«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու նպատակով ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
«Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբեր 26-ին սկսվող հերթական նիստերում»,-նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
Քննիչ հանձնաժողովի նախագահն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշման տակ ստորագրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները։
Իսկ ինչու նման անհրաժեշտություն առաջացավ. նախորդ տարվա նոյեմբերին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չէ, մի մասն էլ պատերազմի ընթացքում տրամադրվել է Կառավարությանը։ Այս հայտարարությունը շահարկումների առիթ դարձավ և մեղադրաքներ հնչեցին հիմնադրամի հասցեին՝ նվիրատուների վստահությունը չարաշելու վերաբերյալ։ Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել է կառավարությանը։