Վանո Սիրադեղյանի մահավանից օրեր անց հասարակության՝ տարիներ ի վեր բարձրաձայնած հարցերը շարունակում են նույնը մնալ: Որտե՞ղ է ու ե՞րբ է հայրենիք վերադառնալու Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական, հասարակական ու գրական նշանակալի դեմքերից մեկը՝ Վանոն:
Ծնունդով տավուշեցի Սիրադեղյանը միջնակարգ կրթությունը հարազատ Կոթիում էր ստացել, բանասերի մասնագիտությունը Երևանի պետական համալսարանում ձեռք բերել ու թղթակցել մի շարք պարբերականների:
1988 թվականին անդամակցել է այն ժամանակ նորաստեղծ «Հայոց համազգային շարժմանը»:
Անտառտնտեսության վարչության պետ, Գերագույն խորհրդի պատգամավոր, Հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական ու ներքին գործերի նախարար աշխատելուց հետո 1997-98 Երևանի քաղաքապետ է դարձել:
1998 թվականի փետրվար-ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ամիսներ անց Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ հանցակցություն դիտավորյալ սպանությանը, կաշառառություն, նա 1999 թվականի մայիսին ձերբակալվում է, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվում կալանքից: 2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարում է Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու Դատախազության միջնորդությունը, ինչից հետո նա փախուստի է դիմում և մինչ այժմ հետախուզման մեջ էր գտնվում:
2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո ու իշխանափոխության օրերին հենց լրագրողները հետաքրքրվում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ հնարավո՞ր է արդյոք Սիրադեղյանը Հայաստան վերադառնա: Փաշինյանը սակայն կոնկրետ պատասխան չէր տալիս։
«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը, որ Վանո Սիրադեղյանի մտերիմ անձանցից է համարվում, այն համոզմանն է, որ Սիրադեղյանը Հայաստանում լիներ, ապա հատկապես նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը հայաստանում չէր մնա։
Նախկին պատգամավոր, ՀՀՇ-ական պատգամավոր Արարատ Զուրաբյանն ուղիղ 2 տարի առաջ էր ասում՝ վարչապետի հանձնարարությամբ արդարադատության նախարարությունը Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու մասով գործընթաց պետք է սկսել։
Փաշինյանի իշխանության ժամանակ Վանո Սիրադեղյանը ոչ միայն չվերադարձավ Հայաստան, այլ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը չկարճվեց, միջազգային հետախուզումն էլ չդադարեցվեց: