«ԻՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Ի՛Մ ՄԱՐԴԻԿ ԵՆ». ՀԱՅԿՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յոթ օր առաջ Երեւանը լքեց ամենավառ գույներից մեկը՝ սիրո երգիչ Հայկ Հակոբյանը (Հայկոն): Սիրված երգչի մահը մեծ կորուստ էր ոչ միայն հայ երաժշտական աշխարհի, այլ նաեւ ողջ ազգի համար:

 

Սիրված երգչի անժամանակ մահվան կապակցությամբ գրառումներն ու հիշողությունները չեն դադարում նրա ընկերների կողմից:

Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Հոկտեմբերի 7- ն է…Հայկի «7»- ը…

Մեր «Երջանկության մեխանիկայի» վերջին օրը: Պիտի սովորենք վերջապես ՆՈՐՈԳԵԼ մեր բոլորի խախտված «երջանկության մեխանիկան»…( որքան էլ որ անհնարին չթվա):

Իմ երջանկությունն ի՛մ Մարդիկ են, որոնք Ընտանիքումս են, Մարդիկ, որոնք Ֆիլմում էին, Մարդիկ, որոնք ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆՆ են իմ, Մարդիկ, հազարավոր մարդիկ, որոնք ՍԵՐ ԷԻՆ ուղարկում ինձ էս ամբողջ ընթացքում նամակներով՝ շնորհակալությամբ, ներողություններով, բարությամբ ու անսահման տաքությամբ, դուք էլ ինձ կներեք, եթե ինչ-որ բան էնպես չի եղել կամ չէ… Ձեր նորոգ Սերը տեղ հասավ: Աշխարհում մի հաստատ բան կա՝ Սերը, մնացածն ունայնություն է: Վերեւ… Սերն էլ հենց տանում է:

Առանձին, անհագ ու հավերժ շնորհակալություն Մաեստրոյին, որն էնքան սիրուն է տեսնում աշխարհը, այնքան նուրբ, որ ուզում ես իսկապես Ալիսայի պես մնալ էդ հրաշքների աշխարհում… Անմոռաց երաժշտությունը  Հայկոյի, որը հավերժ սիրո ճանապարհ դարձավ…»

Երգչուհի Անահիտ Շահբազյան. «Հայկո՜, էս ոնց եմ քեզ սիրել ու չեմ հասկացել, ոնց եմ սիրում երգերդ, մաքրամաքուր, պարզ երաժշտություններդ…Էտ ի՜նչ իդեալական ես ստեղծագործել, որ չկա՝ մի գործ կիսատ սիրեմ:

Դու ապրում ես, ժպտում ես ինձ ամեն Աստծո օր, խոսում ես հետս քո դրական լիցքերով, ես այս պահից սկսած էլ չեմ հիշելու 7 օր առաջվա տեսածս…Ջնջում եմ մտքիցս ու սկսում մտածել, որ գնացել ես շատ հեռու քաղաք ապրելու, որտեղ չկա ինտերնետ ու հեռախոսակապ, որ քեզ շատ լավ ես զգում ու բոլորիս ջերմ համբույրներ ու սեր ես փոխանցում»:

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով Հայկոյի նախկին կինն է,   «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է հատվածներ Հայկոյի մենահամերգից, որոնց ժամանակ երգիչն իր խոսքն էր ուղղել որդուն՝ Արմանին։

Որդուն ուղղված խոսքում Հայկոն ասել է. «Ուզում եմ, որ հիմա իմանաս՝ տաղանդը, խելքը, ուժը կարելի է վաճառել, բայց ոչ երբեք սիրտը»։

«Ամբոխի հետ խոսելիս միշտ մաքուր մնա։ Արքաների հետ քայլելով մնա պարզ ու բաց։ Մարդիկ երբեք քեզ չեն վնասի, եթե քեզ հետ հաշվի նստեն»,- ասել է Հայկոն տղային։

Եզրափակիչ խոսում էլ երգիչը նշել է. «Իմ աշխարհը դու ես, ու այս բարդ խորհուրդներից զատ կա մի պարզ ճշմարտություն՝ ես քեզ սիրում եմ, տղե՛ս»։

Նշենք, որ Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին կորոնավիրուս հիվանդության հետեւանքով: Հայկոն  48 տարեկան էր։

Սեպտեմբերի 21-ին երգիչը ծանր վիճակում տեղափոխվել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։

Հայկոն 1987 թ. ավարտել է Երեւանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը եւ ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1999 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. եւ 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։

2006 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։

2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ եւ զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. եւ 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի՛ վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաեւ «Ոչինչ չի մնա», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿՍՊԱՍԱՐԿԻ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող մրցավարական անձնակազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկի «Լաուգարդալսվոլուր» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ ԱԱ-2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։ Հանդիպումը սպասարկող գլխավոր մրցավարն է Նիկոլա Դաբանովիչը։ Նրան կօգնեն Միլուտին Դյուկիչը եւ Վլադան Տոդորովիչը։ Չորրորդ պաշտոնյան Միլոշ Բոսկովիչն է։ VAR-ի մրցավարն է Քլեյ Ռուպերտին (Նիդերլանդներ), նրան կօգնի Ջոն Ուարդը (Իռլանդիա)։

 

 

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի 8 ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Նորայր Հախոյանը (55 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (82 կգ): 55 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Նորայր Հախոյանը մրցեց Գերմանիան ներկայացնող Ֆաբիան Բեռնարդ Շմիտի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 6:1 հաշվով:  Գերմանացի ըմբիշը բավական կոպիտ գոտեմարտ էր վարում, բայց Հայաստանի ներկայացուցիչը մինչեւ վերջ հնարք անելու հնարավորություն չտվեց մրցակցին: Քառորդ եզրափակիչում Հախոյանի մրցակիցը կլինի ամերիկացի Մաքս Նոուրին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գեղամ Թորգոմյանը (82 կգ) որակավորման փուլում 0:12 հաշվով պարտվեց թուրք Բուրհան Ակբուդակին։ Քիչ անց մրցագորգ դուրս կգա Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Մալխաս Ամոյանը: 72 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի նորվեգացի Հաավարդ Յորգենսենը:

 

 

 




Լրահոս