Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 5-ին պետք է ներկայանա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պետք է քաղաքապետ Մարությանը ներկայացնի 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի` քաղաքապետարանի ծախսերն ու եկամուտները: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության ներսում քննարկվել է այն հարցը, թե արդյոք Մարությանը կբարեհաճի գալ ԱԺ, քանի որ իշխանության հետ կտրականապես կտրել է իր կապը ու, հնարավոր է, արհամարհի օրենսդիր մարմնին ու չգա խորհրդարան:

Մեր տեղեկություններով՝ իշխանական թևը կարծում է, որ քաղաքապետ Մարությանի՝ խորհրդարան գալու դեպքում պետք է նրան «նեղը գցել» տարբեր հարցերով, քանի որ վերջինս իշխանության միջոցով ընտրվել է քաղաքապետ ու միանգամից կապը կտրել բոլորի հետ, ավելին՝ արհամարհական վիճակ է արդեն տևական ժամանակ: Նշենք, որ Մարությանն անգամ հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ մատը մատին չտվեց թիմին օգնելու համար, ավելին՝ Փաշինյանի պահանջը, որ վերջինս պետք է հրաժարական ներկայացնի ու հեռանա քաղաքապետի պաշտոնից, որևէ ձևով արդյունք չունեցավ:

Անգամ Երևանի ավագանին սկսեց Մարությանի դեմ դավեր նյութել, բայց ապարդյուն. Մարությանը շարունակում է պաշտոնավարել ու արհամարհել իշխանությանը ու նրա վարած քաղաքականությունը: Հիմա հարց է առաջանում՝ արդյոք այսքանից հետո Մարությանը կցանկանա ներկայանալ խորհրդարանի «դատին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս