոֆեսիոնալ թիմի հետ եւ ամենակարեւորը ձեռք բերել փորձ: Սերիալը մելոդրամա է, որտեղ կա սեր, կա կիրք, կա դավաճանություն, հարաբերությունների տարբեր դրսեւորումներ, որոնք սովորաբար լինում են բազմասերիալանոց հեռուստանովելներում»,-մեզ հետ զրույցում նշեց Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, հավելելով, որ նոր դերասանների ընտրությունը կատարվել է կաստինիգի միջոցով:
Անդրադառնալով սերիալի անվանը՝ մեր զրուցակիցն ընդգծում է՝ որքան այն պարզ է, նույնքան էլ խորիմաստ է. « «Բռնիր ձեռքս» բառակապակցությունն ամեն մեկը կարող է յուրովի ընկալել: Հասկանալ այնպես, ինչպես ցանկանում է, բայց գլխավոր գաղափարը՝ նեղության պահին, ինչ-որ մեկին ճահճից հանելու, միասնական լինելու, միմյանց նեցուկ լինելու մասին է»:
Հետաքրքիրն այն է, որ այս հեռուստասերիալիում Աշոտը եւ Սոֆյան նույնպես խաղում են, բայց ավելի երկրորդական դերերում:
«Ինչպես նշեցի դերասանական թիմը հիմնականում նույնն է մնացել, մեզ է միացել նաեւ Լիա Զախարյանը, եւ թող ներեն նրանք, ում անունն այս պահին չեմ հիշում: Կարող եմ վստահ ասել, որ ունենք շատ լավ ուժեղ դերասանական թիմ, որի շնորհիվ շատ վստահ առաջ ենք գնում»,-հավելում է մեր զրուցակիցը:
Իսկ, թե որքան կտեւի նոր հեռուստասեիալը, մեր զրուցակիցն ասաց, որ տեւողության մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ դեռեւս պարզ չէ, թե քանի սերիալից բաղակացած կլինի այն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան