Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մի քանի հարյուր հակառակորդներ բողոքի ակցիա են անցկացնում Ռուսթավի քաղաքի բանտի մոտ, որտեղ իր պատիժն է կրում երկրի նախկին առաջնորդը: Հաղորդում է TACC-ը։
Քրեակատարողական հիմնարկի մոտ մեքենաների երթևեկությունն արգելափակված է: Տեղում են ոստիկանության ուժեղացված ջոկատները: Ցուցարարները հայտարարել են, որ դեմ են Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջներին:
Հիշեցնենք, նախկին նախագահՄիխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում՝ հոկտեմբերի 1-ին: Այժմ նա պահվում է Ռուսթավի քաղաքի բանտում, որտեղ նա հացադուլ է հայտարարել և իրեն համարում է քաղբանտարկյալ: Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին, որից հետո երկրում նրա դեմ հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից երկուսի դատական վճիռներն ավարտված են։ Դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել է երեք և վեց տարվա ազատազրկման: