Հայաստանյան որոշ բուժհաստատություններում եւ ախտորոշիչ կլինիկաներում ՊՇՌ թեստի հետազոտության արժեքը շարունակում է բարձր մնալ: Այն սկսում է 8000 դրամից եւ հասնում մինչեւ 15 000 դրամի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ որոշ բուժհաստատությունների լաբորատորիաներ այս ընթացքում խիստ ծանրաբեռնված են աշխատում եւ ՊՇՌ թեստի հետազոտության պատասխանը մի քանի օր հետո են տռրամադրում, այդ պատճառով առիթից օգտվում են մյուս բուժհատստատությունները եւ չեն նվազեցնում թեստի գինը:
Երեկ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վարդանանց ԲԿ-ն թեստի պատասխանը տրամադրում է հանձնելուց 4 օր անց, արժեքն է 9500 դրամ, իսկ «Դիագեն»-ը՝ մեկ օր անց, 15000 դրամ: «Նոր Մեդ»-ից փոխանցեցին, որ իրենց մոտ 8000 դրամ արժե ՊՇՌ թեստի հետազոտությունը: Ի դեպ, «Էկոսենս»-ում ՊՇՌ թեստի հետազոտության գինը սկսկում է 10000 դրամից:
Սա դեռ ամենը չէ. տեղեկացնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հաշվի առնելով կորոնավիրուսից մահվան դեպքերի աճն ու պատվաստումների նվազ ցուցանիշը, հնարավոր է առաջիկայում պարտադիր թեստավորման 14-օրյա ժամկետը դարձնել 10 օր, այսինքն՝ ամսական 3 անգամ: Սռտացվում է, որ քաղաքացիները ստիպված են լինելու ամսվա մեջ երեք անգամ թեստ հանձնել: Եթե նրանք թեստավորման տարբերակն ընտրեն, ապա դա իրենց գրպանին մեծ հարված կհասցնի: Եթե, այնուամենայնիվ, առողջապահության նախարարությունը որոշի պարտադիր թեստավորումն ամսվա մեջ երեք անգամ դարձնել, ապա քաղաքացին յուրաքանչյուր ամիս ստիպված է լինելու ծախսել 24 հազար դրամ, իհարկե եթե նա ընտրի 8000 դրամանոց թեստը:
Բայց կան բուժհաստատություններ, որտեղ ՊՇՌ թեստ հանձնելու արժեքը 15000 դրամ է կազմում, այսինքն երեք անգամ թեստավորվելու դեպքում՝ 45000 դրամ կծախսվի, իսկ 9500 դրամանոց թեստի դեպքում՝ 28 հազար 500 դրամ: Համաձայնեք, որ համատարած այս թանկացումների ֆոնին յուրաքանչյուր ամիս այդքան գումար թեստավորման համար ծախսելը, արդարացի չէ:
Ս.Հ.