«Բռնի՛ր ձեռքս». այսպես է կոչվում Սամվել Թոփալյանի, Դավիթ Հակոբյանի, Մարիամ Ադամյանի, Անելյա Գուբրյանի, Լիա Զախարյանի, Մուրադ Նադիրյանի, Սոֆյա Պողոսյանի եւ այլ հայտնի դերասանների մասնակցությամբ նոր սերիալը, որը նոյեմբեր ամսից կլինի «Նոր Հայաստան» ՀԸ-ի եթերում:
Նախագծի ռեժիսորը դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանն է, որը սերիալի մեկնարկից որոշ ժամանակ անց կնկարահանվի, իսկ սցենարի հեղինակը Անի Մաղաքյանն է:
ArmLur.am-ը նոր հեռուստանովելի մասին զրուցել է դերասան, բեմադրող ռեժիսոր Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ:
Նշենք, որ «Բռնի՛ր ձեռքս» նոր բազմասերիանոց հեռուստանովելի անձնակազմը նախորդ նախագծի նույն թիմն է, որոնց միացել են նաեւ նոր երիտասարդ դերասաններ:
«Հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին Մարգարիտ Արզումանյանն է, ով դեռ ուսանողուհի է եւ նոր է սկսում իր դերասանական կարիերան, իսկ հերոսը Ժան Աբրահամայանն է՝ տաղանդավոր մի երիտասարդ, ով, պարզվեց, նաեւ հիանալի պարում է, չնայած որ երկու գլխավոր դերակատարներն էլ հեռուստադիտողին անծանոթ են: Սա նաեւ շատ մեծ հնարավորություն էր երիտասարդ դերասանների համար, ովքեր կարող են աշխատել պրոֆեսիոնալ թիմի հետ եւ, ամենակարեւորը, ձեռք բերել փորձ: Սերիալը մելոդրամա է, որտեղ կա սեր, կա կիրք, կա դվաճանություն, հարաբերությունների տարբեր դրսեւորումներ, որոնք սովորաբար լինում են բազմասերիանոց հեռուստանովելներում»,-մեզ հետ զրույցում նշեց Աշոտ Տեր-Մաթեւոսյանը՝ հավելելով, որ նոր դերասանների ընտրությունը կատարվել է կաստինիգի միջոցով:
Անդրադառնալով սերիալի անվանը՝ մեր զրուցակիցն ընդգծում է՝ որքան այն պարզ է, նույնքան էլ խորիմաստ է. ««Բռնի՛ր ձեռքս» բառակապակցությունն ամեն մեկը կարող է յուրովի ընկալել, հասկանալ այնպես, ինչպես ցանկանում է, բայց գլխավոր գաղափարը նեղության պահին, ինչ-որ մեկին ճահճից հանելու, միասնական լինելու, միմյանց նեցուկ լինելու մասին է»:
Հետաքրքիրն այն է, որ այս հեռուստասերիալում Աշոտը եւ Սոֆյան նույնպես խաղում են, բայց ավելի երկրորդական դերերում:
«Ինչպես նշեցի, դերասանական թիմը հիմնականում նույնն է մնացել, միայն մեզ է միացել Լիա Զախարյանը, եւ թող ներեն նրանք, ում անունն այս պահին չեմ հիշում: Կարող եմ վստահ ասել, որ ունենք շատ լավ, ուժեղ դերասանական թիմ, որի շնորհիվ շատ վստահ առաջ ենք գնում»,- հավելում է մեր զրուցակիցը: Իսկ թե որքան կտեւի նոր հեռուստասերիալը, մեր զրուցակիցն ասաց, որ տեւողության մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ դեռեւս պարզ չէ, թե քանի սերիալից բաղկացած կլինի այն:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է
Արա Թարվերդյանն ազատվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից:
Այս մասին հայտարարություն է զետեղվել ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
«Հիմք ընդունելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս.թ. հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի հրամանով՝ ս.թ. հոկտեմբերի 14-ից Ա. Թարվերդյանն ազատվել է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Արա Թարվերդյանին ճանաչում եմ 2017 թվականից, երբ ես Հայաստանի Զբոսաշրջության հիմնադրամի տնօրենն էի, մենք շատ սերտ համագործակցում էինք։ Թարվերդյանին ճանաչել եմ՝ որպես իր գործի հանդեպ պատասխանատու, պրոֆեսիոնալ կառավարչի։ Պատկերացնելով այս կառույցի ռազմավարական նշանակությունը՝ պատկերացնում եմ նաեւ, թե անցած տարիների ընթացքում ինչ մտավոր ներուժ է դրվել այս գործն առաջ տանելու համար։ Թարվերդյանի կենսագրությունը չի սկսվել այս պաշտոնավարմամբ, եւ, վստահ եմ, որ չի ավարտվում պաշտոնավարման դադարեցմամբ։ Ուզում եմ ԿԳՄՍ նախարարության անունից շնորհակալություն հայտնել այս տարիների աշխատանքի համար, որովհետեւ գրանցվել են լուրջ ձեռքբերումներ, արդյունքներ, եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում»,- իր խոսքում, մասնավորապես, ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Թարվերդյանը եւս շնորհակալություն է հայտնել նախարարության գործընկերներին, որոնց հետ աշխատել է իր պաշտոնավարման ընթացքում։ Կազմակերպության ղեկավարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՊՈԱԿ-ի անձնակազմին՝ արգելոց-թանգարանների, մարզային ծառայությունների եւ մյուս գործընկերներին, ովքեր, իր բնորոշմամբ, իրենց գործի նվիրյալներն են։
«Կազմակերպության գործունեությունն անխափան է համավարակի, 44-օրյա պատերազմի ընթացքում։ Վստահ եմ, որ այդպես կլինի նաեւ ցանկացած իրավիճակում», – եզրափակել է Արա Թարվերդյանը։
Թարվերդյանը ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները ստանձնել էր 2017 թվականից:
ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆ ԱՃԵԼ Է
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ իսպանական «Կադիս»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն աճել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Transfermarket-ի թարմացված ցուցակում Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերն այժմ գնահատվում է 1,2 միլիոն եվրո: Վերջին թարմացումից առաջ Հարոյանի տրանսֆերն արժեր 900 հազար եվրո. այն աճել է 300 հազար եվրոյով:
ԴՈՒՐՍ ՄՆԱՑ
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ինդիան Ուելսի «Մասթերս» մրցաշարից: Թենիսի Մաստերս կարգի այս մրցաշարի 1/8 եզրափակիչում Խաչանովը մրցեց վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիի հետ եւ 1 ժամ 57 րոպե ձգված մրցախաղում զիջեց 6։4, 7։6 (8:6) հաշվով։ Բասիլաշվիլիի հաջորդ մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը: Ինդիան Ուելսի մրցաշարը համարվում է Մաստերս 1000 կարգի մրցաշար: 2020 թվականին այն չանցկացվեց Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոն Դոմինիկ Տիմն է, իսկ կանանցը` Բիանկա Անդրեսկուն:
ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Ճապոնիա, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը: Հայաստանի ընտրանին 2021 թվականի աշխարհի առաջնությանը կմասնակցի հետեւյալ կազմով` Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Գագիկ Խաչիկյանը: Ընտրանու մարզիչը կլինի Հայկ Նազարյանը: Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին եւ կեզրափակվի 24-ին: Ճապոնիայում նախատեսված սպորտային եւ գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունները կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ: Որոշումը համատեղ կայացրել են մարզաձեւի միջազգային եւ առաջնությունների կազմկոմիտեները:
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆուտբոլային լեգենդների հավաքականի կազմում Պուասիում կմասնակցի բերեգործական հանդիպման։ Նրա հետ հենակետային կիսապաշտպանի դիրքում կլինի լեգենդար ֆուտբոլիստ Ռուդի Գարսիան։ Կենտրոնական պաշտպանի դիրքում կլինի Լոնդոնի «Արսենալի» լեգենդար գլխավոր մարզիչ, այժմ ՖԻՖԱ-ի ֆուտբոլի գլոբալ զարգացման դեպարտամենտը ղեկավարող Արսեն Վենգերը։ Լեգենդների թիմում կլինեն հռչակավոր ֆուտբոլիստներից նաեւ Կրիստիան Կարամբյոն, Սոնի Անդերսոնը, Ռոբեր Պիրեսը, Սիդնեյ Գովուն, Մաթյո Բոդմերը, Ալեն Ժիրեսը: Ֆուտբոլային լեգենդները կխաղան «Պուասի Սեն Ժերմեն ան Լե» հիվանդանոցի բժիշկների հավաքականի հետ։